Գլխավոր Լրահոս

Իրանից օդային հոսանքների ներթափանցում և թթվային անձրևների վտանգ չկա․ ՇՄՆ

Իրանից օդային հոսանքների ներթափանցում և թթվային անձրևների վտանգ չկա․ ՇՄՆ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հերքում է «թթվային անձրևների» մասին լուրերը։ Կենտրոնից հայտնում են, որ մարտի 7-8-ի տեղումների մոնիթորինգը որակական փոփոխություն չի արձանագրել, իսկ օդային հոսանքների վերլուծությունը բացառում է առաջիկա 10 օրերին Իրանի տարածքից վտանգավոր զանգվածների ներթափանցումը Հայաստան։

«Էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածվող որոշ հրապարակումների կապակցությամբ՝ կապված «թթվային թունավոր անձրևների հետ», հայտնում ենք, որ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն Ամբերդի դիտակայանում իրականացնում է մթնոլորտային տեղումների որակական մոնիթորինգ։

Մարտի 7-8-ը տեղացած մթնոլորտային տեղումների որակական կազմի ուսումնասիրության համաձայն՝ տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չի դիտվել»,- հայտնում են ՊՈԱԿ-ից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մարտի 9-11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանը գտնվելու է հյուսիս-արևելյան օդային հոսանքների ազդեցության գոտում, իսկ մարտի 12–20-ը հանրապետությունում հիմնականում կգերակշռեն հարավ-արևմտյան հոսանքները, որոնք ձևավորվում են Միջերկրական ծովի ավազանում։ Մթնոլորտային գործընթացների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում։ Հարավային ցիկլոնների ներթափանցումը ՀՀ տարածք հիմնականում դիտվում է Իրաքի շրջաններից, այլ ոչ թե Իրանից, նման ցիկլոնների ներթափանցում մեր տարածաշրջան լինում է խիստ հազվադեպ։

Առաջիկա 10 օրերին Իրանի տարածքում նկատվում է օդային հոսանքների արևմուտք-արևելք տեղաշարժ, այսինքն օդային զանգվածները Իրանի տարածքից տեղաշարժվում են դեպի Թուրքմենստան։

«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է մթնոլորտային պայմանների մշտադիտարկում և առաջին իսկ փոփոխությունների դեպքում հասարակությունը տեղեկացված կլինի«,- ասված է հաղորդագրության մեջ։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած պատերազմի ընթացքում հարվածներ են հասցվել Թեհրանում և նրա շրջակայքում գտնվող նավթային պահեստներին և էներգետիկ ենթակառուցվածքներին։

Իրանի Կարմիր մահիկը հայտնել է, որ Իրանում կարող են թթվային անձրևներ սկսել նավթի պահեստարանների վրա հարվածների պատճառով։

Նման օբյեկտներում պայթյունները մթնոլորտ են արտանետում թունավոր միացություններ, որոնք կարող են անձրևը թթվային դարձնել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում