Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի և հրապարակման ենթակա կդառնա արդեն մարտին. այս մասին 2025-ի գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նախարարը շեշտել է, որ նոր Սահմանադրության տեքստի վերջնականացումը հանդիսանում է տարվա առանցքային առաջնահերթությունը, և գործընթացն ակնկալվում է ամբողջությամբ իրականացնել առաջիկա կիսամյակի ընթացքում։
«Չենք շեղվելու նաև այն ժամկետներից, որոնց մասին, որ ես նա նախորդիվ խոսել եմ բազմիցս։ Մեր աշխատանքների ամփոփման ամիսը մարտն է շարունակում մնալ, այսինքն՝ մարտին մենք կունենանք տեքստ, որը հրապարակման ենթակա կլինի»,- ասել է նախարարը։
***
2025-ի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրում նոր սահմանադրության ընդունելու անհրաժեշտության մասին։
Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին վարչապետը խոսել է Բաքվից հնչող պահանջների ֆոնին։ Չնայած, որ 2018-ի հեղափոխությունից հետո Փաշինյանը հայտարարել էր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին։
Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի 1990-ի Անկախության հռչակագրին, տարածքային պահանջ է ենթադրում Ադրբեջանին, քանի որ Անկախության հռչակագիրն իր հերթին հղում է անում Հայկական ԽՍՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին օրենքին։
Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»։
Civilnet











