Գլխավոր Լրահոս

Իրանում հնարավոր անկայունությունը «գոյաբանական սպառնալիք» է Հայաստանի համար․ Քոչարյան

Իրանում հնարավոր անկայունությունը «գոյաբանական սպառնալիք» է Հայաստանի համար․ Քոչարյան

Իրանում հնարավոր անկայունությունը կարող է սպառնալիք լինել Հայաստանի համար։ Այս մասին մարտի 7-ին իր դաշինքի կողմից նախաձեռնած փոդքասթում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։

Քոչարյանի խոսքով՝ Իրանում էթնիկ հակամարտությունների կամ ներքին անկայունության սցենարը կարող է անմիջական ազդեցություն ունենալ Հայաստանի անվտանգության վրա։

«Հիմա պատկերացրեք էթնիկ հողի վրա խմորումներ Իրանում։ Ինչի՞ կարող է դա բերել․ 17-ից 20 միլիոն ադրբեջանցիներ և այլ ազգություններ․․․ Սա ուղղակի գոյաբանական սպառնալիք է Հայաստանի համար, ոչ թե այսպես մի թեթև անկայունություն․․․»,- նշել է նա։

Քոչարյանը հավելել է, որ Իրանի հետ խնդիրները կարող են լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության և հաղորդակցության ուղիների համար։

«Նայեք, մենք բավական մեծ ծավալի առևտուր ունենք, օրինակ, Միացյալ Էմիրությունների հետ։ ․․․ Զգալի ծավալի ապրանքատեսակներ գալիս են Էմիրություններից և գալիս են մեծ ֆուռերով՝ Իրանի տարածքով։ Ի՞նչ է լինելու այդ ծավալների հետ»։

Քոչարյանն ընդգծել է, որ Իրանի տարածքը կարևոր է նաև ռազմատեխնիկական համագործակցության համար, քանի որ, օրինակ, Հնդկաստանից Հայաստան զենքը ներկրվում է նաև Իրանի տարածքով։

Նա քննադատել է Հայաստանի գործող իշխանություններին՝ տարածաշրջանային զարգացումներին բավարար ուշադրություն չդարձնելու համար։

Քոչարյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է լրջագույն քայլերի դիմի՝ խուսափելու համար խոշոր պետությունների շահերի բախման կետում հայտնվելուց և, որպես հարևան երկիր, պետք է անի ամեն ինչ՝ պատերազմն օր առաջ կանգնեցնելու ուղղությամբ։

«Ի՞նչ է արվում։ Փորձել են զանգել, ինչ-որ առաջարկներ անել, մենք հարևան երկիր ենք։ Մեր չափով, ոչ բյուջեով, մենք Կատարից, Քուվեյթից մեծ ենք։ Մեր շահերը վտանգված են։ Մենք պետք է մի դիրքորոշում որդեգրե՞նք, թե՞ չէ։ Մենք պետք է փորձենք նաև եվրոպացիների, Միացյալ Նահանգների հետ խոսել՝ մեր ձայնը լսելի դարձնելու համար, և ասել՝ ստոպ, էս ու՞ր եք տանում։ Դե մարդը զբաղված է, քարոզարշավ է անում»,- ասում է Քոչարյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում