Գլխավոր Լրահոս

Հայաստանին 10 տարի պետք չի լինի ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու համար․ նախարար

Հայաստանին 10 տարի պետք չի լինի ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու համար․ նախարար

Ավիացիոն ոլորտում առկա խնդիրները Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի «շարունակական բացթողումների» արդյունք են․ հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ վստահեցնելով, որ Եվրամիության «սև ցուցակից» դուրս գալու համար Հայաստանին տասնամյակներ հարկավոր չեն լինի։

Փետրվարի 3-ին կայացած ասուլիսի ժամանակ նախարարը հայտնել է, որ հայտնաբերված խնդիրների 60%-ն արդեն վերացվել է։

«Այն երկրներից շատերին, որոնք հայտնվել են սև ցուցակում, 10 տարի է պետք եղել դուրս գալու համար, բայց մեզ 10 տարի պետք չի լինելու»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ թեև կոնկրետ ժամկետներ չի կարող կանխատեսել, սակայն շտկումների տեմպերը «բավական արագ են»։

Անդրադառնալով ոլորտի զարգացման ցուցանիշներին՝ գերատեսչության ղեկավարը հերքել է այն տեսակետը, թե եվրոպական սահմանափակումները նշանակում են հայկական ավիացիայի կործանում։ Ըստ նրա՝ 2024-ի համեմատ ուղևորահոսքի 7,5% աճ է գրանցվել, իսկ ներկայումս 48 ավիաընկերություններ թռիչքներ են իրականացնում 67 ուղղություններով։ Հաշվետու տարում մեկնարկել են 10 նոր ուղղություններ, այդ թվում՝ դեպի Եվրոպա։

Նախարարն ընդգծել է, որ եվրոպական ուղղություններով թռիչքներն իրականացվում են օտարերկրյա փոխադրողների կողմից, սակայն շեշտել է, որ հայկական ավիաընկերությունները ևս ավելացնում են թռիչքների ինտենսիվությունն այն ուղղություններով, որտեղ «սև ցուցակում» գտնվելու հանգամանքն էական ազդեցություն չունի։

Խուդաթյանը նաև տեղեկացրել է ներքին ավիացիայի զարգացման պլանների մասին, մասնավորապես՝ Կապանի «Սյունիք» օդանավակայանը նավիգացիոն համակարգերով համալրելու և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նոր եվրոպական ուղղություններ բացելու վերաբերյալ։ 

«Հայաստանի ավիացիան զարգանում է և վերջին տարվա ընթացքում շատ ավելի լայն թափով է զարգանում»,- ասել է նախարարը։

***

Հայաստանը Եվրամիության ավիացիոն «սև ցուցակում» է հայտնվել 2020-ին։ Այդ ժամանակ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտնել էր, թե այդ «սև ցուցակից» դուրս գալու համար Հայաստանից առնվազն երկուսուկես տարի կպահանջվի։

2020-ի հունիսին հրապարակված որոշմամբ Եվրահանձնաժողովը Հայաստանում գրանցված բոլոր 7 ավիաընկերություններին ընդգրկել է Եվրամիության (ԵՄ) սև ցուցակում` զրկելով նրանց դեպի Եվրոպա թռիչքների հնարավորությունից։ Այդ ավիաընկերություններն, ըստ Եվրահանձնաժողովի, չեն համապատասխանում օդային անվտանգության միջազգային չափանիշներին։ «Սև ցուցակում» են ներառվել հայկական Aircompany Armenia-ը, Armenia Airways-ը, Armenian Helicopters-ը, Atlantis Armenian Airlines-ը, Atlantis European Airways-ը, Mars Avia-ն և Skyball-ը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում