Սիրիա. Անկարան Մոսկվային համագործակցություն է առաջարկում

Ankara-MoscowԹուրքիան Ռուսաստանին առաջարկել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծել` գործողությունների համակարգման և Սիրիայում ռուսական օդուժի առաջադրանքների կատարման ընթացքում հնարավոր միջադեպերի կանխման նպատակով. ռուսական լրատվամիջոցներին այս մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Նա տեղեկացրել է, որ այդ նպատակով Անկարայում ՌԴ դեսպանության ռազմական կցորդը հրավիրվել է Թուրքիայի պաշտպանության նախարարություն: Հանդիպման ընթացքում թուրքական պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները առաջարկել են քննարկել համատեղ աշխատանքային խմբի ստեղծման հարցը:

Հոկտեմբերի 3-ին ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը, որի առթիվ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ Թուրքիայի Հաթայ շրջանում [սահմանակից է Սիրիային – ՍիվիլՆեթ] F-16 տեսակի թուրքական երկու կործանիչներ հայտնաբերել են ռուսական ռազմական օդանավ: Միջադեպի առթիվ Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը կանչվել է ԱԳՆ՝ բացատրություն տալու: Ռուսական կողմը հաստատել է իր ռազմական ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտման դեպքը:

Երկու օր անց՝ հոկտեմբերի 5-ին, Թուրքիայի Գլխավոր շտաբը հաղորդել է Սիրիայի հետ սահմանին տեղի ունեցած մեկ այլ միջադեպի մասին. «F-16 տեսակի թուրքական տասը ինքնաթիռ [պատկանում են Թուրքիայի ռազմաօդային ուժերին – ՍիվիլՆեթ] թուրք-սիրիական սահմանին պարեկություն էին իրականացնում: Առաջադրանքի կատարման ժամանակ անհայտ պատկանելության MIG-29 տեսակի օդանավ 5 րոպե 40 վայրկյան իր թիրախում է պահել F-16 տեսակի մեր երկու ինքնաթիռները»:

Թուրք-ռուսական ճգնաժամ չկա. Դավութօղլու

Ռուսական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտման դեպքերի առնչությամբ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ելույթ ունենալով Habertürk TV-ով, հայտարարել է. «Ցանկացած ոք, ով խախտում է Թուրքիայի օդային տարածքը, անգամ թռչունները, կենթարկվի անհրաժեշտ գործողությունների»:

Դավութօղլուն կոչ է արել Ռուսաստանին ձեռնպահ մնալ նման խախտումներից:

«Մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ մենք բարեկամաբար կնախազգուշացնենք ցանկացած երկրի, որը խախտում է մեր սահմանները: Ռուսաստանը մեր ընկերն է և հարևանը: Թուրքիայի և Ռուսաստանի միջև այս առումով լարվածություն չկա: Սիրիայի հարցը թուրք-ռուսական հարաբերություններում ճգնաժամի պատճառ չէ»,- Hurriyet Daily News-ը մեջբերում է Թուրքիայի վարչապետին:

Ռուսաստանը կկորցնի Թուրքիայի պես ընկերոջը. Էրդողան

Միանգամայն այլ երանգ ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը. նա նախազգուշացրել է Մոսկվային, որ վերջինս կարող է կորցնել Անկարայի բարեկամությունը:

«Եթե Ռուսաստանը կորցնի Թուրքիայի պես ընկերոջը, որի հետ համագործակցում է բազմաթիվ ոլորտներում, նա շատ բան կկորցնի: Ռուսաստանը պետք է դա իմանա»,- սպառնացել է Էրդողանը:

Անդրադառնալով Թուրքիայի օդային տարածքի խախտման դեպքերին՝ Թուրքիայի առաջնորդն ասել է, որ «անհնար է համբերատար մնալ այս հարցում»: Նա նաև ողջունել է ՆԱՏՕ-ի դատապարտող արձագանքը Ռուսաստանի գործողություններին:

«Հարձակումը Թուրքիայի վրա հարձակում է ՆԱՏՕ-ի վրա, անհրաժեշտ է դա իմանալ»,- ասել է Էրդողանը:

***

Թուրքիան յոթ երկրներից մեկն է, որն անցյալ շաբաթ Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել ռազմական օպերացիան Սիրիայում:

Սեպտեմբերի 30-ին ռուսական ռազմաօդային ուժերը Սիրիայում՝ Լաթաքիայի ռազմակայանից, հասցրել են առաջին օդային հարվածները «Իսլամական պետության» դիրքերին: Նույն օրը՝ ավելի վաղ, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, միաձայն հավանություն է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ ռուսական զինուժն արտերկրում օգտագործելու վերաբերյալ: Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ ռազմական օգնության խնդրանքով Վլադիմիր Պուտինին դիմել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Դամասկոսը հաստատել է այդ տեղեկությունը:

Սեպտեմբերի 23-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների օրակարգի թիվ մեկ հարցը եղել է Սիրիան:

Մեկնաբանել