CivilNetCheck-ի մեթոդաբանություն
#CivilNetCheck-ի մասին
Civilnet Check-ը ( #CivilNetCheck) ՍիվիլՆեթի փաստերի ստուգման ստորաբաժանումն է, որը գործում է 2021 թվականի դեկտեմբերից։
ՍիվիլՆեթը Հայաստանի առաջատար անկախ լրատվամիջոցներից է, որը հիմնադրվել է 2011-ին։ Իր գործունեության սկզբից ի վեր՝ ՍիվիլՆեթը տրամադրել է բազմակողմանի փաստերի հիման վրա տեղեկատվություն և վերլուծություն։ Որպես առանձին բաժնի՝ փաստերի ստուգման ստորաբաժանման (#CivilNetCheck) ստեղծումը պայմանավորված է ապատեղեկատվությանը, կեղծ լուրերին և մանիպուլյացիաների հարաճուն հոսքերին դիմակայելու և հանրությանը ճշմարտությունը ներկայացնելու հրամայականով։
#CivilNetCheck-ի հիմնական առաքելությունը Հայաստանում կեղծ լուրերի դեմ պայքարն է, ապատեղեկատվությունների և մանիպուլյացիաների բացահայտումն ու հանրությանը դրա մասին իրազեկումը և փաստերի ստուգման լրագրության զարգացումն է։
2023-ի մարտին #CivilNetCheck-ը դարձել է Փաստեր ստուգողների միջազգային ցանցի անդամ (IFCN)։ Իր գործունեությունն ու մեթոդաբանությունը համապատասխանեցնում է ամերիկյան Poynter լրագրության ինստիտուտի չափանիշներին։ Մենք առաջնորդվում ենք Փաստեր ստուգողների միջազգային ցանցի փաստերի ստուգման սկզբունքներով՝
Անկուսակցականության և արդարության հանձնառություն
Աղբյուրների թափանցիկության հանձնառություն
Ֆինանսավորման և կազմակերպության վերաբերյալ թափանցիկության հանձնառություն
Մեթոդաբանության թափանցիկության հանձնառություն
Բաց և ազնիվ կերպով շտկումների իրականացման հանձնառություն
2024-ի հուլիսից #CivilNetCheck-ը որպես Հայաստանում տեղական առաջին՝ երրորդ կողմի փաստերի ստուգման գործընկեր (Third-Party Fact-Checking Program) սկսել է համագործակցել Meta-ի հետ։ Փաստեր ստուգողները Facebook-ում և Instagram-ում ստուգում և գնահատում են գրառումները, այդ թվում՝ գովազդները, հոդվածները, լուսանկարները, տեսանյութերը, Reels-ը, ձայնանյութերը և տեքստային գրառումները և դրանցում սխալ, մոլորեցնող, աղճատված փաստեր և բովանդակություն հայտնաբերելու դեպքում համապատասխան վճիռ են կիրառում։
2025 թվականի փետրվարին #CivilNetCheck-ը դարձել է Փաստերի ստուգման եվրոպական չափորոշիչների ցանցի (EFCSN, European Fact-Checking Standards Network) անդամ՝ առաջինը Հայաստանում։ Այս անդամակցությունը փաստում է #CivilNetCheck-ի աշխատանքի համապատասխանությունը EFCSN-ի սահմանած մասնագիտական և էթիկական բարձր չափանիշներին, որոնք ներառում են անկախություն, թափանցիկություն, մեթոդաբանական հստակություն և հաշվետվողականություն։
#CivilNetCheck-ի կառուցվածքը
#CivilNetCheck-ը բաղկացած է պատասխանատու և պրոֆեսիոնալ լրագրողների թիմից, որը շարունակաբար ընդարձակվում է։
#CivilNetCheck-ի խմբագիրը Անի Գրիգորյանն է, որի պարտականությունների մեջ է մտնում թեմաների և նյութերի ընտրությունն ու հաստատումը, լրագրողների հոդվածների ստուգումը, խմբագրումը, դրանցում առկա փաստերի վերստուգումը, ինչպես նաև հոդվածներ հեղինակումը։ Ղեկավարելով #CivilNetCheck-ը՝ խմբագիրը պատասխանատու է նաև ստորաբաժանման ժամանակին համընթաց զարգացման, նոր գործիքների կիրառման և փաստերի ստուգման լրագրության միջազգային չափանիշների համապատասխանելու համար։ Խմբագիրը հաշվետու է ՍիվիլՆեթի գլխավոր խմբագրին։
#CivilNetCheck-ի լրագրող-փաստեր ստուգողներ Շուշան Ստեփանյանը, Արմեն Մկրտչյանը, Նելլի Լազարյանը և Հայկ Հովհաննիսյանը փաստերի ստուգման նյութերի հիմնական հեղինակներն են։ Նրանք մշտադիտարկում են մեդիան, սոցցանցերը և ընդհանուր համացանցը, հետևում են քաղաքական, հանրային գործիչների ելույթներին և հարցազրույցներին, առանձնացնում են ստուգման ենթակա հայտարարությունները, պնդումները, իրականացնում են դրանց ստուգում և խմբագրի հետ համաձայնեցնելուց հետո՝ հոդվածներ և նյութեր պատրաստում դրանց մասին։ Լրագրողները հաշվետու են խմբագրին և գլխավոր խմբագրին։
Բացի այդ, #CivilNetCheck-ը համագործակցում է փաստեր ստուգող անկախ լրագրողների հետ։ Նրանց հետ աշխատանքը ղեկավարում է #CivilnetCheck-ի խմբագիրը։
