Նոր ատոմակայանի տիպը մոդուլային կլինի. նախարար

Նոր ատոմակայանի տիպը մոդուլային կլինի։ Այս մասին փետրվարի 3-ին ասուլիսին հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: Նախարարը նաև նշել է, որ դեռևս մոդելի ընտրության հետ կապված վերջնական որոշում չկա։
«Մենք շարունակել ենք ուսումնասիրել մեզ տրվող առաջարկները, մասնավորապես և՛ Ռուսաստանի Դաշնության, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Չինաստանի, և՛ Կորեայի, և՛ Ֆրանսիայի մասով, բայց մոդելի ընտրության հետ կապված վերջնական որոշում չունենք»,- ասել է նախարարը։
Խուդաթյանի խոսքով՝ մոդելի ընտրության հարցը կիրականացվի արդեն 2026-ին կամ 2027-ին, ըստ նրա՝ շատ շտապելու անհրաժեշտություն չկա։
«Կախված մոդելի ընտրությունից կորոշվի նաև որ երկրի հետ ենք իրականացնում աշխատանքը, որովհետև դուք գիտեք, որ մոդուլային ատոմականների սիստեմը լայն տարածված չի եղել նախկինում և լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտություն այս մասով կա, ինչը և մենք անում ենք»,- ասել է նախարարը։
Խուդաթյանը նաև հայտնել է, որ հնարավորություն կա ևս տասը տարով երկարացնել ատոմակայանի շահագործման ժամկետը։
«Վստահ ենք, որ առաջիկա տասը տարում ատոմակայանը կշարունակի միացված մնալ մեր էներգահամակարգին։ Դա ծրագրերի խումբ է, որ տասը տարի ժամկետում պետք է իրականացվի, պայմանագրերի զգալի մասը կնքված է, աշխատանքների մեծ մասն իրականացվում են»,- ասել է նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ի սեպտեմբերին հայտարարեց երկրում փոքր մոդուլային ատոմակայան կառուցելու ռազմավարական որոշման մասին։
Հարավային Կովկասում միակ՝ Մեծամորի ատոմակայանը (ՀԱԷԿ) շահագործման է հանձնվել 1976-ին։ 1988-ի երկրաշարժից հետո դրա շահագործումը դադարեցվեց, էներգաբլոկներից մեկը՝ կոնսերվացվեց։ 1990-ականների երկրորդ կեսին շահագործվեց ՀԱԷԿ-ի մեկ էներգաբլոկը՝ 400 Մվտ հզորությամբ, որի շահագործման ժամկետն ավարտվում էր 2016-ին։ Վերազինումից հետո ներկայում շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036-ը՝ ևս երեք տարի ավելացնելու հնարավորությամբ։ ՀԱԷԿ-ը ներկայում ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ ⅓-ը։
Մոդուլային ատոմակայանը միջուկային էներգետիկայի նոր սերնդի կայան է, որը տարբերվում է դասական ատոմակայաններից իր չափերով, կառուցման եղանակով և ճկունությամբ։
Մոդուլային ատոմակայանները բաղկացած են համեմատաբար փոքր հզորությամբ ռեակտորներից (սովորաբար մինչև 300 մեգավատ), որոնք արտադրվում են գործարանային պայմաններում և պատրաստ վիճակում տեղափոխվում տեղակայման վայր։ Սա թույլ է տալիս կրճատել կառուցման ժամկետներն ու ծախսերը, ինչպես նաև նվազեցնել շինարարական ռիսկերը։ Այսպիսի կայանների հիմնական առավելություններից է անվտանգության բարձր մակարդակը։
Civilnet










