Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը ստորագրել են Հայաստանում աղքատ և խոցելի անձանց կենսաապահովման ու ձայնի զորեղացմանն ուղղված $2,7 մլն արժողությամբ ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը: Ինչպես հաղորդում են ՀԲ հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից, ծրագիրը ֆինանսավորում է Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամը (ՃՍԶՀ):
Ծրագիրը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ և նպատակ ունի ինքնաբավ հնարավորություններ ստեղծել Հայաստանի վեց մարզերի 15 քաղաքների ավելի քան 4000 խոցելի ու հաշմանդամ անձանց համար: Այն կաջակցի մասնագիտական/արհեստագործական ու աշխատանքային ուսուցումների հարցում, ինչը կնպաստի ինքնազբաղվածության ապահովմանը շահառուների շրջանում: Բացի այդ` ծրագրի շրջանակում կիրականացվեն սոցիալական ու առողջապահական ծառայություններ համայնքային մակարդակում և հնարավորություններ կապահովվեն հաշմանդամների համար` բարելավելով նրանց շահապաշտպան կարողությունները:
«Ծրագիրը նպատակ ունի ինտեգրել ծայրահեղ կարիքավոր և հաշմանդամ անձանց և օգնել, որ նրանք դառնան հասարակական կյանքի ակտիվ մասնակիցներ»,- ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին:
Ակնկալվող արդյունքները ներկայացված են ստորև`
- Շուրջ 800 հաշմանդամներ կմասնակցեն մասնագիտական/արհեստագործական ու աշխատանքային ուսուցումների և կբարելավեն իրենց մասնագիտական որակավորումներն ու կարողությունները: Սա կմեծացնի նրանց աշխատանքային հնարավորությունները և կապահովի մրցակցային դիրք աշխատաշուկայում: Առավել մեծ հաջողությունների հասած 200 մասնակիցների համար կապահովվի լրացուցիչ ուսուցում միկրոբիզնեսի ստեղծման ու կառավարման թեմաներով,
- Դասընթացներից հետո միկրոդրամաշնորհներ ստացած մոտ 40 հաշմանդամ շահառուներ հաջողությամբ կմեկնարկեն իրենց նոր գործը,
- Շուրջ 4.000 անձինք կօգտվեն համայնքային սոցիալական ու առողջապահական ծառայություններից, ընդ որում նրանցից 2.000-ը կստանան նաև տաք սնունդ` ծրագրի ներքո գործարկվելիք 15 ցերեկային խնամքի կենտրոնների միջոցով,
- Բարելավված ֆիզիկական հասանելիության հնարավորություններ կապահովվեն հաշմանդամների կողմից հաճախակի այցելվող 12 հասարակական վայրերում/շենքերում: Կգործարկվեն նորոգված ու սարքավորումներով ապահովված հաշմանդամության երկու ռեսուրս-կենտրոններ:
ՃՍԶՀ–ն ստեղծվել է Ճապոնիայի կառավարության կողմից 2000թ.՝ նպատակ ունենալվող ուղղակի աջակցել աղքատ և խոցելի խմբերին, զարգացնել կարողականությունները, հզորացնել վերջիներիս մասնակցությունը զարգացման գործընթացներում: Հիմնադրամը տնօրինում է ՀԲ-ն: 2012թ. դրությամբ հիմնադրամին հատկացվել է $625 մլն` միտված 300 սոցիալական ծրագրերի ու նախագծերի աջկացմանը:
Civilnet