#CivilNetCheck-ի կողմից հրապարակվող տեսանյութերը և վիզուալ բովանդակությունը պատրաստվում են ՍիվիլՆեթի վիդեո թիմի օգնությամբ։ Հոդվածներն ու նյութերը հրապարակվում և սոցցանցերում տարածվում են ՍիվիլՆեթի SMM մասնագետների միջոցով։ Այս բաժինների մասնագետներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։
#CivilNetCheck-ի թիմը աջակցում է նաև ՍիվիլՆեթի լրագրողներին` ճշգրիտ փաստերով, առանց մանիպուլյացիաների հոդվածներ պատրաստելու գործում։ Անհրաժեշտության դեպքում թիմը ստուգում է լրագրողների նյութերում առկա փաստերը, տրամադրում տարբեր բաց աղբյուրներից և ռեեստրներից տեղեկատվություն և նպաստում ՍիվիլՆեթի արտադրանքի առավել ճշգրիտ և փաստահեն լինելուն։
Ֆինանսավորում
ՍիվիլՆեթի խմբագրական անկախության կարևոր բաղկացուցիչներից է ֆինանսավորման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ ՍիվիլՆեթը հրապարակում է բոլոր աղբյուրներից ստացված իր ֆինանսավորման տեղեկատվությունը, այդ թվում՝ այն դրամաշնորհները, որոնք հատկացվել են հատուկ #CivilnetCheck բաժնի համար։ Դրամատուների հետ հարաբերություններում ՍիվիլՆեթը որևէ կերպ կաշկանդված չէ անդրադառնալու խնդրո առարկա որևէ թեմայի։
Խմբագրության և լրագրողների վարքագիծ
Քաղաքական չեզոքություն
Մենք ուղղակիորեն կամ անուղղակիորեն չենք աջակցում որևէ քաղաքական կուսակցության կամ ուժի, ոչ էլ կողմ ենք հանդես գալիս ազգային կամ միջազգային հակամարտությունների կամ վեճերի ժամանակ:
Մեզ համար քաղաքական չեզոքությունն ու անկողմնակալությունը հիմնարար սկզբունքներ են։ Քաղաքական առումով շահերի բախումից խուսափելու համար՝ ՍիվիլՆեթը չի թույլատրում իր լրագրողների քաղաքական գործունեությունը, քաղաքական որևէ ուժի կամ կուսակցության անդամակցելը, այնպես էլ բացահայտ աջակցելը։
#CivilNetCheck-ն իր գործունեության ընթացքում պետք է պահպանի բացարձակ անկողմնակալություն և որևէ քաղաքական նախընտրություն չարտահայտի։ Ավելին՝ արգելվում է որևէ քաղաքական կուսակցության կամ կամ ուժի կողմից ֆինանսավորումը կամ աջակցությունը։
Լրագրողների պարտավորությունները
#CivilNetCheck-ի անդամները պարտավոր են իրենց նյութերում լինել ազնիվ, անաչառ, զերծ մնալ անձնական կարծիք և վերաբերմունք հայտնելուց, թափանցիկ լինել իրենց աղբյուրների վերաբերյալ և զերծ մնալ փաստերի ընտրողական մոտեցումից։
Քաղաքական, հասարակական գործիչներին վերագրվող պնդումներն ու հայտարարությունները ստուգելիս՝ լրագրողները պարտավոր են համոզվել՝ արդյոք նման հայտարարություն արվել է տվյալ անձի կողմից։ Բացի այդ, լրագրողները պարտավոր են չշահարկել, չխեղաթյուրել մեջբերված խոսքը և ներկայացնել այն ճիշտ ու համարժեք կոնտեքստում։
Մենք երբեք չենք ենթադրում, այլ համոզվում ու հավաստիանում ենք բոլոր փաստերում և տվյալներում։
Օգտագործում և որպես հիմք ընդունում ենք միայն պաշտոնական փաստաթղթեր։
Չենք հիմնվում այլ լրատվամիջոցների հրապարակած փաստերի վրա։ Որքան էլ դրանք վստահելի թվան, միշտ վերստուգում ենք դրանք։
Տվյալների, թվերի հետ աշխատելիս հնարավորինս ճշգրիտ ենք։
Խուսափում ենք գնահատողական դատողություններից, որոնք անհնար է ապացուցել։
#CivilNetCheck-ը խրախուսում է թիմի անդամներին պարբերաբար մասնակցել տարբեր դասընթացների, կոնֆերանսների՝ նոր գիտելիքներ ստանալու, հմտությունների զարգացման և նոր գործիքներին ծանոթանալու համար։ Առավելագույն վստահելիություն ունենալու համար մեր լրագրողները շարունակ ձգտում են զարգացնել ճշգրտության ապահովման իրենց հմտությունները, ինչը կազմակերպության առաքելության հիմնարար սկզբունքներից է։
Ինչպե՞ս են ընտրվում ստուգման ենթական պնդումները
