Լիա Ավագյան
ԱՄՆ-ի և Եվրոպայի համալսարաններից ու հետազոտական հաստատություններից ցեղասպանագիտության ոլորտի ավելի քան երկու տասնյակ գիտնականներ ուրբաթ համատեղ հայտարարությամբ Հայաստանի կառավարությանը կոչ են արել վերականգնել Էդիտա Գզոյանին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում՝ նշելով, որ նրա հեռացումը սպառնում է ինստիտուտի միջազգային հեղինակությանը և մտահոգություններ է առաջացնում ակադեմիական անկախության վերաբերյալ։
Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հայտարարեց, թե անձամբ ինքն է Գզոյանին հանձնարարել ներկայացնել հրաժարականի դիմում՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի անցյալ ամսվա այցի ընթացքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նրա վարքագծի պատճառով։
«Մենք՝ ստորագրողներս, խոր մտահոգություն ենք հայտնում Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած վերջին մտահոգիչ զարգացումների կապակցությամբ»,- նշել են գիտնականները՝ հավելելով, որ Գզոյանը հրաժարական է տվել «ըստ տեղեկությունների՝ կառավարության ճնշման ներքո, ոչ թե ազատ կամքով»։
Ստորագրողները նշում են, որ Գզոյանը ամրապնդել է ինստիտուտի միջազգային ակադեմիական հեղինակությունը՝ ընդլայնելով արխիվները, կազմակերպելով միջազգային գիտաժողովներ և հրատարակելով գիտական աշխատություններ։ Նրանք զգուշացնում են, որ ղեկավարության նկատմամբ քաղաքական միջամտությունը կարող է խոչընդոտել արտասահմանյան հետազոտողների հետ համագործակցությունը։
Փաշինյանն ասել է, որ Գզոյանի կողմից Վենսին Արցախի մասին գրքեր նվիրելը, ինչպես նաև Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում հակահայկական ջարդերին անդրադառնալը հակասում են Հայաստանի արտաքին քաղաքական գծին. «Ես Վենսին Արցախի մասին գիրք նվիրելը համարել եմ սադրիչ քայլ, որը հակասում է կառավարության քաղաքականությանը»։
Թանգարանի աշխատակիցներն իրենց բողոքն են հայտնել կառավարության որոշման դեմ, իսկ հայտնի ցեղասպանագետ, պատմաբան Ռայմոնդ Գևորգյանը և խորհրդի մի քանի այլ անդամներ հրաժարական են տվել՝ ի նշան բողոքի։
Իսկ այսօր տարածված հայտարարությունը ստորագրել են.
- Պրոֆ. Պեդրոս Տեր-Մաթոսյան, Նեբրասկա-Լինքոլնի համալսարանի պատմության պրոֆեսոր և Հիմեն Ռոզենբերգի անվան հուդայական ուսումնասիրությունների պրոֆեսոր,
- Պրոֆ. Էլիզ Սեմերջյան, Քլարքի համալսարանի Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների ամբիոնի ղեկավար,
- Պրոֆ. Արմեն Մարսուբյան, Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր,
- Պրոֆ. Քիթ Ուոթենփաու, Կալիֆոռնիայի համալսարան, Դևիս, մարդու իրավունքների ուսումնասիրությունների պրոֆեսոր,
- Պրոֆ. Մելանի Շուլցե Թանիելյան, Միչիգանի համալսարանի պատմության դոցենտ,
- Դոկտ. Սիմոն Մաղաքյան, Օքսֆորդի համալսարանի դասախոսական կազմի անդամ,
- Դոկտ. Բորիս Աճեմյան, Նուպարյան գրադարանի տնօրեն,
- Մարկ Մամիկոնյան, Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի ակադեմիական հարցերի տնօրեն,
- Պրոֆ. Վահե Թաշճյան, Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանի հայկական ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ,
- Պրոֆ. Հուրի Բերբերյան, Կալիֆոռնիայի համալսարան, Իրվայն, պատմության պրոֆեսոր,
- Պրոֆ. Հենրի Թերիո, Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի փոխնախագահ,
- Պրոֆ. Ռոնալդ Գրիգոր Սունի, Միչիգանի և Չիկագոյի համալսարանների պատվավոր պրոֆեսոր,
- Պրոֆ. Բարլոու Տեր-Մկրտիչյան, Կալիֆոռնիայի պետական համալսարան, Ֆրեզնո, հայկական ուսումնասիրությունների համակարգող,
- Պրոֆ. Լորի Խաչատուրյան, Կոռնելի համալսարանի դոցենտ,
- Դոկտ. Հիլմար Կայզեր, Բեռնի համալսարան,
- Մայքլ Բոբելյան, Կոլումբիայի համալսարանի և Բարուխ քոլեջի հրավիրյալ դասախոս,
- Պրոֆ. Ա. Դիրք Մոզես, Նյու Յորքի Սիթի քոլեջի պրոֆեսոր,
- Պրոֆ. Էրվե Ժորժելեն, Աթենքի ազգային և կապոդիստրիական համալսարան,
- Գրեգորի Աֆթանդիլյան, Ամերիկյան համալսարանի ավագ դասախոս,
- Պրոֆ. Ժյուլիեն Զարիֆյան, Պուատիեի համալսարան,
- Պրոֆ. Ֆաթմա Մյուգե Գյոքչեք, Միչիգանի համալսարան,
- Պրոֆ. Դեյվիդ Գոնտ, Սյոդերթյորնի համալսարան,
- Պրոֆ. Թեսսա Հոֆման, նախկինում՝ Բեռլինի Ազատ համալսարան,
- Դոկտ. Թալար Չահինյան, Կալիֆոռնիայի համալսարան, Իրվայն,
- Պրոֆ. Սամուել Թոթեն, Արկանզասի համալսարան։
Գիտնականները նշում են, որ Գզոյանը պետք է անհապաղ վերականգնվի պաշտոնում։ Նրանք ընդգծում են, որ ինստիտուտի ղեկավարության վերաբերյալ որոշումները պետք է հիմնված լինեն ակադեմիական որակավորման, այլ ոչ թե քաղաքական նկատառումների վրա։
Read the article in English։ Genocide scholars urge Armenia to reinstate museum director after resignation dispute
Civilnet











