ՍիվիլՆեթի էթիկայի կանոնագիր
ՍիվիլՆեթի լրագրողների էթիկայի կանոնագիրը ծառայում է որպես ուղեցույց կազմակերպության լրագրողական ազնվությունը, անաչառությունը, պարկեշտությունը պահպանելու և լսարանի ու հանրության առավելագույն վստահությունն ունենալու համար։
Էթիկայի սույն կանոնները բխում են կազմակերպության տեսլականից, առաքելությունից և արժեքներից և ուղենիշ են կազմակերպության աշխատակիցների գործունեության համար։
Այս կանոնները կենդանի փաստաթուղթ են և ըստ անհրաժեշտության ենթակա են փոփոխությունների ու լրացումների։
* Մենք-ը վերաբերում է կազմակերպությանն ամբողջապես և կազմակերպությունը ներկայացնող անհատներին՝ մասնավորապես։
Նվերների և վճարների բացառում
Մենք չենք ընդունում նվերներ մեր լրատուներից և տեղեկատու աղբյուրներից: Մենք չենք ընդունում անվճար ուղևորություններ: Մենք չենք ձգտում և մերժում ենք արտոնյալ վերաբերմունքը, որը կարող է ցուցաբերվել մեր մասնագիտական գործունեության պատճառով:
Մենք չենք ընդունում վճարներ՝ հոնորարներ կամ ծախսեր կառավարությունից, կառավարության կողմից ֆինանսավորվող կազմակերպություններից, պետական պաշտոնյաներից, քաղաքական խմբերից կամ կուսակցություններից:
Մենք չենք կարող գումար ստանալ որևէ անձից, ընկերությունից կամ կազմակերպությունից, որոնք մեր լուսաբանման առարկան են։
Արտաքին ազդեցության բացառում
Մեր նվիրատուները՝ թե՛ կազմակերպությունները, թե՛ անհատները չեն կարող գրաքննել մեր բովանդակությունը։ Թեմատիկ տարբեր ուղղություններով հատկացվող դրամաշնորհներն ու նվիրատվությունները որևէ պարագայում չեն կարող ենթադրել գրաքննություն։
Գործընկերային և գովազդային նյութեր
Այն դեպքերում, երբ որևէ կազմակերպության, ընկերության կամ կառույցի գործունեություն լուսաբանում ենք գործընկերության շրջանակում, անպայման տեսանելիորեն նշում ենք, որ նյութը «գործընկերային բովանդակություն» (partner content) է։ Եթե նյութը գովազդային է, ապա դա ևս անպայման նշվում է։
Գործընկերային (partner content) և գովազդային նյութերը (sponsored content) չեն կարող հակասել մեր առաքելությանն ու արժեքներին և որևէ կերպ չեն կարող կանխորոշել կամ ազդել մեր մյուս նյութերի բովանդակության կամ խմբագրական անկախության վրա։
Սոցիալական մեդիա
Սոցիալական մեդիայի հարթակները կարող են օգտակար լինել որպես լրատվության գործիք և նպաստել նոր լսարաններ գտնելու մեր կարողությանը, սակայն կարևոր է հիշել, որ ՍիվիլՆեթի լրագրողների սոցիալական մեդիայի հաշիվները, լինեն դրանք Facebook-ում, X-ում, Youtube-ում, TikTok-ում, Instagram-ում, LinkedIn-ում կամ այլուր, կարող են ազդել ՍիվիլՆեթի հեղինակության և վստահելիության վրա:
Ակնկալվում է, որ մեր լրագրողները սոցիալական մեդիայի հարթակներում կդրսևորեն պատասխանատվություն՝ համաձայն ՍիվիլՆեթի սոցիալական մեդիայի ուղեցույցի:
CivilNet Studio-ի մասին
ՍիվիլՆեթի ֆինանսական բաղադրիչներից մեկը CivilNet Studio ստորաբաժանումն է, որը ծառայություններ է մատուցում տարբեր կազմակերպությունների և կառույցների։ CivilNet Studio-ի արտադրությունը կապ չունի ՍիվիլՆեթի բովանդակության հետ, և ՍիվիլՆեթը պատասխանատվություն չի կրում CivilNet Studio-ի կողմից այլոց համար ստեղծվող արտադրանքի համար։