Ամենօրյա ռեժիմով մեր լրագրողները փնտրում են ստուգման ենթակա «արժանի» հայտարարություններ և պնդումներ։ Թիմը մշտադիտարկում, դիտում ու կարդում է քաղաքական, հանրային գործիչների, ուժերի, պետական, կառավարական մարմինների հայտարարությունները, հարցազրույցները, ելույթները, պնդումներն ու հաղորդագրությունները, ինչպես նաև սոցիալական ցանցերում նրանց գրառումները։ Մշտադիտարկվում են հեռարձակվող հեռուստատեսությունները, առցանց և տպագիր լրատվամիջոցները և սոցիալական մեդիան։ Լրագրողների ուշադրության կենտրոնում են նաև տարածաշրջանային (ռուսական, իրանական, ադրբեջանական, վրացական, թուրքական), ինչպես նաև միջազգային լրատվամիջոցների՝ Հայաստանին և հայությանը վերաբերող հրապարակումներն ու նորությունները։ #CivilNetCheck-ի համար կարևոր չէ, թե որ քաղաքական ուժը կամ գործիչն է անում սխալ պնդում կամ հայտարարություն․ թիմն անդրադառնում է բոլոր քաղաքական ուժերին։
Այսպես, երբ նկատում ենք հայտարարություններ, փաստեր կամ պնդումներ, որոնք կասկածելի են թվում, որ կարող են լինել ոչ ճշգրիտ, մոլորեցնող կամ ապակողմնորոշող, առանձնացնում ենք և ստուգում դրանք։
Առաջին հերթին փորձում ենք կապվել այն անձի կամ կազմակերպության հետ, որն արել է պնդումը՝ խնդրելով տրամադրել այն ապացուցող փաստեր և տվյալներ։ Եթե անձը կամ կազմակերպությունը տրամադրում է իր պնդումներն ապացուցող փաստեր, և համոզվում ենք, որ դրանք ճիշտ են, ապա չենք անդրադառնում դրանց։ Բացառություն են կազմում դեպքերը, երբ հանրության մոտ ևս կասկած և քննարկում կա այդ պնդման կամ տվյալի ճշգրտության վերաբերյալ։
Սակայն, եթե տվյալ անձը կամ կազմակերպությունը չի համագործակցում մեզ հետ, չի տրամադրում իր պնդումներն ու հայտարարությունները ապացուցող փաստեր, կամ տրամադրված տվյալները չեն ապացուցում նրա պնդումների ճշմարտացիությունը, մենք ինքներս ենք իրականացնում այդ պնդումների ստուգումը։
Քանի որ մենք չենք կարող ստուգել բոլոր պնդումները, մենք ընտրում ենք ամենաարդիականն ու կարևորները։
Փաստերի ստուգման ենթակա նյութերի մեր ընտրությունը լայն է և հիմնված է հետևյալ չափանիշների վրա.
Արդյոք հայտարարությունը սխալ կամ ապակողմնորոշո՞ղ է թվում։
Արդյոք թեման արդիական է և հանրային հետաքրքրություն ներկայացնո՞ւմ է,
Եթե սխալ է, ապա արդյոք կարո՞ղ է վնասել հանրությանը, ժողովրդավարությանը՝ խեղաթյուրելով հանրային կարծիքը։ Մենք չենք անդրադառնում լեզվի սայթաքումներին և աննշան սխալներին։
Արդյոք հայտարարության մեջ կա՞ն փաստեր, որոնք ստուգելի են և արդյոք հնարավո՞ր է առանձնացնել դրանք: Մենք ԵՐԲԵՔ չենք ստուգում և չենք անդրադառնում կարծիքներին, կանխատեսումներին և հռետորաբանություններին։
Արդյոք միջին վիճակագրական անձի հայտարարությունը կարդալուց կամ լսելուց հետո հարց կառաջանա՞ դրա ճշգրտության վերաբերյալ։
Որքան է տարածվել տեղեկությունը։ Մենք ուսումնասիրում ենք՝ արդյոք հայտարարությունը, պնդումը տարածվել և վերատպվե՞լ է մեծ լսարան և տեսանելիություն ունեցող լրատվամիջոցների, ինչպես նաև սոցիալական մեդիաներոմ տարբեր անձանց և հարթակների կողմից։
Հնարավոր տարածում. հնարավո՞ր է արդյոք տեղեկությունը հետագայում ավելի տարածվի կամ կրկնվի այլ անձնանց կողմից։ Մենք ուսումնասիրում ենք նաև, թե տեղեկությունը որքան արագ է տարածվում և առաջացնում փոխազդեցություն։
Ինչպես նշեցինք՝ մենք չենք անդրադառնում կարծիքներին և կանխատեսումներին։
Ստուգվող հայտարարությունը պետք է պարունակի որոշակի փաստեր կամ տեղեկություն, որի ճշգրտությունը կամ հավաստիությունը կարող է ստուգվել: Փաստեր պարունակող հայտարարությունների բազմաթիվ օրինակներ կան, բայց թվարկենք ամենատարածվածները․
պատմական տվյալներ,
համեմատություններ,
օրինականություն,
վիճակագրություն
Մեկ այլ բան, որ պետք է հիշել. հայտարարությունը ստուգելը պետք է լինի իրագործելի՝ խելամիտ ժամկետներում և մեզ համար հասանելի ռեսուրսներով: Բնականաբար, կլինեն հայտարարություններ, որոնք կցանկանայինք ստուգել, սակայն դրանց համար չունենք հասանելիություն և ռեսուրսներ:
Լրատվամիջոցներ
Քանի որ #CivilNetCheck-ի առաքելությունն է նվազեցնել ստի, կեղծ լուրերի և մանիպուլյացիների տարածումը և պայքարը ապատեղեկատվության դեմ, ժամանակ առ ժամանակ մենք ստիպված ենք լինում անդրադառնալ նաև լրատվամիջոցներին և նրանց կողմից տարածվող կեղծ լուրերին։
