Ուժի մեջ է մտել Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզայի տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը

2014-ի  հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ԵՄ և ՀՀ միջև Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը:

Վիզայի տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը կազմված է չորս բաժնից`1. Վիզային վճար, 2. Բազմակի մուտքի երկարատև վիզաների տրամադրման կարգ, 3. Ներկայացվելիք փաստաթղթեր, 4. Դիմումների քննման տևողություն:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը հրապարակել է ամենակարևոր փոփոխությունները, որոնք ներկայացված են ստորև:

1․ Վիզայի վճարը.

Վիզայի վճարը 60 եվրոյից նվազեցվել է 35 եվրոյի (վճարումը պետք է կատարվի դեսպանությունում տվյալ պահին գործող եվրոյի կուրսին համարժեք ՀՀ դրամով)։

Դրան զուգընթաց դիմողների հետևյալ կատեգորիաները լիովին ազատվում են վիզայի վճարից

  • դպրոցականները, ուսանողները և ուղեկցող ուսուցիչները, ովքեր ճամփորդում են ուսման կամ կրթական փոխանակման ծրագրերի շրջանակում
  • Շենգենյան համաձայնագրի անդամ պետություններում օրինական կերպով բնակվող ՀՀ քաղաքացիների կամ Եվրոպական միության քաղաքացիների մերձավոր ազգականները (ամուսին, կին, երեխա, ծնող, տատիկ, պապիկ, թոռ)
  • թոշակառուները
  • 12 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաները
  • պաշտոնական պատվիրակությունների անդամները և գործնական նպատակներով ճամփորդող ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորները
  • լրագրողները և նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմը
  • միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցները և նրանց ուղեկցող անձնակազմը (մարզիչներ, բժիշկներ և այլն)
  • քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր ճամփորդում են արտերկրում գործող հայկական հանրային շահ հետապնդող ոչ առևտրային կազմակերպությունների հրավերով
  • գիտության, կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում փոխանակման ծրագրերի մասնակիցները
  • հաշմանդամության կարգ ունեցող անձինք և նրանց ուղեկցողները

Վիզայի դիմումի հետ հարկ է ներկայացնել վերը նշված կատեգորիաներին պատկանելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր։

2․Բազմակի մուտքի երկարատև վիզաների տրամադրման կարգը

1 տարի և ավել ժամկետով վիզաների դյուրացված կարգով տրամադրումը հնարավոր է՝

  • գործարարների համար, որոնք հաճախակի ճամփորդում են Շենգենյան համաձայնագրի երկրներ
  • բուժման նպատակով Գերմանիա կանոնավոր այցելության կարիք ունեցող անձանց համար
  • քույր քաղաքների կողմից կազմակերպված փոխանակման ծրագրերի մասնակիցների համար
  • դպրոցականների, ուսանողների և ուղեկցող ուսուցիչները համար, որոնք ճամփորդում են ուսման կամ կրթական փոխանակման ծրագրերի շրջանակներում
  • լրագրողների և նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմի համար
  • միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցների և նրանց ուղեկցող անձնակազմի համար (մարզիչներ, բժիշկներ և այլն)
  • քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար, որոնք ճամփորդում են արտերկրում գործող հայկական հանրային շահ հետապնդող ոչ առևտրային կազմակերպությունների հրավերով
  • գիտության, կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում փոխանակման ծրագրերի մասնակիցների համար
  • պաշտոնական պատվիրակությունների անդամների համար

Դյուրացված կարգով առավելագույնը 5 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի վիզա հնարավոր է տրամադրել

  • Շենգենյան համաձայնագրի անդամ պետություններում օրինական կերպով բնակվող ՀՀ քաղաքացիների կամ Եվրոպական միության քաղաքացիների մերձավոր ազգականներին (ամուսին, կին, 21 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխա, ծնողներ)
  • Պաշտոնական պատվիրակության անդամներին և գործնական նպատակներով ճամփորդող ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորներին։

3․ Ներկայացվելիք փաստաթղթերը

Երևանում Շենգենյան համաձայնագրի անդամ երկրների ներկայացուցչությունները ներկայումս աշխատում են վիզայի համար դիմելու գործընթացում ներկայացվելիք փաստաթղթերի միասնական ցանկ ստեղծելու վրա։ Մասնավորապես ճամփորդության նպատակը հիմնավորող փաստաթղթերը պետք է միասնականացվեն։

4․ Դիմումների քննման տևողությունը

Շենգենյան (= C կատեգորիայի) վիզայի տրամադրման համար ներկայացված դիմումի քննությունը պետք է ավարտվի առնվազն 10 օրացուցային օրերի ընթացքում։ Առանձին դեպքերում քննման տևողությունը կարող է երկարաձգվել մինչև 30 օրացուցային օր։ Վիզայի դիմումը հանձնելու համար պայմանավորվածություն ձեռք բերելու սպասելաժամկետը սկզբունքորեն չպետք է գերազանցի 2 շաբաթը։

Հայաստանում 2013թ. հունվարի 10-ից ուժի մեջ է մտել Եվրամիության անդամ և Շենգենյան դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ պետությունների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի միակողմանի վերացման մասին որոշումը: Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը վավերացրել էր Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագիրը:



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