Գլխավոր Լրահոս

Ինչու մարզերում ավելի շատ էներգետիկա կա

Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների շարքը շարունակվում է Հայաստանի հարավում: Իր մարդաշատությամբ և էներգետիկայով հատկապես աչքի ընկավ Կապանում տեղի ունեցած հանրահավաքը: Ընդհանրապես, Սյունիքի մարզը ընդդիմության համար համարվում է ամենախնդրահարույց մարզերից մեկը, որտեղ ընդդիմության առաջնորդները գրեթե միշտ պարտվել են, իսկ հասարակությունը, մյուս մարզերի հետ համեմատած, իշխանամետ դիրքորոշում է հայտնում ընտրությունների ժամանակ:

Փետրվարի 18-ի ընտրությունների նույնիսկ պաշտոնական արդյունքները ցույց տվեցին, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանում հաղթել է Սերժ Սարգսյանի հիմնական մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանը: Սա այն դեպքում, երբ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ջանքերով Հայաստանի հարավային մարզում գրեթե ֆեոդալական կարգեր են հաստատվել: Ամենակարող համարվող Սուրիկ Խաչատրյանի նստավայր քաղաքում Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը կարելի է աննախադեպ հաջողություն համարել: Իսկ փետրվարի 27-ին Կապանում տեղի ունեցած էմոցիոնալ, էներգիայով լի հանրահավաքը պարզապես ապացուցում է, որ փետրվարի 18-ին գրանցված հաղթանակը ամենևին էլ պատահականություն չէ:

Մարզերում կենտրոնական իշխանությունների նկատմամբ դժգոհությունը ավելի կրիտիկական մակարդակի է հասել. հասարակությունը, փաստացի անտեսելով տեղական իշխանիկներին, ակնհայտ արտահայտում է իր դժգոհությունը և պատրաստակամ է նույնիսկ հրապարակում այդ մասին բարձրաձայնել:

Սյունիքում մարդկանց վարքագծի նման փոփոխությունը և վախի հաղթահարումը խոսում է այն մասին, որ առնվազն հանրային գիտակցության մեջ հեղափոխություն է տեղի ունեցել:

Այս ամենը բավական հիմնավոր պատճառներ ունի. նախ մարզերում և հեռավոր բնակավայրերում սոցիալ-տնտեսական իրավիճակը կարելի է աղետալի համարել, իսկ ապօրինությունների մակարդակը մի քանի անգամ գերազանցում է մայրաքաղաքի ցուցանիշները: Անելանելիությունից դրդված՝ մարզերում մերժում են գործող իշխանություններին և ելքեր փնտրում ճգնաժամային իրավիճակից:

Իշխանության նկատմամբ վերաբերմունքի տեսակետից բառացիորեն նույն իրավիճակն էր հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում, որտեղ նույնպես, ի տարբերություն մայրաքաղաք Երևանի, «Ժառանգության» առաջնորդին ընդունում էին առավել ընդգծված խանդավառությամբ: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվի մարզերում տիրող տրամադրությունները տեղափոխել Երևան, իշխանությունները բավական բարդ իրավիճակում կհայտնվեն: ν

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում