Ֆինանսների նախարարությունը ՊԵԿ-ում խախտումներ է հայտնաբերել

Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյան։

Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության իրականացրած 85 ստուգման և ուսումնասիրության արդյունքում 2013թ. ընթացքում վերականգնվել են 2,3 մլրդ դրամի պետական միջոցներ։ Նախարարության կողմից վեց գործ ուղարկվել է գլխավոր դատախազություն, որոնցից հինգի գծով հարուցվել են քրեական գործեր, պատասխանատու պաշտոնատար անձանց առաջադրվել են մեղադրանքներ:

Հունվարի 17-ին հրավիրված ասուլիսին ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը ասաց, որ անցած տարրի տեսչությունն իրականացրել է 65 ստուգում, այդ թվում, ծրագրային՝ 29, իրավապահ մարմինների պահանջով՝ 27, վարչապետի հանձնարարականներով՝ 9, ինչպես նաև 20 ուսումնասիրություն: 2013-ին հիմնական շեշտը դրվել է առավել բարձր ռիսկային ոլորտներում ստուգումների և ուսումնասիրությունների իրականացման վրա։

Տեսչությունը ռիսկային է համարել, մասնավորապես, պետբյուջեի «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ» և «Հղիության և ծննդաբերության նպաստ» ծրագրերով կատարված ծախսերը: Սոնա Ղարիբյանի խոսքով՝ 2013թ. պետբյուջեն այս երկու ծրագրերի ֆինանսավորման համար նախատեսել էր 6 մլրդ դրամ, սակայն տարվա երկրորդ կեսից պարզվել է, որ նպաստների գումարների կտրուկ աճ է տեղի ունեցել և ծրագրված միջոցները կարող են չբավարարել։

Ժամանակավոր անաշխատունակության, այսինքն՝ հիվանդության դեպքում, կամ հղիության և ծննդաբերության դեպքում նպաստը՝ բյուլետենի գումարը, վճարվում է պետբյուջեից և որպեսզի պետությունը այդ նպաստի գումարները փոխհատուցի՝ տնտեսվարողը Պետական եկամուտների կոմիտեին համապատասխան հաստատված ձևով հաշվետվություն է ներկայացնում վարձու աշխատողների եկամտի չափի, պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարի և անաշխատունակության՝ բյուլետենի գումարի վերաբերյալ:

Ուսումնասիրելով այս բնագավառը ֆինանսական վերահսկողության տեսչությանն արձանագրել է, որ ՊԵԿ-ի կողմից խախտվել են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման» կառավարության կարգի պահանջները և Սոցիալական ծառայությանը ներկայացրած գումարների վճարման հայտերի պետբյուջեից փոխհատուցման ենթակա բյուլետենների գումարներում ներառվել են նաև գործատուների միջոցների հաշվին վճարված նպաստների գումարները:

«Արդյունքում 2013թ. հունվար-հունիսին կոմիտեի կողմից ծառայությանը ներկայացված «Հղիության և ծննդաբերության նպաստ» և «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ» ծրագրերով փոխհատուցման ենթակա գումարներն ավելի է ներկայացվել 584,7 մլն դրամով»,- ասաց Ղարիբյանը:

Ընտրանքային կարգով ուսումնասիրություններ կատարելով ՊԵԿ-ի 19 հարկային տեսչություններում, բացահայտվել են դեպքեր, երբ օրինակ գործատուն վարձու աշխատողին աշխատանքի է ընդունել հղիության 6-րդ ամսում, աշխատողը ընդամենը մեկ ամիս աշխատելուց հետո ներկայացրել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ՝ բյուլետեն և այլևս չի գնացել աշխատանքի՝ արդյունքում պետությունից ստանալով 150 կամ 220 հազար դրամից ավել նպաստի գումար:

Ղարիբյանի խոսքով՝ թեև այստեղ օրենքի խախտումներ չեն եղել, սակայն այս բնագավառը գնահատվել է ռիսկային և արձանագրված փաստերը լրացուցիչ քննության ենթարկելու նպատակով ուսումնասիրությունների նյութերը՝ բաղկացած 338 թերթից, ուղարկվել են գլխավոր դատախազություն:

Ուշագրավ է, որ ասուլիսին Ղարիբյանը ավելի շատ կենտրոնացել էր «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ» և «Հղիության և ծննդաբերության նպաստ» ծրագրերում արձանագրված խախտումների և ՊԵԿ-ի թերացումների վրա, իսկ բացահայտմանը, որ ընդամենը երկու հարկային տեսչությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 600 մլն դրամի պարտավորություն պետբյուջե նկատմամբ, տեսչության պետն անդրադարձավ հպանցիկ։

Այսպես, ՊԵԿ-ի Վանաձորի և Նոր Նորքի հարկային տեսչություններում ուսումնասիրելով հարկ վճարողների գործերը (առանց հարկ վճարողի մոտ ստուգում իրականացնելու), արձանագրվել են «Շահութահարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքների պահանջների չապահովման, սահմանված պատժամիջոցների ոչ ճիշտ կիրառման խախտումներ, որոնք հիմնականում հետևանք են հարկային մարմինների լիազորությունների ոճ պատշաճ մակարդակով իրականացման։ Հարկային տեսչություններում հարկ վճարողների գծով ուսումնասիրությունների արդյունքներով ձևավորվել է 600 մլն դրամից ավել լրացուցիչ հարկային պարտավորությունների գանձման խնդիր։

Ստացվում է, որ նման գումարի խնդիր է առաջացել մոտ 50 գործերի ստուգման արդյունքում, կամ մեկ գործի մասով միջինում՝ 10 մլն դրամի թերգանձում։ Հասկանալի է, ՊԵԿ-ի մյուս հարկային տեսչություններում նույնպես առկա են հարկերի թերգանձման ռիսկեր, սակայն ֆինանսական վերահսկողության տեսչությանը իր ուժերը չի կենտրոնացրել այս խնդիրների լուծմանը և ավելի շատ կենտրոնացել է հղիության նպաստների վրա։



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