Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մարտի 10-ին Փարիզում հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
Նախարարները քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Ընդգծելով երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում ուղիղ փոխգործակցության զարգացման պատրաստակամությունը՝ զրուցակիցները քննարկել են հետագա քայլերն ու տեխնիկական մանրամասները:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարն X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հանդիպել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքային և էներգետիկ հարցեր, որոնք կնպաստեն տարածաշրջանում երկարատև խաղաղությանն ու կայունությանը։
«Այս համատեքստում անդրադարձանք համագործակցության ոլորտներին, հիմնականում՝ էլեկտրաէներգիայի փոխկապակցվածությանը, ատոմային էներգետիկային և բնական գազին», - գրել է թուրք նախարարը։
***
Հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ճիշտ կլինի, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միացված լինի նաև Թուրքիային ու Ադրբեջանին, ինչը թույլ կտա միջազգային տերություններին շահագրգռված լինել Հայաստանի հաղորդակցության ուղիների կայունությամբ։
Ըստ Փաշինյանի՝ էներգահամակարգերի միացումը թույլ կտա իրականացնել միասնական արտահանում կամ առնվազն ստանալ տրանզիտային եկամուտներ Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիայի տեղափոխման դիմաց։
Փաշինյանի համոզմամբ՝ անվտանգության մասին պատկերացումները պետք է թարմացվեն, քանի որ նախկին մոդելներն արդեն ցույց են տվել իրենց անարդյունավետությունը վերջին տարիներին, իսկ տնտեսական փոխկապվածությունը կարող է դառնալ անվտանգության ամենահուսալի երաշխիքը։
Վարչապետը տեղեկացրել էր, որ այս ուղղությամբ արդեն իսկ գնում է գործնական աշխատանք, և կոնկրետ պայմանավորվածությունների դեպքում այդ մասին կհայտարարվի։
Civilnet











