Վ.Բալասանյանն արձագանքել է Ժ.Սեֆիլյանի քաղաքացիության հարցին

Նրա դիրքորոշումը հստակ է. «Մեզ պարտադրված պատերազմում արցախցու կողքին կանգնած յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ունի Արցախի քաղաքացի դառնալու իրավունք»:

Վիտալի Բալասանյանի նախագահ ընտրվելու դեպքում առաջին քայլերից մեկը ԼՂՀ քաղաքացիության մասին օրենքի ընդունումն է լինելու: Օրենքը կենթադրի նաև երկքաղաքացիության ինստիտուտ: Անկախ օրենքի առկայությանը` Ժիրայր Սեֆիլյանին նախագահի հրամանագրով կշնորհվի Արցախի քաղաքացիություն:

Վիտալի Բալասանյանի համար այս հարցը նաև բարոյական կողմ ունի: Ժիրայրը հայրենիքից դուրս բնակվող հայերի այն ներկայացուցիչն է, ովքեր հայրենիքի վտանգի դեպքում իրենց նետեցին պատերազմի բոցերի մեջ: Մենք իրավունք չունենք նման տեսակը ոչնչացնելու:

Վիտալի Բալասանյանի` նախագահ դառնալու դեպքում, Արցախը դառնալու է մեր հայրենիքի այն մասը, որտեղ աշխարհի տարբեր երկրների հայորդիները հնարավորություն կունենան առանց արհեստական խոչընդոտների իրականացնել իրենց ներուժը:

Հիշեցնենք, որ «Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության» կոմիտեն, ներկայացնելով Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության մերժման հետ կապված պատմությունը, այսօր ԼՂՀ նախագահի երեք թեկնածուներին բաց նամակով հարցրել էր, թե ինչպես են նրանք վերաբերում Սեֆիլյանին ՀՀ և ԼՂՀ քաղաքացիություն չտալու հարցին, և ինչ կանեն իրենք` նախագահ ընտրվելու դեպքում:

Մեկնաբանել