Գերմանիայի քաղաքական մազոխիզմը

Գերմանացիները ափսոսում են գրագողության մեջ մեղադրանքների պատճառով հրաժարական տված կրթության նախարար Անետե Շավանի ատենախոսության շուրջ սկանդալի կապակցությամբ, ամերիկյան New York Times պարբերականում հրապարակած իր հոդվածում գրում է Աննա Զաուերբրեյը, որը խմբագիր է գերմանական Der Tagesspiege պարբերականում։ «Քաղաքագետներն ու գիտական շրջանների ներկայացուցիչներն ուշադրություն են հրավիրում Շավանի փորձի վրա և գովաբանում են նրա ձեռքբերումները»,- պարզաբանում է հեղինակը։

Սակայն, վերլուծաբանի կարծիքով, սկանդալը դրական դեր է խաղացել՝ հանգեցրել է այն մտքին, որ Գերմանիան տենչում է սկանդալների ու բարոյական ինքնախարազանման, և դա առաջ է բերում քաղաքական մշակույթի դանդաղ ճգնաժամ։

«Հատկանշական է, որ Գերմանիայում քաղաքական գործիչների կողմից չարաշահումների լուրջ դեպքեր չեն եղել»,- կարծում է հեղինակը։ Վերջին՝ իսկապես աղաղակող դեպքը տեղի է ունեցել 1999թ․․ նախկին կանցլեր Կոլն ու Քրիստոնեա-դեմոկրատական միության մյուս ակնառու անդամները խոստովանեցին, որ ապօրինի նվիրատվություններ են ընդունել կուսակցության հիմնադրամ։

«Այս ֆոնին վերջին սկանդալները մանկական թոթովանք են»,- նկատում է հեղինակը։ Այսպես, առողջապահության նախարար Ուլա Շմիդտը մեկնել էր հանգստանալու Իսպանիա ծառայողական մեքենայով։ Գերմանիայի նախագահ Վուլֆն ընդունել էր այնպիսի նվերներ, ինչպիսին են խաղալիք մեքենան և հյուրանոցային համարի դիմաց վճարումը։ Սակայն Վուլֆը ստիպված էր հրաժարական տալ, իսկ ատենախոսության գրագողության մեջ բռնված պաշտպանության նախարար Կառլ Թեոդոր ցու Գուտենբերգը՝ անգամ տեղափոխվել Միացյալ Նահանգներ։

Ինչ վերաբերում է Շավանին, ապա նրան զրկեցին գիտական աստիճանից այն բանից հետո, երբ «ինչ-որ բլոգեր ուշադրություն հրավիրեց ատենախոսության ծանոթագրությունում սխալ վերագրումների համար» (հեղինակի ձևակերպում)։ Ընդամենը ծանոթագրությունում, ընդգծում է հեղինակը։

Որքան էլ պարադոքսալ է, սկանդալների դեֆիցիտը միայն ամրապնդում է քաղաքական համակարգի նկատմամբ անվստահությունը, կարծում է հեղինակը։ Արդեն տասնյակ տարիներ Գերմանիան օրինավոր մարդկանց երկիր է, սակայն շատ գերմանացիներ վստահ են, որ յուրաքանչյուր մարդու մեջ, հատկապես՝ քաղաքականությունում, թաքնված արատ կա։ Քաղաքացիները բնազդաբար փնտրում են ապացույցներ և երկրի նվաճումներով հպարտանալու փոխարեն՝ կշտամբում են ղեկավարությանը և նեղանում։

«Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե չլինեին կործանարար հետևանքները․ ավելի ու ավելի նվազ թվով տաղանդավոր գերմանացիներ են մտնում քաղաքականություն»,- եզրահանգում է հեղինակը։

Մեկնաբանել