«Վերլուծությունը ցույց է տալիս՝ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա». Փաշինյան

«Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա»,- կառավարության սեպտեմբերի 28-ի նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա հայրենազրկման ու էթնիկ զտման ակտ է ու այն, ինչի մասին ահազանգում էինք միջազգային հանրությանը։ Միջազգային տաբեր խաղացողների կողմից դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրան չհետևեն կոնկրետ գործողություններ, ուրեմն այդ հայտարարությունները բարոյական հայտարարությունների վիճակագրության շարքին կդասվեն, որ հետագայում տարբեր երկրներ իրենց այս հանցագործությունից ֆորմալ տարանջատելու հնարավորություն ունենան՝ ասելով, թե մենք դատապարտել ենք»,- հայտարարեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ կառավարության առաջնահերթությունն է՝ հոգատար կերպով ընդունել բռնի տեղահանված արցախցի քույրերին ու եղբայրներին։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, որ ժամը 10:00-ի դրությամբ բռնի տեղահանվածների քանակը 66 500 է։ Այս անձանցից 11 000-ը պետության կողմից կեցավայրերով է ապահովվել։

Տիգրան Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում ֆինանսների նախարարությունը գանձապետական հաշվեհամար կունենա, որին կազմակերպություններն ու անհատ քաղաքացիները կարող են նվիրատվություն կատարել՝ բռնի տեղահանվածների կարիքների համար։

Մեկնաբանել