Չինաստանում արտադրված 45 նոր տրոլեյբուսներն արդեն ամբողջությամբ պատրաստ են, և շուտով կլինեն Երևանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետը հայտնել է, որ նոր տրոլեյբուսները լիովին կփոխարինեն նախկին հնամաշ շարժակազմին, և բոլոր հին տրոլեյբուսները դուրս կգան շահագործումից։
***
Դեռևս հունիսին քաղաքապետի նախկին մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել տարեսկզբին խոստացված 45 տրոլեյբուսներից 30-ը՝ թերհավաքագրումների պատճառով։ Իրավիճակի համար Կոստանյանը մեղադրել էր տրանսպորտի թանկացման դեմ պայքարողներին։
Նոյեմբերին էլ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ քաղաքապետարանը 12 մետրանոց 45 տրոլեյբուս է գնել, որոնք Հայաստան կհասնեն 2026-ի առաջին կիսամյակում։
Դեկտեմբերին Ավինյանը հայտնեց, որ Երևանի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման համար նախատեսված բյուջետային հատկացումների մի մասը կուղղվի 45 նոր տրոլեյբուսների գնմանը։
Civilnet











