Գլխավոր Լրահոս

TRIPP-ը միջանցք է, ոչ թե պարզապես հաղորդակցությունների բացման նախագիծ. Լիլիթ Գևորգյան

TRIPP-ը միջանցք է, ոչ թե պարզապես հաղորդակցությունների բացման նախագիծ. Լիլիթ Գևորգյան

Ես չեմ տեսնում, թե TRIPP-ը ինչով է տարբերվում 2020-ի նոյեմբերի 9-ի Պուտինի ներկայացրած ծրագրից. այս մասին ասել է Լոնդոնի IHS Global կենտրոնի Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը։ «Երբ կարդում ես TRIPP նախագծի նկարագրությունը, դա ընդամենը միջանցք է»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է նա:

TRIPP-ը (Trump Route for International Peace and Prosperity) կամ «Թրամփի ուղին» հաղորդակցության հայեցակարգի նախագիծ է, որի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համատեղ հռչակագրով: Այն նախատեսում է Սյունիքի տարածքով ճանապարհի, երկաթուղու և այլ ենթակառուցվածքների կառուցում, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի նրա էքսկլավ Նախիջևանի հետ։

Գևորգյանն ասել է, որ TRIPP նախագիծը, որը ներկայացվում է որպես Հայաստանի տարածքով տարածաշրջանային հաղորդակցությունների բացման մեխանիզմ, իր էությամբ միջանցք է։

Թեև նախագծի շուրջ պաշտոնական ձևակերպումներում հաճախ խուսափում են «միջանցք» բառից, բովանդակային առումով, ըստ Գևորգյանի, այն չի տարբերվում այն մոդելից, որի մասին խոսվում էր դեռ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունում։ 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրված հայտարարությամբ, որով ավարտվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, ի շարս այլ դրույթների, Հայաստանը պարտավորվում էր անխոչընդոտ հաղորդակցություն տրամադրել Ադրբեջանին՝ ռուսական հսկողությամբ։

«Եթե ճանապարհները բացվում են, այդ ճանապարհով նաև ռուսական ապրանքներ են տեղափոխվելու։ Այս մեծ պատկերում Ռուսաստանը նույնպես շահում է»,- ասել է նա։

Գևորգյանը միաժամանակ ընդգծել է, որ ներկայում նախագծի տնտեսական կառուցվածքը և Հայաստանի իրական շահը դեռ հստակ չեն։

Նրա խոսքով՝ առկա տեղեկություններից պարզ չէ, թե ինչպես է կարգավորվելու ճանապարհի կառավարումը, ինչ տնտեսական եկամուտ կստանա Հայաստանը և ինչպիսի վերահսկողություն կունենա հայկական կողմը։

«Այն, ինչ ես լսում եմ ադրբեջանական ղեկավարությունից, ակնհայտորեն միջանցք է, որը պարզապես կոչվում է Թրամփի ճանապարհ»,- ասել է նա։

Վերլուծաբանը նաև նշել է, որ նախագծում ԱՄՆ-ի երկարաժամկետ ռազմավարական շահը դեռևս պարզ չէ և այն ավելի շատ կապվում է նախագահ Դոնալդ Թրամփի անհատական քաղաքական մոտեցումների հետ։

Նրա գնահատմամբ՝ այս փուլում նախագծի հիմնական շահառուն առաջին հերթին Ադրբեջանն է։

Միևնույն ժամանակ, Գևորգյանը պնդում է, որ Ռուսաստանը տարածաշրջանում չի կորցրել իր ազդեցությունը, այլ փոխել է մարտավարությունը՝ անցնելով ավելի ճկուն համագործակցային մոդելի։

«Ռուսաստանի ազդեցությունը չի պակասում։ Փոխվում է ներգրավվածության ձևը, բայց ոչ ներկայությունը»,- ասել է նա։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում