«Սեփական տեսիլքների արտադրության» Հայաստանը
Ըստ իս՝ հասարակական բոլոր ֆիասկոների հիմքում այն է, որ ՀՀԿ-ն ընտրություններով չի եկել իշխանության։ Այսինքն՝ ոչ ոք չգիտի այդ կուսակցության մեկնարկային վարկանիշը 1998թ., երբ Վազգեն Սարգսյանի մասնակցությամբ իշխանությունից հեռացվեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Եթե հիշում եք, ՀՀԿ-ն «հզոր» քաղաքական ուժ է դարձել մի գիշերում՝ Տեր-Պետրոսյանի հրաժարականից մեկ օր առաջ։ Մինչ այդ հասարակությունն այդպես էլ չիմացավ 1995թ. Սահմանադրության հանրաքվեի և ԱԺ ընտրությունների, ինչպես նաև 1996թ. նախագահի ընտրությունների իրական արդյունքները։ Այսինքն՝ հասարակական օրգանիզմը 1995-ից մինչև հիմա չգիտի, թե ինչ ախտորոշումների «ներկայացուցիչ» է, ինչ հիվանդություններ ունի, օրգանիզմի որ հատվածն է առողջ՝ ո՞տքը, թե՞ ձեռքի ձախ ճկույթը։ Երբ իշխանությունը բոլոր ընտրություններից հետո ասում է, որ ընդդիմությունը պետք է քարը փեշից թափի և ճանաչի քվեարկության արդյունքները, չգիտի, որ մուտացիան ողջունելու կոչ է անում։ Իշխանությունը հրաժարվում է հասարակական օրգանիզմի մի ողը լինել։
Ոչ մի իշխանություն թույլ չի տա հասարակությանն իմանալ, թե ինչքան է իր իրական վարկանիշը։ Ահա ինչու «տոկոս խփելը», այնուամենայնիվ, անկախ Հայաստանի պատմության ամբողջ երկու բառն է։ Խփվել են միայն տոկոսները։ Մնացած բոլոր գործընթացները սրա пoбочный эффект-ներն են։ Դիցուք, пoбочный эффект են սեպտեմբերի 25-ը, հոկտեմբերի 27-ը, ապրիլի 12-ը, մարտի 1-ը։
Пoбочный эффект են քաղբանտարկյալները, հասարակական անտարբերությունը, օլիգարխներին «Քրիստոսից հետո երկրորդ մարդ» հռչակելը։ Ինչո՞ւ է հայ մարդն ընտրակաշառք վերցնում։ Որովհետև չգիտի, թե պետության տեսլականի մեջ ինքն ով է։ Որովհետև իրենից չի բխեցնում այդ տեսլականը։ Քաղաքական ճշմարտությունները նա հայտնագործում է ոչ իր փորձառության ուժով։ Հենց այդ պատճառով ընտրակաշառքի մեջ նա բարոյական մղումների փորձարկում չի տեսնում։ Չի տեսնում վիրավորանքը, իր և ոչ իր փողի սահմանաբաժանը չի տեսնում։ Ծայրահեղ դեպքում նա բարոյական է ընտրակաշառքը վերցնելուց հետո։ Վերցնելուց հետո նա մտածում է փող տվածին ընտրելու բարոյական անխուսափելիության մասին. «Ո՞նց կլինի՝ ես քցեմ էս մարդուն»։
Չվերցնելուց նա չգիտի, որ իր հավանած ընդդիմադիր քաղաքական ուժը, հանուն որի ինքը հրաժարվում է ընտրակաշառքից, աշխարհաքաղաքական պայմանականությունների մի ամբողջություն է, որտեղ ինքը չկա։
Ամենասարսափելին, սակայն, այն է, որ վերցնելուց էլ, չվերցնելուց էլ նա պետության սեփական տեսիլքը չի հակադրում պետության իշխանության «տեսիլքին»։ Որովհետև հայ մարդը խաղի կանոնները ճանաչում է առանց հասարակական օրենքների, այսինքն՝ Սահմանադրության հետ նույնանալուց։ Ամեն ինչի մեջ նա արագորեն յուրացնում է արդյունքը։ Ինչո՞ւ։ Որովհետև արցախյան ազատամարտից հետո աղավաղվեց երկարատև պայքարի նրա պատկերացումը։ Այդ ազատամարտի արդյունքները նրան հուշեցին, որ ապրելու համար առողջությանը վնաս է պարզապես քաղաքացի լինելը, վատագույն դեպքում կարելի է լինել «ասֆալտի ֆիդայի» կամ գաղթական։ Պատերազմի արդյունքները նրա վերջին նվաճումն էին, որովհետև այդ ժամանակ հայ մարդն իր համբերությունը նույնացրել էր պատերազմի անխուսափելիության, կորուստների ու նվաճումների հետ։ Պատերազմից հետո քվեարկության դրված Սահմանադրության հանրաքվեի ժամանակ նա արդեն տեսել էր, թե այդ պատերազմից ովքեր շահեցին, ովքեր էին երկրում եղանակ ստեղծում։ Հայ մարդը բնորոշեց նրանց ու մի կողմ քաշվեց։ Սկսվեց «սեփական տեսիլքների արտադրությունը»։ Ժամանակակից Հայաստանը «տնտեսական» միակ աճը գրանցել է «սեփական տեսիլքների արտադրությունում»։ Որովհետև միայն այդպիսի արտադրություն ունեցող երկրում են բաժանվում ընտրակաշառքները և արտագաղթելուց առաջ քվեն տալիս ՀՀԿ-ին։
Թեմա
Մհեր Արշակյան