#CivilNetCheck-ի համար ոսկե կանոն է՝ եթե կեղծ լուրը չի ստացել մեծ տարածում ու ուշադրություն, ապա ինքներս երբևէ չենք գրում դրա մասին, որպեսզի այդպիսով չնպաստենք կեղծ լուրերի տարածմանը։ Թիմի ուշադրության կենտրոնում են այն հարցերն ու թեմաները, որոնք կարևոր են հանրության համար։
Սոցիալական ցանցեր
Քանի որ հատկապես վերջին տարիներին սոցիալական ցանցերը մեծ տարածում են գտել հանրության շրջանում և շատերի համար հանդիսանում են տեղեկատվության հիմնական աղբյուր, ապա #CivilNetCheck-ը մշտադիտարկում է նաև դրանք՝ փորձելով բացահայտել լայնարագ տարածվող կեղծ գրառումներն ու նյութերը։ Սոցիալական ցանցերի դեպքում ևս անդրադարձ է կատարվում այն գրառումներին և հրապարակումներին, որոնք մեծ տարածում և շրջանառություն են գտել, քննարկման առարկա են։
Ընթերցողները՝ #CivilNetCheck-ի գործատուներ
#CivilNetCheck-ի գործունեության հաջողությունն ու արդյունավետությունն ուղիղ կապ ունի նաև ընթերցողների ներգրավվածության և ակտիվության հետ։ Քանի որ լրատվական ցիկլը բավական մեծ ու խիտ է, հնարավոր է՝ մենք չնկատենք կեղծ և ապակողմնորոշող հրապարակումներ, նյութեր և գրառումներ, և մեզ համար կարևոր է ու խրախուսելի, որ ընթերցողները նման հրապարակումներ նկատելու դեպքում ուղարկեն մեզ դրանք ստուգելու համար։ Բացի այդ, ընթերցողները կայքի կամ ֆեյսբուքյան էջի միջոցով կարող են ուղարկել իրենց կասկածելի թվացող պնդումներ, նյութեր, գրառումներ ու հարցեր, և մենք կգործադրենք բոլոր ջանքերը դրանք ստուգելու ուղղությամբ։ Մենք համոզված ենք, որ ապատեղեկատվության և ստի դեմ անհրաժեշտ է միահամուռ և համախմբած պայքար։
Խոստումների «հետապնդում»
#CivilNetCheck-ի համար կարևոր է նաև օգնել հանրությանը հաշվետու պահել կառավարությանը, իշխանություններին, պետական մարմիններին, պաշտոնյաներին և քաղաքական ուժերին։ Այս բոլոր անձինք ու կառույցները պարբերաբար հանդես են գալիս խոստումներով։
Մենք հավաքագրում ենք ինչպես նախընտրական քարոզարշավի շրջանում հնչեցված խոստումներ, այնպես էլ ուսումնասիրում ենք կառավարության, համայնքների ծրագրերը, հետևում ենք քաղաքական գործիչների, նախարարների և այլ պաշտոնյաների հայրատարարություններին, հարցազրույցներին, մամլո ասուլիսներին, գրառումներին և այլն։
#CivilNetCheck-ն անդրադառնում է միայն այն խոստումներին, որոնք չափելի են ու ստուգելի։
Մեր խոստմնացույցի միջոցով գնահատում ենք՝ արդյոք այս կամ այն խոստումը իրականացվել է, թե ոչ, կամ ինչ փուլում է գտնվում։ Այն ունի չորս սանդղակ։
Կատարվել է. այս վարկանիշը տրվում է այն դեպքում, երբ սկզբնական խոստումը հիմնականում կամ ամբողջությամբ կատարվել է։
Ընթացքում է. սա ցույց է տալիս, որ խոստումի իրականացման ուղղությամբ քայլեր են կատարվում։
Չի կատարվել. խոստումն այսպես է գնահատվում, եթե այն չի իրագործվել կամ կատարված քայլերն այն իրականացնելու ուղղությամբ աննշան են։
Անորոշ. երբ անհնար է որևէ տեղեկատվություն գտնել խոստման կատարման ուղղությամբ իրականացված քայլերի ուղղությամբ։
Խոստումների վարկանիշները կարող է փոխվել, եթե իրավիճակ փոխվի և քայլեր իրականացվեն այս կամ այն խոստումն իրականացնելու ուղղությամբ։
Փաստերի ստուգման գործընթացը
Փաստերի ստուգման գործընթացն ու գործիքները յուրաքանչյուր դեպքում կարող են տարբեր լինել։ Դա կարող է ներառել Google-ի և այլ փնտրման համակարգերում մանրակրկիտ որոնում, առցանց բաց աղբյուրների, ռեեստրների ուսումնասիրություն, հարցումներ, զանգեր, տարբեր գործիքների օգտագործում (հատկապես՝ նկարների և տեսանյութերի դեպքում), խորհրդատվություն տարբեր փորձագետների հետ և այլն։
#CivilNetCheck-ը հիմնվում է առաջնային աղբյուրների և բնօրինակ փաստաթղթերի վրա: Ուղղակիորեն օգտվում է պետական հաշվետվություններից, ակադեմիական ուսումնասիրություններից և այլ տվյալներից: Մեզ համար բավական չէ երկրորդ ձեռքից տվյալների և տեղեկատվության ստացումը։
