Դովեղ. կյանքը կրակոցների տակ

Գոհար Ազատյանը Նոյեմբերյանի Դովեղ գյուղի քսան տարվա հարս է: Գյուղում ապրում է ամուսնու հետ: Երեխաներն այս տարվա սեպտեմբերից տատի ու պապի հետ տեղափոխվել են Երևան՝ կրթությունը շարունակելու: Աղջիկը մշակութաբանություն է ուսանում, տղան ընդուվել է երաժշտական ուսումնարան:

Դովեղում դժվարություններ շատ կան, չկան աշխատատեղեր: Անասնապահությամբ քիչ են զբաղվում՝ արոտավայրերը նշանառության տակ են: Գոհարն ասում է՝ երեք-չորս խոզ պահելը խոզաբուծություն չի կարելի համարել: Դա կարող ես այլ աշխատանքի հետ համատեղել, ինչպես իր դեպքում է: Դովեղի նախակրթարանում դաստիարակչուհի է աշխատում, փոքր տնտեսություն ունեն՝ խոզ ու հավ են պահում, նաև մեղվապահությամբ զբաղվում:

Մինչև այդ տարի ունեցել են երկու փեթակ: Ընտանիքի սոցիալական կացության պատճառով ընդգրկվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի «Տնտեսական ապահովության ծրագրեր սահմանամերձ բնակչության համար» ծրագրում, որի շրջանակում նրանց տրամադրվել են նոր փեթակներ: Այժմ երկուսի փոխարեն ունեն տասներկու փեթակ:

«Մեր տեղը հարմար ա մեղվաբուծության համար, տեսեք ինչքան կանաչ կա, քարի տաքությունից ա երևի: Էստեղ ձմռանն էլ ձյունը շուտ հալվում ա, ու կանաչը դուրս ա գալիս»,- ասում է Գոհարը: Մեղրի իրացման խնդիր չկա, քանի որ շատ մեղր դեռ չեն ստանում, բայց ցանկություն ունեն փեթակները շատացնել:

«Գյուղում ապագա չկա, զբաղվածության կենտրոն չկա, երեխաների համար զբաղմունք չկա», – ասում է Գոհարը: Նրա երեխաները յոթ տարի շարունակ գնացել են Նոյեմբերյան` երաժշտական դպրոցում սովորելու: Դովեղը Նոյեմբերյանից հեռու է չորս կիլոմետր: Հանրային տրանսպորտ չի գործում: Գյուղից մեքենայով Նոյեմբերյան գնացողները, ճիշտ է, մարդկանց վերցնում են ճանապարհին, բայց տեղափոխման խնդիրը կա:

Գոհարը պատմում է, որ Դովեղի բնակչության մեծ մասը տեղափոխվել է: Մնացողների մի մասն էլ արտագնա աշխատանքի է մեկնում: Բնակչության թիվը կրճատվել է հատկապես վերջին տարիներին՝ պարբերական կրակոցներից հետո: Մինչև կրակոցները գյուղի դպրոցում հարյուրից ավելի երեխա է սովորել, այժմ աշակերտների թիվը նվազել, դարձել է վաթսուն:

«Ծերացող գյուղ է, բուհ գնացող, սովորողներն էլ հետ չեն գալիս»,- ասում է Գոհարն ու ավելացնում, որ չի ուզի իր երեխաները ուսման ավարտից հետո վերադառնան, բայց ինքն էլ չի ուզի տեղափոխվել: Մի քանի տարի Ռուսաստանում է ապրել, ասում է դրսի կյանքը չի սիրում. «Դժվար ա թողնել ամեն ինչ` տուն-տեղ, գնալ, զրոյից սկսել: Եթե տուն չունենայի, առանց մտածելու, միանշանակ կգնայի»:

Գոհարն ասում է՝ եթե կրակոցներ չլինեն, Դովեղը լավ գյուղ է, գազով ապահովված, ջրի խնդիր չկա, ճանապարհները նորմալ են, Նոյեմբերյանին մոտ է, կլիման լավն է: Միայն թե վերջին տարիների կրակոցները թարմացրել են մարդկանց` պատերազմի հիշողությունները:

Գոհարենց տունը գյուղի վերջին տներից է, դպրոցը հեռու է, ճամփան էլ՝ վտանգավոր: Ասում է, կրակոցների ժամանակ երեխաներին դպրոց չէր ուղարկում, մինչև վիճակը մի քիչ հանգստանար. «Երբ կրակահերթը սկսվում էր, հնարավոր չէր տնից դուրս գալ, մանավանդ մեր տնից: Ամեն տեղ ընկնում էր` մեր այգում, ճամփեքին: Ավելի լավ էր տանը մնալ»:

Ասում է՝ երբ կրակոցները մշտապես լսում ես, արդեն կարծես սովորական է դառնում: Հիշելով կրակահերթերը` պատում է, որ ոչ այնքան կրակոցների, որքան դրանց դադարների ժամանակ էր անհանգստանում. «Կրակոցից չէի վախենում էնքան, ինչքան որ լսում էի, կարդում, որ սահմանը խախտել են, բոլորին հարցնում էի՝ հնարավո՞ր ա՝ մեզ մոտ էլ անցնեն, գան: Հիմա, որ կրակոցրեր չկան, վախն էլ ա քչացել»:

Գոհարը ադրբեջանցի որևէ ծանոթ չունի, չի էլ պատկերացնում այս երկու ժողովուրդների հաշտեցման հնարավորությւոնը. «Ես չեմ պատկերացնում, որ կգա մի ժամանակ, երբ ադրբեջանցին ու հայը նորից կլինեն այսպես ասած եղբայրներ: Ինձ թվում ա՝ սա էսպես շարունակվելու ա։ Մի քիչ կուժեղանա, մի քիչ կթուլանա.. ես վերջը չեմ տեսնում»:

Արշալույս Բարսեղյան

Լուսանկարները՝ Մարգերիտա Սիմոնա Մարսիայի (Margherita Simona Marcia)

Մեկնաբանել