Մեկնարկում է TRIPP-ի տեղանքի հետազոտման փուլը. AECOM-ի թիմը Հայաստանում է

ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները սկսելու համար Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ Պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։
«Այս աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում և առաջարկների մշակում երկաթուղու և այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն և տարածաշրջանային ինտեգրում»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
***
«Թրամփի ուղի» կամ TRIPP նախագիծը տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագիր է, որի հիմնարար Համատեղ հռչակագիրը ստորագրվել է 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական միջնորդությամբ։ Նախագծի գործնական իրականացման շրջանակը վերջնականացվել է 2026-ի հունվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից։ Ծրագրի հիմքում ընկած է հայ-ամերիկյան համատեղ ընկերության ստեղծումը, որը պետք է կառավարի Հայաստանի տարածքով անցնող տրանսպորտային ուղիները՝ պահպանելով ՀՀ ինքնիշխան վերահսկողությունը և ապահովելով տարածաշրջանային կայունությունը։
Civilnet










