Գլխավոր Լրահոս

ԱՊՊԱ-ն հատել է վնասաբերության կրիտիկական շեմը

ԱՊՊԱ-ն հատել է վնասաբերության կրիտիկական շեմը

Ընթացիկ տարվա հունվարի վերջին ԱՊՊԱ պայմանագրերի թիվը կրճատվել է 30,4 հազ-ով՝ ամսվա վերջին կազմելով 359 հազ.։ Հաշվարկները ցույց են տալիս, որ գրեթե 30 հազ. մեքենա էլ գտնվում է ստվերում։ Բացի այն, որ ոլորտում չի նվազում ստվերային ավտոմեքենաների թիվը, գրեթե 82%-ի հասել ապահովագրական ընկերությունների վնասաբերությունը։

Ավտոապահովագրողների բյուրոն հրապարակել է հունվար ամսվա վիճակագրությունը, համաձայն որի՝ Հայաստանում ոչ միայն չի նվազում «ստվերային ավտոմեքենաների» թիվը, այլևս բավական բարդ վիճակում են հայտնվել ապահովագրական ընկերությունները։ Նման միտումը կարող է հարցականի տակ դնել ԱՊՊԱ-ի ինստիտուտի զարգացման հեռանկարները։

Անցած տարվա հունվարին կնքված ԱՊՊԱ պայմանագրերի թվի համեմատ այս տարի դրանց թիվը ավելացել է 48 հազ-ով։ Աճը պայմանավորված է նրանով, որ անցած տարի Հայաստան է ներկրվել 34,68 հազ. ավտոմեքենանա։

Ոլորտում ստվերային ավտոմեքենաների մասին պատկերացում կազմելու համար պետք է հաշվի առնել 2011թ. պայմանագրեր ունեցող մեքենաների թիվը (համակարգի ներդրման առաջին տարում ոլորտի վերահսկողությունը ավելի խիստ էր)։ Այսպես, 2011թ. հունիսի վերջի դրությամբ ԱՊՊԱ պայմանագրի ունեցող ավտոմեքենաների թիվը կազմել է 349 հազ.։ Եթե հաշվի առնենք, որ տարվա երկրորդ կիսամյակում ներկվել է 15,4 հազ. ավտոմեքենա, իսկ 2012թ.՝ ևս 34,7 հազ., ապա 2011թ. հունիսի վերջին ցուցանիշի համեմատ այս տարվա հունվարին ԱՊՊԱ պայմանագրերով ավտոմեքենաների թիվը պետք է ավելանար 50 հազ-ով, այնինչ ավելացել է 10 հազ-ով։ Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ գյուղական բնակավայրերում սեզոնային օգտագործման ավտոմեքենաների սեփականատերերը կնքում են միայն կարճաժամկետ պայմանագրեր, միևնույն է՝ ամենահամեստ հաշվարկներով մոտ 30 հազ. ավտոմեքենա շարունակում է մնալ ստվերում։

Ստվերային ավտոմեքենաների խնդրից բացի ոլորտում ուշագրավ ևս մեկ միտում է արձանագրվել։

Ապահովագրական ընկերությունների հավաքագրումներից երևում է, որ այս տարի առկա պայմանագրերի զգալի մասը կազմել են կարճաժամկետները։ Այսպես, եթե 2012թ. հունվարի վերջի դրությամբ առկա ԱՊՊԱ պոլիսների միջին արժեքը կազմել է 22 հազ., ապա այս տարի՝ Դ15,5 հազ.։ Որ ապահովագրական ընկերությունների պորտֆելում գերակշռել են կարճաժամկետ պայմանագրերը, վկայում է մեկ տարվա պայմանագրի նվազագույն սակագինը՝ Դ25 հազ. (սեփականատիրոջ տարիքը 23-ից բարձր է, վարորդական ստաժը՝ 3 տարուց ավելի, մեքենայի շարժիչի հզորությունը՝ մինչև 80 ձիաուժ)։

Թեև այս տարվա հունվարը անցածի համեմատ ձյունառատ չի եղել, ապահովագրական ընկերությունները ստացել են հատուցումների 5,1 հազ. դիմում, ինչը ավելի է 77,7%-ով։ Դիմումների քանակի նման աճը ապահովագրական ընկերություններին ստիպել է խնայել հատուցումների վրա։ Անցած տարվա հունվարի համեմատ միջին հատուցման գումարը այս հունվարին կրճատվել է Դ34,3 հազ-ով կամ 15,5%-ով՝ կազմելով Դ186,8 հազ.։

Անգամ հատուցումների վրա տնտեսումները ապահովագրական ընկերություններին չեն ապահովագրել վնասաբերության կրիտիկական շեմը հատելուց։ Հունվարին ԱՊՊԱ ոլորտում վնասաբերությունը կազմել է 82%, անցած տարվա 74%-ի համեմատ։ ԱՊՊԱ պոլիսների սակագնի հիմքում դրված էր 78% վնասաբերության ցուցանիշը, ինչը նշանակում է, որ հավաքագրված յուրաքանչյուր Դ100-ից հատուցման է ուղղվելու Դ78-ը, այն դեպքում, երբ հունվարին ուղղվել է Դ82։ Եթե հաշվի առնենք, որ ապահովագրական ընկերությունները բազմիցս նշել են, որ անգամ 78%-ն է չափազանց մեծ ցուցանիշը, և կրիտիկական շեմը 70% վնասաբերությունն է, ապա ստացվում է որ 2012թ. ապահովագրական ընկերությունները գործել են վնասով, իսկ այս հունվարը էլ ավելի է խորացրել վիճակը։

Ոլորտի խնդիրները կարող են ավելի սրանալ, եթե հաշվի առնենք, որ 2013թ. հունվարի 1-ից ներդրվել է ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների (Բոնուս-Մալուս) համակարգը՝ թեև «խեղված» տրամաբանությամբ։ Այն ենթադրում է, որ բարեխիղճ վարորդները այս տարի կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի համար զեղչեր կստանան, իսկ օրինազանցների համար, ահա, որևէ պատիժ չի լինի։ Արդյունքում ապահովագրական ընկերություններում կկրճատվեն հավաքագրումները, իսկ հատուցումների գումարը առնվազն կմնա անցած տարվա մակարդակին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում