Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը։
«Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։ Նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կկայանա Երևանում»,- գրել է Ջորկաեֆը։
Մայիսի 4-ին Երևանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ հանդիպումը։
***
Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի համար Հայաստանի պետբյուջեից կհատկացվի 1 մլրդ դրամ։
Եվրոպական քաղաքական համայնքը միջկառավարական հարթակ է, որը միավորում է եվրոպական երկրների ղեկավարներին՝ քննարկելու ռազմավարական նշանակության թեմաներ՝ անվտանգության, էներգետիկայի, միգրացիայի, ենթակառուցվածքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերում։ Այն նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2022-ին՝ նպատակ ունենալով ձևավորել երկխոսության ընդհանուր դաշտ ԵՄ անդամների և Եվրոպական հարևանության երկրների միջև։
ԵՔՀ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերին՝ Պրահայում։
Այս գագաթնաժողովի շրջանակում էր, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ ստորագրված հայտարարությամբ ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991-ի Ալմա-Աթայի Հռչակագրին:
Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:
Civilnet











