Գագիկ Եգանյանը պարզաբանում է օտարերկրացիների մասին ՌԴ օրենքի փոփոխությունները

Հայաստանի Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում դժվարացավ նշել, թե 2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ մտած «ՌԴ-ից  ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարեկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունների [որոնց համաձայն` այդ երկիր առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների քաղաքացիներն այսուհետ 180 օրվա ընթացքում ՌԴ-ում կարող են գտնվել միայն 90 օր] ազդեցությունը հայ միգրանտների վրա:

«Դժվար է ասել, թե որքան մարդ է նախկին ռեժիմով իր բնակության հարցերը կարգավորել, ինչից ելնելով էլ բարդ է ասել, թե քանի անձի վրա դա ազդեցություն կունենա»,- ասաց Եգանյանը:

Մյուս կողմից` ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ռուսաստանում 2013թ. հուլիսից ի վեր ընդունված ցանկացած նմանատիպ նոր մոտեցում նպատակ ունի արգելել մարդկանց մուտքն այդ երկիր: Օրենքում նոր փոփոխությունները պատկերավոր բացատրելու նպատակով Եգանյանը նշեց, որ եթե նախկինում  վարչական օրենսդրության նորմերը խախտելու համար չէր արգելվում օտարերկրացիների մուտքը ՌԴ, ապա ներկայում անգամ երթևեկության կանոնների խախտումը կարող է հիմք ծառայել դրա համար:

«Եթե նախկինում ոչ վիզային երկրների քաղաքացիները Ռուսաստանում կարող էին մնալ 90 օր` 365 օրվա ընթացքում, ապա ներկայում այդ ժամկետը դարձել է 180 օր: Եթե նախկինում, չունենալով կացության կարգավիճակ, 90-րդ օրը կարող էին հատել սահմանը և կացության կարգավիճակ ապահովել, ապա մեր մեկնաբանությամբ` օրենքների փոփոխությունն ուղղված է այս պրակտիկան դադարեցնելուն»,- նկատեց Միգրացիոն պետական ծառայության պետը:

Սահմանված նոր կարգը խախտողների համար մուտքը Ռուսաստան արգելվում է 3 տարով:



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