CivilNet Studio-ն ծառայություններ չի մատուցում այն կազմակերպություններին, խմբերին և անհատներին, որոնց դիրքորոշումներն ու մոտեցումները հակասում են ՍիվիլՆեթի առաքելությանն ու արժեքներին։
CivilNet Studio-ի աշխատանքի արդյունքում ձևավորվող եկամուտը կարող է ուղղվել միմիայն ՍիվիլՆեթի մայր կազմակերպության՝ Սիվիլիթաս հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացմանը։
Գովազդի մասին
ՍիվիլՆեթի եկամտային աղբյուրներից մեկը գովազդն է։ Գովազդատուների հետ մեր հարաբերությունները որևէ կերպ չեն կարող սահմանափակել կամ ազդել մեր գործունեության և խմբագրական որոշումների վրա, այդ թվում՝ գովազդատու ընկերությունների վերաբերյալ նյութերի պարագայում։
Մենք չենք տեղադրում այնպիսի գովազդ, որը հակասում է մեր արժեքներին։
Մենք մերժում ենք շահումով խաղերի, ալկոհոլի և ծխախոտի գովազդը։ Այս ցանկը կարող է փոփոխվել/լրացվել կազմակերպության հայեցողությամբ։
Ճշգրտություն և փաստերի ստուգում
Մենք ձգտում ենք հաղորդել ճշգրիտ և ստուգված տեղեկատվություն: Մենք ստուգում ենք փաստերը արժանահավատ աղբյուրներով՝ նախքան հրապարակելը: Մենք ուղղում ենք ցանկացած սխալ արագ և թափանցիկ:
Կեղծ լուրերի դեմ պայքարը մեր գործունեության կարևոր ուղղություններից է։ Մեր փաստերի ստուգման թիմը ամենօրյա ռեժիմով պայքարում է ապատեղեկատվության դեմ։
Սենսացիոնիզմ
Մենք խուսափում ենք սենսացիոնիզմից, մեր նյութերին, վերնագրերին և սոցիալական մեդիայի գրառումներին անհարկի հնչեղություն չենք հաղորդում։ Մեզ համար լսարանի վստահությունն ավելի կարևոր է, քան այսրոպեական դիտումները։
Գրագողություն և հղում այլ աղբյուրների
Մենք բացառում ենք գրագողությունը։ Այլ աղբյուրներից և այլոց նյութերից օգտվելիս անպայմանորեն պատշաճ հղում ենք տալիս՝ հարգելով մյուսների աշխատանքը։
Շահերի բախում
Մեր գործունեության մեջ մենք խուսափում ենք շահերի բախումից, որը կարող է ազդել մեր ստեղծած բովանդակության անաչառության և/կամ անաչառության ընկալման վրա։ Մենք խուսափում ենք այնպիսի թեմաների լուսաբանումից, որոնց դեպքում կա շահերի էական բախում:
Մենք հստակ տարանջատում ենք լուրը, վերլուծությունը և կարծիքը։
Անչափահասներ և խոցելի անձինք
Մենք նրբանկատ և զգույշ ենք անչափահասներին կամ խոցելի անձանց խնդիրները լուսաբանելիս։ Մենք չենք գործածում եզրույթներ, որոնք կարող են անպատեհ կամ վիրավորական լինել նրանց համար։
Սոցիալական պատասխանատվություն
Մենք սոցիալական պատասխանատվություն ենք կրում մեր բովանդակության և գործելաոճի համար։ Մենք ձգտում ենք նպաստել սոցիալական դրական փոփոխություններին։
Մասնագիտական զարգացում
Մենք մեր թիմի անդամներին հնարավորություն ենք տալիս մշտապես կրթվելու և կրթելու։ Կրթությունը, նաև՝ ինքնակրթությունը, զարգացման և գերազանցության հասնելու կարևոր խթան են մեզ համար։ Մենք շարունակ ձգտում ենք ներդրում անել մեր աշխատակիցների զարգացման և վերապատրաստման գործում։ Մշտապես հետևում և սերտում ենք միջազգային առաջատար լրատվամիջոցների փորձն ու գիտելիքը։