Երբ կատարված հետաքննության արդյունքում պարզվում է, որ պնդումը կամ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը՝ սխալ է, մանիպուլացնող, համատեքստից կտրված կամ կեղծ և համապատասխանում է փաստերի ստուգման ենթակա նյութերի մեր չափորոշիչներին, #CivilNetCheck-ը անդրադառնում է այդ պնդմանը՝ հոդվածի, տեսանյութի, ինֆոգրաֆիկայի կամ ֆեյսբուքյան գրառման տեսքով։ Նյութի ձևաչափի ընտրությունը կատարվում է խմբագիրների և լրագրողների համատեղ որոշմամբ։
Քանի որ #CivilNetCheck-ի համար թափանցիկ, անաչառ ու պատասխանատու լրագրությունը գործունեության հիմնական սկզբունքն է՝ մեր նյութերում ներկայացնում ենք նյութի աղբյուրները, կցում ենք վերլուծության բոլոր աղբյուրների հղումները, անհրաժեշտության դեպքում՝ նաև հարցումների պատասխաններն ու ձայնագրությունները։ Նպատակն այն է, որ ընթերցողը նույնպես ցանկության դեպքում ստուգի և համոզվի, որ հետաքննությունը և օգտագործված տվյալները ճշգրիտ են։ #CivilNetCheck-ը չի օգտագործում աղբյուրներ, որոնք անհնար է նույնականացնել։
Ուղղումների և բողոքարկումների քաղաքականություն
Թափանցիկությունը կարևոր է ինչպես տեղեկատվություն ստանալու, այնպես էլ այն ներկայացնելու համար։ Թեև #CivilNetCheck-ի թիմը գործադրում է առավելագույն ջանքերը նյութերի ճշգրտությունն ապահովելու ուղղությամբ, սակայն սխալներից խուսափելն անհնար է։ Թիմը դրանք շտկում է արագ և հստակ: Չի թաքցնում և անում է առավելագույնը, որ ուղղումները հայտնվեն լրատվական նույն ցիկլում՝ ընդգծելով ուղղման փաստը:
Ընթերցողներն ու այլ անձինք մեր հոդվածներում սխալ նկատելու դեպքում կամ որևէ նյութի վիճարկման համար կարող են կապվել մեզ հետ էլեկտրոնային փոստի, ֆեյսբուքյան էջի և կամ ուղղակի զանգի միջոցով։ #CivilNetCheck-ը կվերանայի ներկայացված բոլոր դիտարկումները՝ հավաստիանալով, որ դրանք ճիշտ են, իսկ նյութում առկա սխալը կշտկի։
Եթե փաստերի ստուգումը պարունակում է էական, փաստական սխալ, մենք ուղղում ենք կատարում. հոդվածի վերևում տեղադրվում է զգուշացնող տեքստ՝ բացատրելով, թե ինչն է ուղղվել և ինչու: Այնուհետև ուղղումը կատարվում է հոդվածի տեքստում և անհրաժեշտության դեպքում արտացոլվում է նյութի վերնագրում և վճռում։ Հնարավոր է նաև առանձին հոդվածով նույն թեմայի անդրադարձ և բացատրություն։
#CivilNetCheck-ը, լինելով Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) և Փաստերի ստուգման եվրոպական չափորոշիչների ցանցի (EFCSN) անդամ, առաջնորդվում է երկու ցանցերի սահմանած սկզբունքներով ու չափորոշիչներով։
Եթե կարծում եք, որ մենք խախտել ենք այդ սկզբունքները, կարող եք այդ մասին տեղեկացնել IFCN-ին կամ EFCSN-ին՝ կից հղումներով։
#CivilNetCheck-ի շտկումները
2026
https://civilnet.am/hy/news/1009089
2024
https://civilnet.am/hy/news/781922
Հոդվածների վճիռները
#CivilNetCheck-ը ստուգված պնդումները գնահատում է մի շարք չափանիշներով։ Մենք ունենք ճշտաչափ, որն ունի վճիռներ։
Ճիշտ -Վճիռը մատնանշում է, որ տվյալ պնդումն ամբողջությամբ ճշգրիտ է և էական բացթողումներ չկան։
ՃիշտՈւսխալ - Վճիռը մատնանշում է, որ տվյալ պնդումն իր մեջ պարունակում է և՛ ճիշտ, և՛ սխալ տարրեր, հնարավոր չէ նկարագրել որևէ վճռով:
Մեծամասամբ սխալ- Վճիռը մատնանշում է, որ պնդումը պարունակում է ճշմարտության տարրեր, սակայն առանցքային փաստերը, որոնք այլ տպավորություն կստեղծեին, բացակայում են։
Սխալ - Վճիռը մատնանշում է, որ պնդումն ամբողջությամբ սխալ է։
Մոլորեցնող (համատեքստից կտրված, կեղծված/փոփոխված) – Վճիռը մատնանշում է, որ իրական տեղեկությունը խեղաթյուրվել է՝ ճիշտ փաստերի վրա հիմնված մոլորեցնող փաստարկներով:
Անհիմն - Վճիռը մատնանշում է, որ հրապարակված պնդումն ապացուցահեն չէ, չկան այն հիմնավորող փաստեր ու տվյալներ։
Հակասություն - Վճիռը մատնանշում է, որ պնդումը հակասում է նախկինում հնչած հայտարարություններին
Ֆեյք – Վճիռը մատնանշում է, որ բովանդակությունն ամբողջովին կեղծված է:
Փաստերով
Նկատի ունենալով, որ հաճախ ապատեղեկատվությունն ու սխալ տեղեկությունները մեծ տարածում են գտնում, քանի որ այդ թեմաների վերաբերյալ չկան փաստահեն ու ճշգրիտ նյութեր և անդրադարձեր, #CivilNetCheck-ը պատրաստում է նաև փաստահեն հոդվածներ, որոնք այս կամ այն հարցի վերաբերյալ տրամադրում են առավելագույն ճշգրիտ, վստահելի աղբյուրներից տեղեկատվություն։
