Գլխավոր Լրահոս

Դժգոհության մաշեցման մեխանիկան

Իշխանությունը ինտենսիվորեն ելքեր է փնտրում նվազագույն կորուստներով ստեղծված իրավիճակից դուրս գալու և օրեցօր խորացող քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար: Սերժ Սարգսյանը, իր ոճին հավատարիմ, փորձում է իմիտացիոն ու կոսմետիկ լուծումներ տալ քաղաքական ճգնաժամին:

Իշխանությունը այս փուլում նախաձեռնել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակում խորհրդակցությունների շարք, որին ընդդիմության կողմից մասնակցում են ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, «Ժառանգության» կողմից՝ Ռուբեն Հակոբյանը: Խորհրդակցությունների առաջին փուլում որպես քաղաքական ճգնաժամի կոմպրոմիսային լուծում քննարկվել է երեք կետ.

1.Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ մեկ տարվա ընթացքում։
2.Համամասնական ընտրակարգի անցում՝ երկու տարվա ընթացքում։
3. Ընդդիմության վերահսկողական լծակների ավելացում։

Քննարկման ենթակա երեք կետերի բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ բանակցությունների սեղանի վրա գտնվող փաստաթուղթը կարող է ծուղակ լինել ընդդիմության և մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Եթե օրակարգում ընդգրկված բոլոր կետերը անխտիր ընդունվեն իշխանությունների կողմից, ապա դրան հաջորդելու է փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո բարձրացած դժգոհությունների ալիքի աստիճանական կամ կտրուկ անկում: Ուշադրություն է գրավում այն փաստը, որ Սերժ Սարգսյանը փոփոխությունների գնալու ժամկետը սահմանում է մեկից երկու տարի:

Ըստ էության, Սերժ Սարգսյանը այս փուլում ցանկություն չունի որևէ բան զիջելու, այլ տակտիկական քայլերով ժամանակ է ձգում: Իսկ ներկայացված երեք կետերը ընդունելու դեպքում էլ մի տարի հետո շատ մեծ հավանականությամբ կհայտարարվի, որ խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը և համամասնական ընտրակարգի անցումը այլևս նպատակահարմար չէ:

Իշխանության համար այս պահին գերխնդիր է համաժողովրդական դժգոհության ալիքը համապատասխան քայլերով մաշեցնելն ու պայքարի դուրս եկած հասարակությանը հիասթափեցնելն ու հոգնեցնելը:

Նման մարտավարություն հետընտրական լարված իրավիճակում կիրառվել է 2003թ., երբ հետընտրական դժգոհությունների ալիքը մարելու համար Սահմանադրական դատարանը խորհրդատվական որոշում կայացրեց մեկ տարվա ընթացքում նախագահի վստահության հանրաքվե անցկացնել: Հետագայում դրա իրականացումը նպատակահարմար չհամարվեց, քանի որ հրապարակում արդեն բողոքող ժողովուրդ չկար:  

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում