Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 4-ին քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Այս մասին հայտնում են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Վրաստան է մեկնել մարտի 3-ին։
Փաշինյանն ու Կոբախիձեն կարևորել են առևտրատնտեսական համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը։ Այդ համատեքստում ընդգծվել է այսօր կայանալիք Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի անցկացումը։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցության ամրապնդմանը տարբեր ոլորտներում։
Վարչապետները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի շուրջ։ Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շարունակականությունը։
***
Վրաստանը պարբերաբար տարբեր տեսակի խոչընդոտներ է ստեղծում հայկական բեռնափոխադրումների համար, որոնք հիմնականում դրսևորվում են սահմանային արգելքներով և պարզաբանումների բացակայությամբ։
Փետրվարին օրեր շարունակ 100-ից ավելի բեռնատար անհայտ պատճառներով կանգնեցվել են ռուս-վրացական սահմանին, և վրացական կողմը հստակ չի նշել, թե տնտեսվարողները կոնկրետ ինչ «ռիսկեր» են առաջացրել կամ ինչ խախտումներ թույլ տվել։
Սա միակ դեպքը չէ, քանի որ նմանատիպ խնդիրներ եղել են նաև նախկինում։ Վրացական գերատեսչությունները հաճախ հարցը փոխանցում են մեկը մյուսին՝ դժվարացնելով հայկական կողմի համար հասկանալ, թե որոնք են թույլատրելի կանոնները և ինչպես կարելի է խուսափել բեռների կուտակումներից ու տնտեսական վնասներից։
Civilnet