Չխաբվե՛ս
#CivilNetCheck-ը պարբերաբար բացահայտում ու ներկայացնում է տարածված խաբեությունները, սքամերը և մանիպուլյատիվ սխեմաները, որոնք ուղղված են մարդկանց խաբելուն ու ֆինանսական և անձնական վնաս պատճառելուն։
Meta-ի վճիռները
Meta-ն առաջնահերթություն է տալիս հատկապես այն կեղծ պնդումներին, որոնք արդիական են և կարող են լայն ազդեցություն ունենալ։ Ծրագրի շրջանակում ստուգման ենթակա չեն կարծիքները, ակնհայտ երգիծական կամ հումորային բովանդակությունը, շոուբիզնեսի հետ կապված բամբասանքները և բիզնես վեճերը։ Բացի այդ, ստուգման ենթակա չեն նաև քաղաքական գործիչների ելույթներն ու կարծիքները, այդ թվում՝ նրանց գրառումները կամ գովազդները։
Ըստ Meta-ի սահմանման՝ «քաղաքական գործիչ» են համարվում պետական կամ համայնքային պաշտոնի համար առաջադրված թեկնածուները, գործող պաշտոնյաները, այդ թվում՝ նրանց կողմից նշանակված բարձրաստիճան անձինք, ինչպիսիք են՝ պետական գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև քաղաքական կուսակցություններն ու դրանց առաջնորդները։ Մինչդեռ, նախկին պաշտոնյաների և ընտրություններում առաջադրված նախկին թեկնածուների գրառումները, ըստ Meta-ի չափորոշիչների, ստուգման ենթակա են։
Այսպիսով, փաստեր ստուգողները Facebook-ում և Instagram-ում ստուգում և գնահատում են գրառումները, այդ թվում՝ գովազդները, հոդվածները, լուսանկարները, տեսանյութերը, Reels-ը, ձայնանյութերը և տեքստային գրառումները և դրանցում սխալ, մոլորեցնող, աղճատված փաստեր և բովանդակություն հայտնաբերելու դեպքում համապատասխան վճիռ են կիրառում։
Վճիռները սահմանանել է Meta-ն:
ՍԽԱԼ (False). բովանդակությունը չունի փաստական հիմք և ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը
Կեղծ մեջբերումներ
Ոչ ճշմարիտ պնդումներ, որոնք չեն կարող համարվել իրականում տեղի ունեցածի կամ ասվածի մեկնաբանություն։
Օրինակ. պնդում, որ բնական աղետ է տեղի ունեցել, երբ նման իրադարձություն չի եղել:
Օրինակ. պնդում, որ անհատը ստեղծել կամ արտոնագրել է ինչ-որ բան, երբ նա դա չի արել:
Դավադրության տեսություններ
Բացատրում են իրադարձությունները որպես անհատների կամ խմբերի գաղտնի աշխատանքի հետևանք՝ վկայակոչելով ճշմարիտ կամ անստուգելի տեղեկատվություն և անելով անհավանական եզրակացություններ։
Օրինակ. պնդում, որ ընկերությունը գաղտնի զբաղվում է թմրանյութերի առևտրով՝ հիմնվելով ընկերության արտադրանքի բարձր գներ սահմանելու փաստի վրա:
Օրինակ. ապացույցներով չհիմնավորված պնդում, որ իշխանության ներկայացուցիչները ներգրավված են ահաբեկչական հարձակման կազմակերպման մեջ՝ պատերազմ սանձազերծելու նախապայման ստեղծելու նպատակով։
Կեղծ բովանդակություն կայքերից, որոնք ներկայանում են որպես իրական լրատվականներ։
Պատկեր, ձայնանյութ կամ տեսանյութ, որն իրական է, բայց հրամցվում է որպես մեկ այլ իրադարձության ապացույց (այսինքն՝ կեղծ համատեքստ):
Օրինակ. աղետից առաջ արված քաղաքի լուսանկարը ներկայացվում է որպես ապացույց, որ աղետը վնաս չի հասցրել:
Օրինակ. իրական տեսանյութ, որում անձը խոստովանում է, որ գործել է հանցագործություն, որի համար իրականում պատասխանատու է մեկ այլ անձ։
Օրինակ. իրական, բայց վաղուց ընդունված օրենք, որը ներկայացվում է որպես գործող և հակասում է հնին:
Փոփոխված (Altered). պատկեր, ձայնանյութ կամ տեսանյութ, որի բովանդակությունը խմբագրվել կամ փոխվել է այնպես, որ կարող է մոլորեցնել մարդկանց
Այն ներառում է մեդիա բովանդակությունը (պատկեր, ձայնանյութ կամ տեսանյութ), որը ստեղծվել կամ խմբագրվել է արհեստական բանականության միջոցով։
Ներառում է նաև տարբեր մեդիաֆայլերի համակցությունը, բայց ոչ մեդիաֆայլերից կտրված հատվածներ, (տես՝ «կոնտեքստից կտրված» վճիռը), մեդիաֆայլերի ներկայացումը սխալ համատեքստում (տես՝ «սխալ» վճիռը), կամ մեդիաֆայլեր, որոնց փոփոխումն ու ստեղծումը թվային ճանապարհով ինքնին մոլորեցնող չէ, բայց պարունակում է սխալ պնդում (տես՝ «սխալ» վճիռը)։
