2026-ի խորհրդարանական ընտրությունների համար 4,5 մլրդ դրամ է հատկացվել․ ԿԸՀ

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) սահմանել է 2026-ի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախնական բյուջեն՝ շուրջ 4,5 մլրդ դրամ (մոտ 11,2 մլն դոլար)։ Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից։
Փետրվարի 24-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ հաստատված նախահաշվի զգալի մասը՝ ավելի քան 1,8 մլրդ դրամ, ուղղվելու է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձերի վճարմանը։
«ԿԸՀ-ն սահմանել է նաև Ազգային ժողովի 2026-ի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ, որից 1 մլրդ, 800 մլն․ 296 հազար դրամը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձն է»,- ասված է ԿԸՀ հաղորդագրության մեջ։
Ընտրությունների նախապատրաստական փուլի շրջանակում հանձնաժողովը սահմանել է նաև կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը։ Նոր կանոնակարգը համապատասխանեցվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին, համաձայն որի՝ քաղաքական ուժերն իրենց ցուցակի առաջին 30 թեկնածուներին պետք է հաստատեն համագումարի որոշմամբ։
Հանձնաժողովը սահմանել է թեկնածուի, լիազոր ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, այցելուի, թարգմանչի, ընտրատարածքային եվ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, մասնագետի, աջակցման կենտրոնի մասնագետի, պատգամավորի, համայնքի ղեկավարի, ավագանու անդամի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի վկայականների ձևերը։
Civilnet










