Ինչ պետք է անի Սահմանադրական դատարանը
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը շուրջ երկու շաբաթ տևած վարանումներից հետո երեկ դիմեց Սահմանադրական դատարան՝ պահանջելով «վավերացնել և ամրագրել փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները և չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակված կեղծ թվերը»:
Ակնկալել, որ Սահմանադրական դատարանը որոշում կկայացնի անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, միամտություն է:
Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ պետական այս ինստիտուտը ճգնաժամային պահերին մշտապես իշխանության կողքին է:
Սակայն հաշվի առնելով Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ 2012թ. մայիսին կայացած ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանի և 2013թ. փետրվարի 18-ի ընտրությունների նկատմամբ բնակչության խոր անվստահության գործոնը՝ Սահմանադրական դատարանը լարված իրավիճակը մեղմելու մի քանի տարբերակ ունի, որը կարող է «պարտադրել» նաև իշխանությանը:
Առաջին, հաշվի առնելով ընտրությունների արդյունքներից հասարակության բուռն դժգոհությունները, առաջիկա մեկ տարվա ընթացքում անցկացնել նախագահի վստահության հանրաքվե: 2003թ. նախագահական ընտրություններից հետո նման որոշում ընդունվեց, բայց այն կյանքի չկոչվեց: Այժմ պետք է երաշխավորել, որ նման որոշման պարագայում այն անպայման կյանքի կոչվի:
Երկրորդ՝ Սահմանադրական դատարանը կարող է հանդես գալ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու, մեծամասնական ընտրակարգը վերացնելու և խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ նշանակելու առաջարկությամբ, որպեսզի ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը և կառավարությունը իրապես արտացոլեն քաղաքական տրամադրությունները երկրում:
Ճիշտ է, այս երկու տարբերակները թերևս ընդունելի չլինեն ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության համար, սակայն ստեղծված իրավիճակում առանց ցնցումների փոփոխության առավել օպտիմալ տարբերակներն են:
Կարեն Հարությունյան
Civilnet