Չի ներառում այն մեդիաֆայլերը, որոնք կրում են թափանցիկության պիտակներ կամ Meta-ի արհեստական բանականության որևէ պիտակ՝ հստակ ցույց տալով, որ բովանդակությունը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ։ Բայց հրապարակումը կարող է բավարարել մեկ այլ վճռի, եթե պարունակում է առանձին պնդում, որը կապված չէ թվային ձևով ստեղծված կամ խմբագրված բովանդակության օգտագործման հետ։
Այս սահմանումը ներառում է․
Մանիպուլացված կամ փոփոխված ձայնանյութեր, տեսանյութեր կամ լուսանկարներ:
Օրինակ․ տեսանյութի արագության փոփոխությունը՝ խոսողի խոսքի աղճատման նպատակով։
Օրինակ․ պատկերի ավելացումը բնօրինակ լուսանկարում՝ ցույց տալու իրավիճակ, որը երբեք չի եղել։
Խմբագրված բովանդակություն, որում հեռացվել կամ վերադասավորվել են բառեր ինչ-որ մեկի խոսքում՝ այդպիսով փոխելով հայտարարության իմաստը։
Օրինակ՝ հեռացնելով «ոչ» բառը «Ես չեմ անի X-ը» արտահայտությունից։
Փոփոխված լուսանկարը, ձայնանյութը, տեսանյութը՝ ներառյալ արհեստական բանականության միջոցով ստեղծված բովանդակությունը։
Օրինակ․ իրականին մոտ լուսանկար, որը պատկերում է մի իրադարձություն, որը չի եղել։
Օրինակ․ տեսանյութ, որում ինչ-որ մեկն ինչ-որ բան է ասում կամ անում, որ իրականում չի ասել կամ չի արել։
3. ՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ (Partly False). բովանդակությունն ունի որոշ փաստական սխալներ
Այն ներառում է․
Անճշտություններ կամ սխալներ՝ կապված թվերի, ամսաթվերի, ժամանակի հետ, որոնք կարող են համարվել իրականում տեղի ունեցածի կամ ասվածի մեկնաբանություն։
Օրինակ. միջոցառման համար գրանցված կամ մասնակցած մարդկանց սխալ թվի նշում։
Օրինակ. կառավարության ծրագրի արժեքի սխալ հաշվարկ։
Ճշմարիտ և սխալ առանցքային պնդումների համադրում, որում սխալ պնդումները չեն գերակշռում։
Օրինակ․ պնդումների ցանկ, որում կան և ճշմարիտ, և սխալ պնդումներ։
Օրինակ. տեսանյութ, որը պարունակում է բազմաթիվ պնդումներ, որոնցից մի քանիսը ճիշտ են, իսկ մյուսները՝ սխալ:
Բովանդակություն, որը ներկայացված է որպես կարծիք, բայց հիմնված է կեղծ տեղեկատվության վրա։
Օրինակ. օրենքի փոփոխության առաջարկ, որը հիմնավորված է մի շարք կարևոր պնդումներով, որոնցից մեկը ապացուցելի սխալ է:
4. ՀԱՄԱՏԵՔՍՏԻՑ ԿՏՐՎԱԾ (Missing Context). բովանդակություն, որն ակնարկում է սխալ պնդում՝ առանց դրա մասին նշելով
Սա ներառում է.
Իրական մեդիաֆայլ, որը չի փոփոխվել (տե՛ս «փոփոխված» վճիռը) կամ ներկայացվել սխալ համատեքստում (տե՛ս «սխալ» վճիռը), բայց աղավաղում է բնօրինակ բովանդակության իմաստը՝ հանգեցնելով կեղծ պնդման: Սա չի ներառում քաղաքական գործիչների իրական ելույթների հատվածներ (օրինակ՝ տեքստային մեջբերումներ, տեսանյութի հատված) (տե՛ս Քաղաքական գործչի սահմանումը)։
Օրինակ. չփոփոխված տեսանյութի հատված, որտեղ խումբը վանկարկում է, որ խաղաղ ցույց է անցկացնում, բայց տեսանյութի ամբողջական տարբերակը ցույց է տալիս, որ նույն խումբը բռնություն է հրահրում:
Օրինակ. ինչ-որ մեկի ելույթի իրական տեքստային հատվածների միավորում, որի հետևանքով ասվածի իմաստն աղճատվում է, բայց չի դառնում ամբողջությամբ հակառակը։
Երրորդ կողմից արված կեղծ պնդման փոխանցում՝ առանց պնդման ճշմարտացիությունը հարցականի տակ դնելու:
Օրինակ. հաղորդավարը հարցազրույց է անում, որի ընթացքում զրուցակիցն անում է ապացուցելի կեղծ պնդում, և հաղորդավարը չի հաստատում կամ հարցականի տակ դնում պնդման ճշմարտացիությունը:
Տվյալների կամ վիճակագրության օգտագործում սխալ եզրակացություն անելու համար։
Օրինակ. ուսումնասիրության տվյալների ընտրողական օգտագործումը՝ անելու մի եզրակացություն, որը չկար բուն ուսումնասիրությունում։
Օրինակ. կորելացված տվյալների օգտագործումը՝ ապացուցելի սխալ հետևանքների ցուցադրման համար։
ԵՐԳԻԾԱՆՔ (Satire). բովանդակությունը ստեղծված է ծաղրանքի, երգիծանքի ժանրում, սակայն դրա ծաղրական բնույթը ակնհայտ չէ
