Բացառիկ բարոյական նկարագրով քաղաքական գործչի կերպարը չի ընկալվում. Ռ.Հակոբյան

«Ժառանգության» և «Ազատ դեմոկրատներ»-ի միությունը միայն քաղաքական գործարք չէր, գաղափարական հիմք ուներ, և ես կուզեի, որ մեր համագործակցությունը շարունակվեր. «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց»-ի տաղավարում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ռուբեն Հակոբյանը:

Նա այս մասին չգիտի «Ազատ դեմոկրատներ»-ի կարծիքը. «Չե՞ք շփվում» հարցին պատասխանեց. «Չէ, շփվում ենք… բարևում ենք»: Շրջանառվող հեգնանքին անդրադառնալով՝ Ռ.Հակոբյանը նշեց. «Էստեղ սարեր շուռ տալու հարցեր չկան. էստեղ կա հարաբերություն, որը փորձ է արվում միջկուսակցական դարձնել, քաղաքական մեծ հնչեղություն տալ: Ես կուզեի, որ ճիշտ ընկալվեր. Էստեղ կա շատ բարոյական կեցվածք ունեցող մարդու և ինչ-որ տեղ բարոյականության հետ խնդիր ունեցող մարդու հակադրություն, և սրանով ավարտվել է ամեն ինչ: Եվ սրանով ասել, թե՝ բա սարեր պիտի շուռ տայիք, գետեր պիտի հետընթաց ուղղեիք, չեմ կարծում, որ կարիքը կա»:

Ըստ նրա՝ այս միավորմամբ «Ժառանգություն»-ը կատարել է «ռիսկային քայլ»՝ խախտելով 20-ամյա ավանդույթը՝ ձևավորել կարճաժամկետ քաղաքական միավորումներ ընտրություններից անմիջապես առաջ, որ շատ չանցած պիտի փլվեն: Այս անգամ, ըստ Հակոբյանի, հույս կար, որ գաղափարական հիմքի վրա կառուցված միավորումը երկարակյաց կլինի, սակայն «եղավ այն, ինչ եղավ»:

Հակոբյանը վստահ է, որ «Ժառանգություն»-ը խորհրդարան կգար նաև առանց դաշինքի, սակայն որոշեց միավորվել, որպեսզի ստեղծեր առավել լայն շրջանակ, և քաղաքական ներկապնակ բերեր նոր երանգներ: «Մեր իշխանությունը, մեր պետությունը շատ կուսակցականացված է, մենք փորձեցինք նոր լայն հարթակ ձևավորել, չստացվեց, մեկ ուրիշի մոտ գուցե ավելի լավ կստացվի: Ցանկացած դեպքում, ապագան երկարաժամկետ, գաղափարական հիմք ունեցող միավորումներինն է»,- ասաց նա:

Իր դիտարկմամբ՝վերջին օրերի աղմկոտ դեպքերը չէին կարող լինել «դավադիր ուժերի» ձեռքի գործը: «Ես հիմա մի գաղտնիք կբացեմ. չգիտեմ, նույնիսկ՝ արդյոք ճիշտ եմ անում: Ես և Զարուհի Փոստանջյանը դեմ էինք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բարձրաձայներ այս ամենի մասին, քանի որ առաջիկայում նախագահական ընտրություններ են: Սակայն նա ասաց, որ չի կարող այսօր իմանալ, որ մարդն, ով իր հետ քայլում է, խաբում է իրեն, ու շարունակել նրա հետ քայլել, ու այդ մարդու հետ միասին ընթանալ մինչև նախագահական ընտրություններ»,- ասաց Հակոբյանը՝ կրկին հավաստելով, որ ուղղակի հայաստանյան քաղաքական դաշտում դժվար է ընկալվում «բացառիկ բարոյական նկարագիր» ունեցող քաղաքական գործչի կերպարը:

Նշենք, որ հարցազրույցի ընթացքում Ռուբեն Հակոբյանը բազմիցս փորձեց խոսել հանրային հեռուստատեսության մասին վերջին օրերին ԱԺ-ում ընթացող քննարկումների և քննդատությունների մասին, և ի վերջո, հաջողեց ասել. «Երբ նախագահը բարձրացրեց ատկատների, մյուս խնդիրների հարցը, հեռուստատեսությունը նոր սկսեց ուշադրություն դարձնել դրանց ու ներկայացնել բոլորովին այլ ձևով՝ իբրև այդ խնդիրները որոշ մարդկանց հատուկ հոգածության տակ են: Եթե հեռուստատեսությունը ժամանակին ուշադրություն դարձներ այդ հարցերին, շատ ավելի թեթև կապրեր ժողովուրդը. հրավիրեք ինձ՝ այդ թեմայով խոսելու»: Հաղորդավարն ի պատասխան նշեց. «Հանրային հեռուստատեսությունն ինքն է ընտրում՝ ինչ թեմայով ում հրավիրի խոսելու, ինչպես ժառանգականներին, ասում են թե, ոչ ոք չի ասում, թե ինչ հարաբերություններ զարգացնեն ազատների հետ»:

Մեկնաբանել