Շուշանն իր գլխավոր քայլը կատարել է՝ դարձել է հանրապետական
Շուշան Պետրոսյանն ասել է, որ ազնիվ չէ ընտրակաշառք վերցնել մեկից, բայց քվեն տալ մյուսին: Նկատի ունի գյումրեցիների վարքը: Քանի որ սա, այնուամենայնիվ, մարդու միտք է, փորձենք գտնել արդարացումները: Նա ազնիվ է: Նա չի հերքում ընտրակաշառքը: Ավելին, բնական է համարում, որ կա նման բան: Էլ ավելին, չի ասում, որ ինքն, այնուամենայնիվ, ընտրակաշառք չէր տա: Բարոյականը նրա համար այն է, որ մարդը չխաբի ինքն իրեն, եթե վերցրել է, թող արդարացնի «գործատուի» հույսերը: Թող հերոս չձևանա:
Ընտրողի այդ երախտամոռության մեջ Շուշանը կարդում է ՀՀԿ-ի սնանկացումը՝ ի՞նչ է նշանակում փողը վերցնել ՀՀԿ-ից, քվեն տալ, ասենք, Վարդան Սեդրակյանին: Խոտովանեք, որ չլսված բան է: Հասկանալու համար այստեղ արդեն արվեստը, Արիստոտելը ոչնչով չեն կարող օգնել: Շուշանն ունի հարցադրումներ, որոնք չի հնչեցնում. օրինակ, այդ երբվանի՞ց «ազգս դարձավ ուտող-ուրացող»: Հասկանու՞մ եք, ինքն իր գլխավոր քայլը կատարել է՝ դարձել է հանրապետական, հիմա ուզում է, որ մենք քայլ անենք՝ վերցնենք փողը (քանի որ ո՞վ է լսել, որ մարդ քվեարկի առանց փողի) ու քվեն տալ ՀՀԿ-ին: Ես կարծում եմ, որ Շուշանը կեղծ բաներ չի ասել: ՀՀԿ-ն աուրա է, այնտեղ այդպես չմտածելը պաթոլոգիայի ոլորտից է: Իրենք, սակայն, համոզմունքներով չէ, որ խոսում են, այլ «պախանի ողորմածության» թելադրանքով: Չեն կարող իրենց թույլ տալ մնալ սոված: ՀՀԿ-ում ոչ ոք չի քննարկի ընտրակաշառքի անբարոյականությունը: Ինչո՞ւ. որովհետև ՀՀԿ-ականի մեջ զգաստ է սոված մարդը, չի քնում: Նրանց մեծ մասը երեխա ունի, բայց սովի զգացումն իրենն է, այլապես ինչպե՞ս կարելի է մտածել, թե Րաֆֆուն ձայն են տվել «գեյական կլուբներ բացելու» կողմնակիցները: Իսկ Րաֆֆուց առաջ եղած կլուբները իմ հե՞րն է բացել: Տղա ջան, դու լսե՞լ ես, որ Սերժ Սարգսյանը «գեյ կլուբների» դեմ որևէ բան ասած լինի: Քո տղամարդ հալով ի՞նչ ես մեջ ընկնում «գեյերի» հանդեպ սարսափով:
«Ես խոսում եմ իմ ապրած կյանքով»,- ասում է Շուշան Պետրոսյանը: Նրան ասում են, որ ժողովուրդը պետք է կարողանա ապրել իր հողի վրա, ասում է՝ ի՞նչ ժողովուրդ, էն 37 տոկո՞սը: ՀՀԿ-ական կինը նայում է հայ մարդու աչքերի մեջ ու նրան ասում՝ թշնամի: Ինչո՞ւ է այս կինը երգել: Երգելը՝ ջհանդամը: Նա երեխաներ ունի: Վստահ եմ՝ լուսավոր արարածներ: Ու միշտ լուսավոր: Բայց, ախր, միայն ինքը չէ, որ ունի: Նույն Գյումրիում չորս ամսական երեխան մի կիսավերակի մեջ պահում է մորը և տատիկին: Իր 21 հազար դրամ նպաստով: Շուշան Պետրոսյանն ու Դավիթ Սահակյանցը լսե՞լ են նրա մասին: Իրենց գործատուն Սերժ Սարգսյանն է, այս ընտանիքի «գործատուն»՝ երեք ամսական երեխան: Ձեզանից ո՞վ ամաչելու կամ հպարտանալու բան ունի: Այդ ընտանիքի համար ընտրակաշառքը «ողորմության» քույր անունն է: Ձեզ համար այն նոր կլիպների, անիմացիոն նախագծերի հարյուր հազարավոր դոլարներն են, որոնք, ի վերջո, ձեր ճոխ քվեի ընտրակաշառքն են:
Դավիթ Սահակյանցն ասում է, որ եթե նոր ընտրություններ լինի, կրկին հաղթելու է Սերժ Սարգսյանը: Որովհետև իր համար այդ երեք ամսական երեխայի քվեն գոյություն չունի, որովհետև նրան թվում է, թե քվեն տալիս է մուլտիպլիկատորը, ակտիվիստը և երգչուհին: Որովհետև, երբ ինքն իր երեխաներին ասում է, թե մի կեղծիր ինքդ քեզ, դա նույնը չէ, ինչ քվեն: Ջհանդամը, համաձայն եմ, նույնը չէ: Ի վերջո ովքե՞ր են Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Սերժ Սարգսյանը: Ես չգիտեմ: Երկուսն էլ խաբում են իրենց դիրքերից: Բայց, սիրելի Դավիթ, զբաղվիր դրանցից մեկով՝ կա՛մ քո երեխայով, կա՛մ քվեիդ արդարացումներով: Քիչ չեն, չէ՞, այն երեխաները, որոնք մուլտեր են նայում: Նշանակում է, դու զգում ես ոչ միայն քո և Շուշանի, այլև մյուս երեխաների գեղագիտական «թելադրանքը»: Ուրեմն այդ թելադրանքն ինչպե՞ս է «անիմացվում», եթե երկու ձեռքդ միշտ Սերժ Սարգսյանի կողմն է:
Թեմա
Մհեր Արշակյան










