Ալմաթիում ավարտվել են Իրան-«վեցյակ» բանակցությունները

Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում ավարտվել են Իրանի և նրա միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա) միջև փետրվարի 26-ին մեկնարկած բանակցությունները։ Թեհրանը չի փոխել իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ որևէ մեկն իրավունք չունի Իրանին զրկել ուրան հարստացնելու իրավունքից, հաղորդում է Euronews-ը։

Այդուհանդերձ, «վեցյակին» ու Իրանին հաջողվել է համաձայնության գալ փորձագետների մակարդակով շփումները շարունակելու շուրջ։ Հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում մարտի 17-18-ին։ Իրան-«վեցյակ» բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա ապրիլի 5-6-ին Ալմաթիում։

Հայտնի է դարձել, որ Ղազախստանում «վեցյակն» Իրանին լուրջ առաջարկ է արել՝ մեղմել պատժամիջոցները՝ ուրանի՝ մինչև 20% հարստացումից հրաժարվելու դիմաց։

Հիշեցնենք՝ միջազգային հանրությունը մտավախություն ունի, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում։ Թեհրանն իր հերթին վստահեցնում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում։

Մեկնաբանել