Բովանդակություն, որն օգտագործում է հեգնանք, չափազանցություն կամ աբսուրդի տարրեր՝ քաղաքական, կրոնական կամ սոցիալական խնդիրների քննադատության կամ իրազեկման համար, բայց ողջամիտ օգտատերը չի կարող անմիջապես կռահել, որ դա երգիծանք է։ Նման բովանդակության աղբյուր կարող են լինել կայքեր, որոնք չեն նույնականացվում որպես երգիծական։ «Երգիծական» գնահատված բովանդակությունը կներառի փաստեր ստուգողների հոդվածները՝ ավելի լայն կոնտեքստի համար։
ՃԻՇՏ (True). բովանդակությունը չի պարունակում ոչ ճշգրիտ կամ մոլորեցնող տեղեկատվություն
ի՞նչ գործողություններ են հաջորդում, երբ որևէ գրառում գնահատվում է Meta-ի սահմանած վճիռներով։
Այսպես, երբ նկատում ենք գրառում կամ տեսանյութ, որը պարունակում է սխալ կամ մոլորեցնող փաստեր, #CivilNetCheck-ը նախ պատրաստում է հոդված, որի մեջ մանրամասն ներկայացվում է, թե ինչու է տվյալ պնդումը սխալ՝ կցելով բոլոր ապացույցներն ու աղբյուրները, որպեսզի լսարանը ևս հնարավորություն ունենա ստուգելու դրանք։
Meta-ի հատուկ համակարգում մուտքագրվում է հոդվածն ու նշվում է վճիռը, և դրա հիման վրա Meta-ն կիրառում է սահմանափակումներ։
Գրառման վրա հայտնվում է պիտակ՝ տեղեկացնելով, որ պնդումը, տեսանյութը կամ լուսանկարը «Սխալ է», «Փոփոխված» կամ էլ «Մասամբ սխալ» ու «Համատեքստից կտրված»՝ հնարավորություն տալով նաև ծանոթանալու, թե ինչու է այն համապատասխան վճռով գնահատվել։ Նման պիտակ ստացած գրառումների տեսանելիությունը Facebook-ում, Instagram-ում և Threads-ում նվազեցվում է։
Սակայն եթե հաշիվը պարբերաբար ապատեղեկատվություն պարունակող գրառումներ է անում, ապա Meta-ն սահմանափակումներ կիրառում է ոչ միայն գրառման, այլև օգտատիրոջ հաշվի, էջի, խմբի կամ կայքի նկատմամբ։ Այդ սահմանափակումները տևում են 90 օր։ Տվյալ հաշիվների գրառումների տեսանելիությունն ու տարածումը նվազեցվում է։
Բացի այդ, կարող են կիրառվել այլ սահմանափակումներ ևս, օրինակ՝ մոնետիզացիայի և գովազդի հնարավորության սահմանափակում, նոր էջ ստեղծելու արգելք և այլն։
Meta-ն, առավել ևս փաստեր ստուգող լրագրողները չեն հեռացնում գրառումները, այլ դրանց վրա պիտակ է հայտնվում և նվազեցվում է դրանց տեսանելիությունը։ Meta-ն կարող է հեռացնել գրառումները բացառիկ դեպքերում, եթե տարածվող տեղեկատվությունը խախտում է իր Համայնքի ստանդարտները, ներառյալ ապատեղեկատվությունը և չստուգված լուրերը, որոնք կարող են պարունակել անմիջական բռնության կամ ֆիզիկական վնասի վտանգներ։ Մանրամասներն՝ այս հղմամբ։
Ի՞նչ անել, երբ գրառումը պիտակ է ստացել
Երբ Meta-ն կիրառում է պիտակ որևէ գրառման վրա, դրա հեղինակը ստանում է համապատասխան ծանուցում։ Նա նաև հնարավորություն ունի բողոքարկելու մեր վճիռը։
Սահմանափակումները ու պիտակը վերացնելու համար կարելի է կա՛մ ուղղել սխալ բովանդակությունը, կա՛մ էլ բողոքարկել վճիռը։
Սխալ բովանդակության ուղղում. այս նպատակով գրառման մեջ հստակ պետք է նշվի ուղղման մասին։ Եթե Facebook-ի կամ Instagram-ի սթորիում է արվել սխալը, ապա հաջորդ սթորիում ավելացրեք ճիշտ տեղեկությունը՝ նշելով, որ շտկում եք արել։ Եթե անհրաժեշտ է ուղղել հղումը, անպայման ուղղեք նաև համապատասխան տեղեկությունները ձեր կայքում և Facebook-ի գրառման մեջ: Լուսանկար, տեսանյութ, ձայնանյութ պարունակող գրառումների դեպքում նկարագրությունը թարմացրեք՝ կեղծ պնդումները ուղղելու համար, ինչպես նաև ավելացրեք, որ ուղղում է կատարվել։
Վճռի բողոքարկում. պետք է հստակ նշել, թե ինչու է ընտրված վճիռը սխալ։ Կցեք նաև հղում կամ աղբյուր, որը կապացուցի ձեր պնդումը, որ ընտրված վճիռը ճշգրիտ չէ։
Ուղղման կամ բողոքարկման դիմումները կարող եք ուղղարկել կա՛մ [email protected] հասցեին, կա՛մ Meta-ի միջոցով՝ ծանուցում ստանալուց հետո 7-օրյա ժամկետում։
Փաստեր ստուգողները կփորձեն եռօրյա ժամկետում դիտարկել ձեր դիմումը և համապատասխան որոշման մասին տեղեկացնել։
Եվս մեկ կարևոր հորդոր՝ մի՛ ջնջեք պիտակ ստացած գրառումը, քանի որ դա չի նպաստի սահմանափակումների վերացմանը։