Փաշինյանի մոսկովյան այցն ու Հայաստանի երկաթուղու ապագան

Տիգրան Գրիգորյան
Ապրիլի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այցը հատկանշական էր ինչպես երկու առաջնորդների հանդիպման հրապարակային մասում արված հայտարարություններով, այնպես էլ հանդիպմանը նախորդած ու հաջորդած ժամանակահատվածներում արված մեկնաբանություններով։
Այդ հայտարարությունների հիման վրա կարելի է հասկանալ, թե ինչ խնդիրներ են եղել Փաշինյանի մոսկովյան այցի օրակարգում։
Ամենայն հավանականությամբ, այցի հիմնական նպատակներից մեկը Հայաստանի երկաթգծային ենթակառուցվածքի նկատմամբ վերահսկողության ապագայի վերաբերյալ քննարկումներն են եղել։ Այդ մասին են հուշում Փաշինյանի այցից առաջ և հետո այս թեմայով ռուսաստանցի պաշտոնյաների հայտարարություններն ու հարցազրույցները։
Հայաստանի երկաթգծային համակարգի ապագայի վերաբերյալ քննարկումները ակտիվացել են վերջին ամիսների ընթացքում։ Փետրվարի 13-ին Նիկոլ Փաշինյանըն իր հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի երկաթգծային համակարգի նկատմամբ վերահսկողությունը կարող է խոչընդոտել տարածաշրջանային ապաշրջափակման գործընթացին։
Նա, մասնավորապես, հայտարարել էր․ «TRIPP-ի շրջանակներում հիմա կան ուժեր, որ ասում են` եկեք այնպես անենք, որ Մեղրիից հետո, երբ երկաթուղին մտնում է Նախիջևան, շրջանցի Հայաստանը, ասում են՝ տեսեք՝ Հայաստանի երկաթուղին ՌԴ կառավարման ներքո է»։ Փաշինյանը նշել էր, որ այս իրավիճակի հնարավոր լուծումը կարող է լինել այն, որ Հայաստանի և Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող որևէ երկիր կոնցեսիոն կառավարման իրավունքը գնի Մոսկվայից։ Այս ճեպազրույցի ընթացքում Փաշինյանը որպես հնարավոր գնորդներ նշել էր Ղազախստանին, ԱՄԷ-ին և Կատարին։ Արդեն մարտի 26-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Փաշինյանը հաստատեց, որ ռուսական կողմի հետ բանակցում են «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարման իրավունքը ղազախական ընկերության փոխանցելու շուրջ։
TRIPP-ի համատեքստում Փաշինյանի բարձրաձայնած մտահոգությունը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ապաշրջափակման գործընթացում ԵՄ հնարավոր ներգրավվածության հետ։ Նախորդ տարվա օգոստոսի Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո Բրյուսելը փորձում է դեր գտնել այդ գործընթացում։ Ամիսներ առաջ ԵՄ-ն քննարկումներ է սկսել Ադրբեջանի հետ Նախիջևանով անցնող երկաթգծի վերականգնման աշխատանքներին աջակցելու համար, բայց այն նախապայմանով, որ այդ երկաթգիծը պետք է կապվի Հայաստանին Երասխի հատվածում։
Հենց այս բանակցությունների ֆոնին էլ ի հայտ է եկել այն փաստարկը, որ քանի որ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 2008-ից կառավարվում է եվրոպական պատժամիջոցների ներքո «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ընկերություն «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից, այդ հանգամանքը Երասխի հատվածում Նախիջևան-Հայաստան կապը ԵՄ աջակցությամբ վերականգնելու հեռանկարի տեսանկյունից կարող է խնդրահարույց լինել։
Սեփական երկաթուղիների կառավարումը Ռուսաստանից երրորդ երկրի փոխանցելու Հայաստանի մտադրությունը առաջին հերթին պայմանավորված է վերոնշյալ խնդիրներով։ Այն, ամենայն հավանականությամբ, նաև Ռուսաստանից կառուցվածքային կախվածությունը նվազեցնելու ավելի լայն քաղաքականության մաս է։
Այդ առումով Փաշինյանի այցը Մոսկվա, ինչպես նաև Պուտինի հետ նրա հանդիպման բավական յուրահատուկ հրապարակային հատվածը այս զարգացումների ֆոնին պետք է դիտարկել։ Հայաստանի վարչապետի այցից առաջ ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարել էր, որ Մոսկվան որևէ մեկին որևէ կոնցեսիա տալու ծրագրեր չունի՝ հավելելով, որ Հայաստանը պաշտոնապես չի քննարկել այս հարցերը Ռուսաստանի հետ։
