Գլխավոր Լրահոս

Տանգո պարելու ժամանակը

Տանգո պարելու ժամանակը

Հայաստանի արտգործնախարարության շենքի վաճառքի համար նշանակված աճուրդը չի կայացել` գնորդի բացակայության պատճառով, և որոշվել է շենքը վաճառել «Տանգո» ընկերությանը, որի հետ նախնական պայմանագիր էր կնքվել։ «Տանգո» ընկերությունը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին, որը դրա համար պետք է վճարի 51 միլիոն դոլար:
Դեռ մի քանի ամիս առաջ, երբ կառավարությունը որոշում էր ընդունել այդ շենքը վաճառելու մասին, հասարակական բուռն դժգոհություններ էին առաջացել՝ այն հիմնական պատճառաբանությամբ, որ շենքը պետական խորհրդանիշ է, և չի կարելի վաճառել: Գրեթե բացակայում էին փաստարկները, որ պետական գույքի օտարման համար ավելի լավ է բաց, թափանցիկ ընթացակարգը՝ աճուրդը:

Թե ինչ նպատակներով և ինչպես է կառավարությունը տնօրինելու շենքի վաճառքից ստացված գումարը, այլ թեմա է: Իհարկե, լավ կլինի, որ հասարակությունը նույն ջանասիրությամբ հետևի նաև այդ հարցին և թույլ չտա, որ հանկարծ չարաշահումներ լինեն...

Սակայն ներկայում առավել կարևորն այն է, որ Հայաստանի սովորական քաղաքացին հանրային սեփականությանը վերաբերվի ոչ թե հուզական, կեղծ-հայրենասիրական մոտեցումներով, այլ սեփականատիրոջ դիրքերից: Այսինքն՝ խնդրին մոտենա բիզնես տեսանկյունից և դրան նայի հարկատուի աչքով: Այդ առումով երկու հիմնական փաստարկ կա:

Նախ, շենքի վաճառքի արդյունքում բյուջե մտած գումարից բացի՝ լինելու են խոշոր ներդրումներ: Նախնական տեղեկություններով՝ պրն Էռնեկյանը պատրաստվում է այդ շենքի տեղում բարձրակարգ հյուրանոց կառուցել: Ինչ խոսք, հյուրանոցը ոչ միայն հավելյալ աշխատատեղեր է ենթադրում, այլև զբոսաշրջիկներ, հարակից մանր ու միջին ծառայություններ և այլն: Այսինքն՝ շենքի վաճառքից ստացվող գումարից ոչ պակաս կարևոր է շենքի հետագա օգտագործման նշանակությունը:

Երկրորդ, ՀՀ քաղաքացի-հարկատուն պետք է մտածի ոչ թե պետական պաշտոնյաների՝ Հանրապետության հրապարակում գտնվելու պրեստիժի մասին, այլ այն մասին, թե որքան է ինքը դրա համար վճարում կամ որքան օգուտ կարող էր ստանալ, եթե պետական մի կառույց այլ տեղում լիներ [դիցուք՝ ԱԳՆ-ն ավելի հարմարավետ շենք է տեղափոխվելու]:

Հայաստանում յուրատեսակ նորմ է դարձել, երբ խնդիրներին հասարակական հնչեղություն է հաղորդվում ոչ թե սառը հաշվարկներով, այլ հուզականությամբ ու պոպուլիզմով:

 Կարեն Հարությունյան

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում