2012թ. Հայաստանի համախառն ներքին արդյունքը կանխատեսվածից պակաս է եղել Դ237 մլրդ-ով կամ 5,6%-ով, ինչից անկախ վիճակագիրներն արձանագրել են 7,2% տնտեսական աճ (բյուջեի հիմքում դրված էր 4,2%)։ Ցուցանիշն ապահովվել է ինդեքս-դեֆլատորի հաշվին. Ազգային վիճակագրական ծառայությունում (ԱՎԾ) որոշել են, որ 2012թ. Հայաստանում գներն ավելի ցածր են եղել, քան 2011թ.։
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2012թ. տնտեսական աճի և հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանում տնտեսական աճն անցած տարի կազմել է 7,2%, ՀՆԱ-ն շուկայական գներով՝ Դ3,981 տրլն։
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը անցած տարվա հունիսին կառավարության առջև խնդիրն էր դրել ապահովել 7% տնտեսական աճ, այն դեպքում, երբ բյուջեի հիմքում գործադիրը դրել էր 4,2% ցուցանիշը։ Ընդ որում՝ ՀՆԱ-ն շուկայական գներով պետք է կազմեր Դ4,218 տրլն։
Թեև ԱՎԾ-ն ապահովել է նախագահի հանձնարարականը, սակայն աճը չի հիմնավորել այլ ցուցանիշներով։
Խնդիրն այն է, որ 2012թ. ՀՆԱ-ն ծրագրվածից պակաս է Դ237 մլրդ-ով, ինչից անկախ Պետեկամուտների կոմիտեն հավաքագրել է Դ101 մլրդ-ի հավելյալ հարկեր։ Եվ սա այն դեպքում, երբ 2011թ. վերջին և 2012թ. հայտարարվում էր, որ լրացուցիչ հարկային եկամուտների շուրջ Դ70 մլրդ-ն ապահովվելու է հենց ՀՆԱ-ի բազային աճի հաշվին։ Պարզ ասած՝ այդ միջոցները պետք է հավաքագրվեին Դ455 մլրդ-ից՝ 2012թ. ՀՆԱ-ն շուկայական գներով պետք է ավելանար հենց այսքանով։
Ստացվում է, որ հարկման բազան նախատեսվածից կիսով չափ պակաս է եղել, ինչը չի ազդել հարկերի հավաքագրման վրա։ Սա նշանակում է, որ Դ101 մլրդ-ի զգալի մասը հավաքագրել է հարկային վարչարարության և կանխավճարների հաշվին։
Բացի այդ՝ ծրագրվածից փոքր ՀՆԱ-ն կառավարությունը թույլ է տվել 2012թ. համար ունենալ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ոչ թե 17,36% (դրված է 2012թ. բյուջեի հիմքում), այլ 18,4% ցուցանիշ։
ԱՎԾ-ի հրապարակումից երևում է, որ ՀՆԱ-ի 7,2% աճն իրականում ապահովվել է ինդեքս-դեֆլատորի (ընթացիկ և համադրելի գներով ՀՆԱ-ի ծավալների հարաբերակցությունը) հաշվին։ 4,2% տնտեսական աճ կանխատեսելիս գործադիրն ընդունել էր ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլատորի 104,62% ցուցանիշ, այնինչ ԱՎԾ-ն արձանագրել է 98,4%։ Դեֆլատորը թույլ է տալիս որոշել, թե ինչ կարժենար արտադրության ընթացիկ ծավալը, եթե պահպանվեին նախորդ ժամանակահատվածի գները: Այլ կերպ՝ այն գործակից է, որի միջոցով չափվում է գնաճի ազդեցությունը ՀՆԱ-ի վրա։
ԱՎԾ տվյալներից ստացվում է, որ 2012թ., նախորդ տարվա համեմատ, տեղի է ունեցել գների 1,6% նվազում, և սա այն դեպքում, երբ գնաճը (հաշվարկվում է 470 անվանում ապրանք-ծառայությունների գծով) անցած տարի կազմել է 3,2%։
ՀՆԱ-ն շուկայական գներով անցած տարի իրականում ավելացել է Դ205 մլրդ-ով։ Այլ հավասար պայմաններում (ինդեքս-դեֆլատոր 100%) տնտեսական աճը կկազմեր 5,4%, իսկ եթե հիմք ընդունենք բյուջեի հիմքում դրված ինդեքս-դեֆլատորը՝ 104,62%, ապա՝ 0,77%։
Ուշագրավ է նաև ՀՆԱ-ի կառուցվածքը ԱՎԾ-ի վարկածով։ Անցած տարի վիճակագիրները գյուղատնտեսությունում արձանագրել են 9,3% աճ, սակայն ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում կրճատվել է 1,2-տոկոսային կետով՝ կազմելով 19%։ Հանքարդյունաբերության 14,5% աճի պայմաններում ճյուղի մասնաբաժինը ՀՆԱ-ում մնացել է անփոփոխ՝ 2,9%, մշակող արդյունաբերությունում արձանագրված 2,5% աճի պայմաններում այս ճյուղի մասնաբաժինը կրճատվել է 0,5-տոկոսային կետով՝ մինչև 9,9%։

Civilnet










