Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2012թ. տնտեսական աճի և հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանում տնտեսական աճն անցած տարի կազմել է 7,2%, ՀՆԱ-ն շուկայական գներով՝ Դ3,981 տրլն։
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության առջև խնդիրն էր դրել ապահովել 7% տնտեսական աճ, այն դեպքում երբ բյուջեի հիմքում գործադիրը դրել էր 4,2% ցուցանիշը, իսկ ՀՆԱ-ն շուկայական գներով պետք է կազմեր Դ4,218 տրլն։ Փաստացի՝ ՀՆԱ-ն նախատեսվածից պակաս է Դ237 մլրդ-ով, չնայած կառավարությունը կարողացել է հավաքագրել անգամ Դ101 մլրդ հավելյալ հարկերը։ Նախատեսվածից փոքր ՀՆԱ-ի պայմաններում Դ101 մլրդ-ի հավաքագրումը ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ այս ծավալից Դ70 մլրդ-ը պետք է ապահովվեր ՀՆԱ-ի բազային աճի հաշվին։
Այս պայմաններում վիճակագիրները տնտեսական աճն ապահովել են ՀՆԱ-ի ինդեքս դեֆլատորի հաշվին։
Խնդիրն այն է, որ 4,2% տնտեսական աճ կանխատեսելիս գործադիրն ընդունել էր, որ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլատորը (ընթացիկ և համադրելի գներով ՀՆԱ-ի ծավալների հարաբերակցությունը) կազմելու է 104,62%, այնինչ ԱՎԾ արձանագրել է 98,4%: Դեֆլատորը թույլ է տալիս որոշել, թե ինչ կարժենար արտադրության ընթացիկ ծավալը, եթե պահպանվեին նախորդ ժամանակահատվածի գները: Այլ կերպ՝ այն գործակից է, որի միջոցով չափվում է գնաճի ազդեցությունը ՀՆԱ-ի վրա։
ԱՎԾ-ի տվյալներից ստացվում է, որ 2012թ. նախորդ տարվա համեմատ տեղի է ունեցել գների 1,6% նվազում, և սա այն դեպքում երբ գնաճը (հաշվարկվում է 470 անվանում ապրանք ծառայությունների գծով) կազմել է 3,2%։
Civilnet











