Պարօլիմպիական խաղերի չեմպիոնը սխալմամբ սպանել է ընկերուհուն

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՀ-ը ներկայացնող աթլետ, Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակից Օսկար Պիստորիուսը մեղադրվում է Յոհաննեսբուրգում գտնվող սեփական տանն իր ընկերուհուն սպանելու մեջ: Նշվում է, որ մարզիկը գիշերը հրաձգային զենքով սպանել է իր ընկերուհուն՝ նրան դնելով թալանչու տեղ, մինչդեռ ընկերուհին ցանկացել է անակնկալ մատուցել Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ:

Պարօլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն Պիստորիուսը ձերբակալվել է տեղի ոստիկանության կողմից: Նշվում է, որ Պիստորիուսի ընկերուհի, նախկին մոդել Ռիվա Սթինկամպը մահացել է գլխին և ձեռքին ստացած հրազենային վերքերից: Մոդելը մարզիկի հետ հանդիպում էր դեռ նախորդ տարվա նոյեմբերից և երեկ Twitter-ում գրել էր, որ ցանկանում է անակնկալ նվեր մատուցել մարզիկին՝ Վալենտինի օրվա կապակցությամբ:

Ոստիկանությունը ենթադրյալ հանցանքի վայրում հայտնաբերել է 9 միլիմետր տրամաչափի ատրճանակ: Պիստորիուսն արդեն իսկ տվել է առաջին ցուցմունքները: Պիստորիուսն առաջին մարզիկն է, ով Օլիմպիական խաղերում հանդես է եկել պրոթեզավորված երկու ոտքով:

5 տարի առաջ Պիստորիուսը շահել է Թեթև աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի (IAAF) դեմ դատը: Վերջինս կարծում էր, թե պրոթեզներն առավելություն են տալիս նրան: Պիստորիուսը սահմանել է մի շարք համաշխարհային ռեկորդներ:

Մեկնաբանել