Գլխավոր Լրահոս

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին թողեց անփոփոխ՝ 6,5%

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին թողեց անփոփոխ՝ 6,5%

Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6,5% մակարդակում։ Ցուցանիշն անփոփոխ է մնում անցած տարվա դեկտեմբերից, երբ գլխավոր դրամատունը վերջին անգամ նվազեցրեց այն 0,25%-ով։ 

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս որոշումը կայացնելիս հաշվի են առնվել ինչպես Հայաստանում առկա գնաճային միտումները, այնպես էլ համաշխարհային շուկաներում պահանջարկի թուլացման ռիսկերը։

Անդրադառնալով ներքին տնտեսությանը՝ Կենտրոնական բանկն արձանագրում է, որ 2026-ի առաջին ամիսներին տասներկուամսյա գնաճն արագացել է՝ փետրվարին կազմելով 4,3%, իսկ բնականոն գնաճն ավելացել է մինչև 4,7%: Միաժամանակ, 2025-ի չորրորդ եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում զգալիորեն արագացել է՝ տարեկան կտրվածքով կազմելով 7,2%։

Բարձր աճին շարունակել են մեծապես նպաստել շինարարության, ծառայությունների և մշակող արդյունաբերության ճյուղերը։ Այս իրավիճակում, տնտեսական աճի կառուցվածքային խնդիրների և հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնման պատճառով, ըստ ԿԲ խորհրդի, ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնող։ Զուգահեռաբար, մասնավոր աշխատավարձերի աճը և ծառայությունների գնաճը դրսևորում են հիմնականում կայունացման միտումներ։

Միջազգային ասպարեզում Կենտրոնական բանկն առանձնացնում է մի քանի առանցքային գործոններ, որոնք կարող են բացասաբար ազդել միջնաժամկետ հեռանկարի վրա։ Մասնավորապես, ԱՄՆ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունները, պետական պարտքի հնարավոր մեծացումը և մաքսատուրքերի սահմանափակ հավաքագրումը մեծացրել են անորոշությունը երկարաժամկետ տոկոսադրույքների շուրջ։ Բացի այդ, Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պայմաններում էապես աճել է նավթի համաշխարհային գների կտրուկ բարձրացման ռիսկը և դրա շուրջ անորոշությունները։ Հաշվի առնելով մի կողմից թույլ պահանջարկը, իսկ մյուս կողմից գնաճային ռիսկերը, կանխատեսվում է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերը կարող են հետաձգել դրամավարկային պայմանների մեղմացումը։

Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ֆինանսական շուկայի մասնակիցներն ակնկալում են, որ Կենտրոնական բանկը փոքր-ինչ ավելի երկար կպահպանի տոկոսադրույքի ընթացիկ մակարդակը՝ միջնաժամկետ հորիզոնում այն նվազեցնելով մինչև 6,25%։ 

Նշվում է, որ որոշում կայացնելիս խորհուրդը հավասարակշռել է զարգացման երկու հնարավոր հակադիր սցենարներ։ Մի դեպքում դիտարկվել են գործոններ, որոնք պահանջում են ակնկալվածից ավելի բարձր տոկոսադրույք, իսկ մյուս դեպքում՝ ավելի ցածր։

Արդյունքում գլխավոր դրամատունը որոշել է անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը՝ հավելելով, որ կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում