Գլխավոր Լրահոս

Բագրատ սրբազանը դիմումներ է հղել Վենսին և միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին

Բագրատ սրբազանը դիմումներ է հղել Վենսին և միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին

Կալանավորված արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը գրավոր դիմումներ է հղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և Վաշինգտոնում կայանալիք Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին։ Այս մասին փետրվարի 3-ին Երևանում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեցին Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության պատվիրակության անդամները։

Երևանում այսօր կայացած ասուլիսին Christian Solidarity International կազմակերպության նախագահ Ջոն Էիբները հայտարարեց, որ Բագրատ սրբազանի նամակները գրվել են Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, որտեղ նա պահվում է կալանքի տակ։ Դիմումներից մեկը հասցեագրված է անմիջապես ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին: Բագրատ արք. Գալստանյանը ԱՄՆ նախագահին կոչ է անում միջամտել Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Հաջորդ շաբաթ, ըստ հրապարակումների, ակնկալվում է  ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այց Հայաստան։

Իր ուղերձներում Բագրատ արք. Գալստանյանը հայտարարել է, որ իր կալանավորումը քաղաքական բնույթ ունի և պայմանավորված է Հայ Առաքելական եկեղեցու անկախ դիրքորոշմամբ։ Նա ԱՄՆ փոխնախագահին կոչ է անում միջամտել՝ նպաստելու Հայաստանում և Ադրբեջանում պահվող քաղաքական բանտարկյալների ազատմանը և դադարեցնելու Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հետապնդումները։

Ասուլիսին Ջոն Էիբները նշեց, որ կազմակերպության այցի նպատակն է գնահատել Հայաստանի իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև առկա խորացող ճգնաժամը։ Նա տեղեկացրեց, որ պատվիրակության անդամները հանդիպել են կալանավորված Բագրատ արք. Գալստանյանին և նշեց, որ սրբազանը դրական է տրամադրված և «վստահ է, որ ճշմարտությունն ու արդարությունը կհաղթանակեն»։

Էիբներն անդրադարձավ նաև կիրակի Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսների դեմ քրեական մեղադրանքների հարուցմանը և երկրից նրանց ելքի արգելքին՝ փետրվարի կեսին Ավստրիայում նախատեսված եպիսկոպոսաց ժողովից առաջ։ «Հայաստանի իշխանությունները փորձում են անհնարին դարձնել Ավստրիայում նախատեսված Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսների համաժողովի անցկացումը»,- ասաց նա։

Պատվիրակության անդամ, կազմակերպության հանրային շահերի պաշտպանության տնօրեն Ջոել Վելդկամպն այսօր ուղերձ է հղել Մայր Աթոռ Սբ Էջմիածնից՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպումից հետո՝ դատապարտելով Հայաստանի իշխանությունների արշավը եկեղեցու դեմ։

Նա նշել է, որ Հայաստանում առկա է Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հետապնդումների ակնհայտ գործընթաց՝ ընդգծելով, որ ներկայում կալանքի տակ է չորս եպիսկոպոս, ինչպես նաև շուրջ երկու տասնյակ այլ անձ՝ եկեղեցու աշխատակիցներ, աջակիցներ և բողոքի ցույցերի մասնակիցներ։

Վելդկամպի խոսքով՝ վերջին օրերին իշխանությունների գործողությունները եկեղեցու դեմ արագացել են՝ լուծարվել է բանակում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորության ինստիտուտը, իսկ վեց եպիսկոպոսների նկատմամբ սահմանվել է երկրից ելքի արգելք՝ Ավստրիայում նախատեսված համաժողովից ընդամենը երկու շաբաթ առաջ։

Վլեդկամպի խոսքով՝ վարչապետը փորձում է հեռացնել Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ խախտելով Հայաստանի Սահմանադրությունն ու միջազգային կրոնական ազատության նորմերը։

Լեռնային Ղարաբաղի մասին

Ասուլիսի ընթացքում հատուկ անդրադարձ եղավ նաև Լեռնային Ղարաբաղի թեմային։ Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Վոնտոբելը ներկայացրեց Շվեյցարիայում սկսված քաղաքական գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի հարցը միջազգային օրակարգում պահելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այդ նախաձեռնությունն արդեն ստացել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության, Դաշնային խորհրդի և Ազգային խորհրդի աջակցությունը։

Էրիխ Վոնտոբելի խոսքով՝ Ղարաբաղի հարցը փակված չէ, քանի դեռ 2023-ի սեպտեմբերին տեղահանված հայերը չեն վերադարձել իրենց տները։

Նա ընդգծեց, որ Շվեյցարիայում մեկնարկած խաղաղության նախաձեռնության նպատակն է հարցը վերադարձնել միջազգային ուշադրության կենտրոն՝ հակադարձելով այն դիրքորոշմանը, թե Լեռնային Ղարաբաղի հարցն ավարտված է։ Վոնտոբելի փոխանցմամբ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն անձամբ հորդորել է շարունակել այդ նախաձեռնությունը՝ շեշտելով, որ Արցախի հարցը մնում է բաց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում