Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ը Հայաստանին 11 միլիոն դոլարի հետախուզական ԱԹՍ-ներ է տրամադրել

ԱՄՆ-ը Հայաստանին 11 միլիոն դոլարի հետախուզական ԱԹՍ-ներ է տրամադրել

ԱՄՆ-ը Հայաստանին է վաճառել հետախուզական ԱԹՍ-ներ։ Այդ մասին փետրվարի 9-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղությունն ապահովելու լավագույն ձևը ռազմական լավագույն տեխնոլոգիաների տարածումն ու տեղադրումն է։ Եվ առաջին անգամ մենք հայտարարում ենք ռազմական տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին․ 11 միլիոն դոլարի հետախուզական անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիա՝ հայերին և մեր լավ բարեկամ վարչապետին: Սա նշանակում է նաև լրացուցիչ աշխատատեղերի բացում և ներդրումներ»,- հայտարարեց ԱՄՆ փոխնախագահը։

Նա նաև անդրադարձավ խաղաղության գործընթացին․ «Խաղաղությունը չի կերտվում զգույշ մարդկանց կողմից, խաղաղությունը չի կերտվում անցյալում, խաղաղությունը կերտվում է ապագայում։ Մենք Հայաստանի համար կերտում ենք ոչ միայն խաղաղություն, այլ նաև բարգավաճում՝ ԱՄՆ-ի հետ միասին։ Դա հնարավոր չէր լինի առանց Ձեր երկրի ղեկավարի առաջնորդության։ Ես իրոք հավատացած եմ, որ այսօր նոր սկիզբ է Հայաստանի և Միացյալ Նահանգների գործակցության ու գործընկերության համար»,- ընդգծեց Ջեյ Դի Վենսը։

ԱՄՆ փոխնախագահը խոսեց նաև ԹՐԻՓՓ (TRIPP) ծրագրի մասին՝ ընդգծելով, որ այն տնտեսական նոր հեռանկարներ է բացելու Հայաստանի համար։

«Այն տարածաշրջան կբերի արմատական տրանսֆորմացիա։ Մի նոր աշխարհ է բացվելու միջազգային առևտրի, տրանզիտի և էներգիայի հոսքի համար, ինչը աննախադեպ կապ կապահովի Հայաստանի և հարևան երկրների միջև։ Սա հոյակապ է ոչ միայն հայ ժողովրդի բարգավաճման համար, այլև նպաստավոր է խաղաղության գործընթացին։ Երբ դու կապում ես էներգետիկ ոլորտը, տնտեսությունը և այլն, նպաստում ես խաղաղությանը։ Մենք ուզում ենք ոչ թե պարզապես խաղաղություն հաստատել, այլ որպեսզի այդ կերտված խաղաղությունը գոյատևի»,- շեշտեց Ջեյ Դի Վենսը։

Նա նաև խոսեց NVIDIA ընկերությունից․ «ԱՄՆ պետքարտուղարությունը մի շարք արտոնագրեր է հաստատել NVIDIA ընկերության համար։ Այժմ, ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է նոր շուկաներ ամերիկացի աշխատողների և ամերիկյան բիզնեսի համար, բայց այն նաև նշանակում է ավելի մեծ բարգավաճում Հայաստանի ժողովրդի համար։ Սրանք չիպեր են, որոնք պարզապես գոյություն չունեն աշխարհի երկրների մեծ մասում։ Դրանք այժմ մշակվելու են, և այդ չիպերն օգտագործող տվյալների կենտրոնները կառուցվելու են, և փաստացի արդեն իսկ կառուցվում են վարչապետի առաջնորդության շնորհիվ, և մենք շատ ուրախ ենք համագործակցել այդ ուղղությամբ»,- ընդգծեց Ջեյ Դի Վենսը։

Համատեղ ասուլիսից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրեցին «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և  ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը»։

«Մեր պետություններն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտի բանակցությունները։ Այժմ, երբ դա ամբողջությամբ պատրաստ լինի, ճանապարհ կհարթի ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ քաղաքացիական միջուկային նախագծերի շուրջ գործարքներ կնքելու համար: Ի՞նչ է սա նշանակում․ մինչև 5 միլիարդ դոլարի սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն՝ վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով: Սա դասական «win-win» (երկուստեք շահավետ) տարբերակ է թե՛ Հայաստանի, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար: Սա նշանակում է ավելի ամուր էներգետիկ անվտանգություն իմ սեփական երկրի համար, և կարծում եմ, նշանակում է նաև ավելի ամուր էներգետիկ անվտանգություն Հայաստանի համար: Այն նաև պատրաստվում է ստեղծել բազմաթիվ նոր աշխատատեղեր Միացյալ Նահանգներում: Սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ: Ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր: Եվ կրկին, սա այն սակավաթիվ երկրներից է, որտեղ մենք մեզ բավականաչափ վստահ ենք զգում այս մակարդակի ներդրումներ անելու և այս տեսակի տեխնոլոգիա ուղարկելու համար: Եվ դա տեղի է ունենում վարչապետի շնորհիվ»,- շեշտեց Վենսը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև կարևորեց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ընթացող երկխոսությունը՝ ԹՐԻՓՓ-ի համատեքստում, այդ թվում՝  Գյումրի-Կարս երկաթուղու բացումը։ Նա ընգծեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին համատեղ հայտարարության տեքստի ստորագրումը։

«Այդ համաձայնագիրը նոր էջ կբացի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում և կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը՝ անվտանգ ու նորարարական տեխնոլոգիաների ներգրավմամբ։ Իմ երախտագիտությունն եմ հայտնել նաև միջուկային անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող երկարամյա աջակցության համար և պատրաստակամություն եմ հայտնել էլ ավելի զարգացնելու համագործակցությունը երկու երկրների համար կարևորագույն ուղղություններով։ Հուսով եմ, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ձևավորված սերտ և թափանցիկ համագործակցությունը թույլ կտա էլ ավելի զարգացնել և ամրապնդել երկու երկրների ընկերությունների միջև երկուստեք շահավետ փոխգործակցությունը»,- ասաց վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝ կողմերը նշանակալի առաջընթաց են արձանագրել նաև Հայաստան-ԱՄՆ ռազմական և պաշտպանական գործընկերության ասպարեզում, ինչը բազմամյա անվտանգային համագործակցության և արդեն երեք տարի անընդմեջ շարունակվող «Արծիվ գործընկեր» զորավարժությունների շարունակությունն է. Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել ԱԹՍ-ներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում