ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանն այսօր հրաժարվել է ընդունել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ առաքելություն իրականացնող դիտորդներին` ի գիտություն ընդունելով այն փաստը, որ ՀՀ նախագահական ընտրությունների հաջորդ օրը ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցում փետրվարի 18-ի ընտրությունները որակվեցին մեկ քայլ առաջ, հաղորդում է Galatv.am-ը:
Դիտորդները, որոնք նախընտրական շրջանում և ընտրությունների օրն աշխատել են Շիրակի մարզում և այդ ընթացքում մի քանի անգամ այցելել են ԳԱԼԱ հեռուստաընկերություն՝ նաև փետրվարի 18-ի գիշերը, երբ հարձակման թիրախում էր ԳԱԼԱ-ի պաշտոնական կայքէջը, ցանկանում էին ՀՀ-ից մեկնելուց առաջ կրկին հանդիպել ԳԱԼԱ-ի սեփականատիրոջ հետ: Սակայն Վահան Խաչատրյանն այս անգամ մերժել է հանդիպելու նրանց խնդրանքը:
«Այն բանից հետո, երբ նրանք նախնական զեկույց հրապարակեցին՝ «ընտրությունները» որակելով մեկ քայլ առաջ, ես որոշեցի այլևս ժամանակ չտրամադրել այդ պատվիրակությանը: Ես գիտեի, որ նման բովանդակությամբ զեկույց են հրապարակելու և նախապես, մեր հանդիպումներից մեկի ժամանակ, նրանց ևս ասել եմ այդ մասին: Ընտրախախտումների մասին հեռուստաընկերության և կայքէջի լուսաբանումներից հետո, երբ դիտորդները եկել էին ծանոթանալու ԳԱԼԱ-ի աշխատանքին, ես նրանց ասել եմ, որ մեր ներքին խնդիրները մենք ենք կարգավորելու և ես առանձնապես իրենց հետ հույսեր չեմ կապում: Առաջարկել եմ նաև զեկույցի իրենց վերջնական տեքստը հենց մեր այդ հանդիպման ժամանակ գրել, քանի որ նախապես տեղյակ էի, թե վերջում պաշտոնական ինչ հայտարարություն են հնչեցնելու: Նախապես արդեն գիտեի, որ ամեն ինչ տեսնելու և լսելու են, իսկ վերջում հայտարարելու են, որ ընտրական այս գործընթացը մեկ քայլ առաջ էր: Բայց մեր առաջին հանդիպման ժամանակ նրանք այլ բան էին վստահեցնում, թե իբր ճշգրիտ և օբյեկտիվ ինֆորմացիա են տալու իրենց ղեկավարությանը»,- ասել է Վահան Խաչատրյանը:
Նրա խոսքով` Շիրակի մարզում աշխատող դիտորդները տեղյակ են եղել Գյումրիում նախընտրական շրջանում և ընտրությունների օրը գրանցված բոլոր խախտումներից: ԳԱԼԱ-ում նրանք նաև ծանոթացել են մի շարք փաստերի ու ապացույցների հետ (տեսանյութերի և ձայնագրությունների տեսքով), որոնք անգամ հասանելի չեն եղել ոստիկանությանը:
«Ընտրություններից առաջ և բուն օրը մի քանի անգամ նրանք այցելել են հեռուստաընկերության գրասենյակ և անհամամատ ավելի շատ տեղեկություններ ունեին, քան հրապարակվել է: Անգամ, երբ ԳԱԼԱ-ի պաշտոնական կայքէջը հարձակման էր ենթարկվել, նրանք այցելեցին մեր գրասենյակ: Եվ այսքանից հետո, երբ պարզ դարձավ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների նախնական զեկույցի բովանդակությունը, նրանց հետ հանդիպելու ցանկություն, բնականաբար, այլևս չունեի»,- եզրափակել է Վահան Խաչատրյանը: