ՍիվիլՆեթի AI էթիկայի կանոնագիրը
ՍիվիլՆեթը Արհեստական բանականության (AI) էթիկայի այս կանոնագրով սահմանվում են այն սկզբունքները, որոնք թույլ չեն տա, որ մեդիա արտադրության բնագավառում AI տեխնոլոգիաների հարաճուն կիրառումը չխաթարի մասնագիտական և բարոյական չափանիշները և հանրության վստահությունը ՍիվիլՆեթի նկատմամբ։
Թափանցիկություն
Երբ AI համակարգերն օգտագործվում են նորությունների հավաքագրման, մշակման, բովանդակության ստեղծման կամ տարածման համար, դրանց դերը պետք է հստակ բացահայտվի լսարանին: Մասնավորապես՝ AI-ի կողմից ստեղծված բովանդակությունը պետք է հստակ պիտակավորվի, այդ թվում՝ ներկայացնելով AI մոդելներում կիրառվող ալգորիթմերի բնույթը և դրանց հնարավոր թերությունները։
Ճշգրտություն և փաստերի ստուգում
AI գործիքները չպետք է փոխարինեն մարդկային դատողությունը և ներկայացվող նյութի նկատմամբ քննադատական պատշաճ մոտեցումը: AI-ի կողմից ստեղծված բովանդակությունը, մոտեցումները և ձևակերպումները պետք է խստորեն ճշգրտվեն և վերստուգվեն լրագրողների կողմից նախքան դրանց հրապարակումը: ՍիվիլՆեթը պատասխանատու է տարածված տեղեկատվության ճշգրտության համար, եթե անգամ այն ստեղծվել է AI գործիքների կիրառմամբ:
Արդարություն և խտրականության բացառում
AI գործիքները պետք է օգտագործվեն այնպես, որ կանխվեն վնասակար կարծրատիպերի կամ խտրականության դրսևորումները նյութերի ստեղծման, մշակման, հրապարակման և տարածման որևէ փուլում։
Գաղտնիություն և տվյալների պաշտպանություն
AI համակարգերի օգտագործումը պետք է համապատասխանի գաղտնիության պահպանման գործող օրենքներին և կանոնակարգերին: Լրագրողները պետք է տեղյակ լինեն, որ տվյալները, որոնք կիսում են արհեստական բանականության չաթ-բոթերի և մոդելների հետ, հաճախ հասանելի են դառնում դրանք ստեղծող ընկերություններին և կարող են հասանելի դառնալ նաև երրորդ անձանց: Սա նկատի ունենալով՝ ՍիվիլՆեթի լրագրողները պետք է առաջնահերթություն տան իրենց աղբյուրների և իրենց ձեռքում հայտնված տվյալների գաղտնիության պաշտպանությանը և AI գործիքներն օգտագործեն այնպես, որ բացառեն աղբյուրների և զգայուն տեղեկատվության բացահայտումը:
Պատասխանատվություն և մարդկային վերահսկողություն
ՍիվիլՆեթի խմբագիրներն ու լրագրողները պետք է ամբողջությամբ վերահսկեն վերջնական մեդիա բովանդակությունը և ուղղեն AI-ի կիրառման հետևանքով առաջացած սխալները կամ էթիկական խախտումները:
AI կանոնների պարբերական վերանայում
Քանի որ AI ոլորտը զարգանում է մեծ արագությամբ, այս կանոնները ենթակա են պարբերական վերանայման և փոփոխությունների՝ ոլորտի նորագույն զարգացումներին համընթաց։ Այս կանոնագիրը ենթակա է վերանայման տարեկան առնվազն մեկ անգամ։