Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում այսօր` մարտի 1-ին, մեկնարկել է տասներկուերորդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը (Caucasus Travel Show, CTS), հաղորդում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից:
Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 75 կազմակերպություններ, որոնցից 11-ը` մարզերից: Երկօրյա միջոցառման կազմակերպիչներն ակնկալում են այցելուներ Թուրքիայից, Վրաստանից, Հունաստանից, Եգիպտոսից, Արգենտինայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Հայաստանի զբոսաշրջային ոլորտով հետաքրքրված այլ երկրներից:
Մարտի 1-ից 2-ը ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն կունենան գործնական կապեր հաստատելու զբոսաշրջային ծառայություններ մատուցող տեղական և միջազգային ընկերությունների հետ, տեղեկանալու ոլորտի նորություններին և զբոսաշրջային ապրանքին, ներկայացնելու իրենց բիզնեսները և տեղում վաճառելու զբոսաշրջային փաթեթներն ու ծառայությունները:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, USAID հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան, Ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը, Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության բաժնի պետ Մարիա Բարաղամյանը և Զբոսավարների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ֆելիսիթաս Վրեսինգը:
Ցուցահանդեսին ներկա էին Հայաստանի կառավարության, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից, ինչպես նաև այլ շահառուներ:
Կովկասյան զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը խթանում է զբոսաշրջությունը և իր շուրջը համախմբում Երևանից և Հայաստանի մարզերից եկող շուրջ 18 հազ. այցելուների:
1999-ից անցկացվող այս միջոցառումն արդեն դարձել է զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հանդիպման և գործնական կապերի հաստատման հարթակ:
Բացի զբոսաշրջային օպերատորներից` ցուցահանդեսին մասնակցում են զբոսաշրջային գործակալություններ, հյուրանոցներ ու հանգստյան տներ, ավիաընկերություններ, զբոսաշրջային կրթական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, զբոսաշրջության ոլորտը լուսաբանող ամսագրեր ու լրատվական գործակալություններ:
Civilnet











