Այսօր` ժամը 12:30-ին, «Աճուրդի կենտրոնում» պետք է տեղի ունենար ՀՀ կառավարական N2 մասնաշենք հասցեում գտնվող՝ 14,2 հազ. քմ մակերեսով շենք-շինությունների և դրանց սպասարկման ու օգտագործման համար հատկացված հողամասի վաճառքը, որը չի կայացել` գնորդ չլինելու պատճառով:
Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման վարչության մամուլի քարտուղար Մարգարիտ Սարգսյանը:
Նրա խոսքով` արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերության առաջարկն ԱԳՆ շենքի համար մնում է ուժի մեջ:
Նշենք, որ Էռնեկյանը, որը նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության սեփականատերն է, ճիշտ այնքան գումար էր առաջարկել, որքան այսօրվա աճուրդում ԱԳՆ-ի շենքի համար նախատեսված 51 270 840 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամ մեկնարկային գինն էր:
Ըստ Պետգույքի կառավարման վարչության տեղեկատվության` աճուրդի հաղթողի հետ գույքի օտարման պայմանագիրը պետք է կնքվեր մինչև 2013թ. ապրիլի 30-ը: Շենքի վաճառքը նախատեսված էր ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1675-Ն որոշմամբ, ըստ որի՝ վաճառքի էր հանվում Կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող՝ 14,2 քմ մակերեսով շենք-շինությունները և հատկացված հողամասը:
Civilnet