Պատահական չէ նաև, որ Փաշինյանի հետ հանդիպման հրապարակային հատվածում Պուտինը առանձահատուկ շեշտ դրեց երկու երկրների միջև առկա առևտրաշրջանառության, դրա կառուցվածքի, Հայաստանին վաճառվող գազի ցածր գների և նմանատիպ այլ գործոնների վրա։ Սրանք ակնհայտ ակնարկներ էին այն մասին, որ եթե Երևանը քայլեր ձեռնարկի ռուսական վերահսկողությունը Հայաստանի ենթակառուցվածքների նկատմամբ նվազեցնելու ուղղությամբ, Մոսկվան կօգտագործի Պուտինի նշած տնտեսական լծակները։
Փաշինյան-Պուտին հանդիպման հաջորդ օրը ռուսական պետական «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցի միջոցով այդ մասին ուղիղ տեքստով խոսեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Հարցազրույցի հիմնական թեման հենց Հայաստանի երկաթուղիների ապագան էր։ Օվերչուկը նշեց, որ Ռուսաստանի տեսանկյունից կոնցեսիոն պայմանագիրը վերանայելու տնտեսական հիմքեր չկան։ Նա զգուշացրեց, որ նմանատիպ որոշման դեպքում Ռուսաստանը պատասխան քայլեր է ձեռնարկելու՝ սահմանափակելով հայաստանյան բիզնեսի մուտքը ռուսական շուկա։
Պուտինի և Օվերչուկի այս հայտարարությունները հուշում են, որ, ինչպես և կանխատեսվում էր, Հայաստանի երկաթուղիների նկատմամբ վերահսկողությունը չափազանց կարևոր հարց է Ռուսաստանի համար, և նրանք չեն պատրաստվում հրաժարվել դրանց նկատմամբ կառավարման իրավունքից։
Սա ուշագրավ է նաև այն առումով, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Ռուսաստանից տարբեր ոլորտներում ազդեցությունը նվազեցնելու Հայաստանի փորձերին Մոսկվան արձագանքում է կոշտ և խոսում է գործնական լուրջ հետևանքների մասին։
2022-ի աշնանը, երբ Հայաստանը սկսել էր արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում իր բազմազանեցման քաղաքականությունը, Մոսկվան այս գործընթացում Երևանի քայլերին հիմնականում արձագանքում էր հայտարարությունների մակարդակում՝ մեծ հաշվով ընդունելով այդ որոշումները։ Այս պահվածքի պատճառը այն էր, որ այդ քայլերը լրջորեն չէին նվազեցնում Հայաստանի կառուցվածքային կախվածությունը Ռուսաստանից և շատ հաճախ խորհրդանշական բնույթ էին կրում։ Այդպիսի քայլերի շարքին կարելի է դասել ռուսական սահմամանապահ ուժերի դուրսբերումը Զվարթնոց օդանավակայանից ու հայ-ադրբեջանական սահմանից, ՀԱՊԿ-ում անդամակցության սառեցումը և նմանատիպ այլ զարգացումներ։Այս որոշումները, սակայն. էականորեն չէին նվազեցնում Ռուսաստանի լծակները Հայաստանում։ Ավելին, արտաքին քաղաքականության ու անվտանգության բազմազանեցման փորձերի և հրապարակային փոխադարձ մեղադրանքների ֆոնին երկու երկրների միջև տնտեսական ու առևտրային կապերը ակտիվ զարգանում էին։ Արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանի համար Հայաստանի պես երկրների հետ առևտրաշրջանառության աճը, այդ երկրների միջոցով սեփական առևտրային կապերը բազմազանեցնելու անհրաժեշտությունը որոշակի փոխադարձ կախվածություններ և յուրահատուկ անվտանգության բարձիկ է ստեղծել Հայաստանի համար։
Հայաստանի երկաթգծային ենաթակառուցվածքի ապագայի վերաբերյալ մեկնարկած այս քննարկումները առաջին դեպքն է, երբ Ռուսաստանը կարող է վերահսկողության լուրջ ռեսուրս և լծակ կորցնել Հայաստանում։ Սրան գումարվում է նաև Հայաստանի մտադրությունը այլ գործընկերների հետ համագործակցությամբ կառուցելու նոր ատոմակայան։ Մեծամորի ատոմակայանի շահագործումը, որը իրականացվում է «Ռոսատոմի» կողմից, ավարտվում է 2036-ին։ Ուշագրավ է, որ նոր ատոմակայանի թեմային ևս բավականին լուրջ անդրադարձ է կա Օվերչուկի հարցազրույցում։
Այս բոլոր գործոնները ստեղծում են մի իրավիճակ, երբ Ռուսաստանը վերջին տարիներին առաջին անգամ դիտարկում է Հայաստանի նկատմամբ կոշտ գործիքակազմի կիրառումը։ Ռուսաստանի կողմից վերոնշյալ սպառնալիքների նույնիսկ մասնակի կիրառումը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել Հայաստանի տնտեսության համար։ Այդ առումով կա մեծ հավանականություն, որ Հայաստանի իշխանությունները կարող են հրաժարվել «Ռուսական երկաթուղիների» հետ կոնցեսիոն պայմանագիրը վերանայելու մտադրությունից և փորձել այլընտրանքային լուծումներ գտնել ապաշրջափակման գործընթացում ի հայտ եկած խնդրահարույց հարցերի համար։
Կազմակերպություն
Տիգրան Գրիգորյան










