Գնացքը գնաց, Րաֆֆի՛
Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական հանդիպումների և կոնսուլտացիաների շարք է նախաձեռնել: Ընտրություններից անմիջապես հետո նա գնաց Դաշնակցության մոտ, և հաջորդ օրը ՀՅԴ գործիչները Ազատության հրապարակի հարթակում էին: Թեկուզ ոչ կոշտ հռետորականությամբ, բայց Րաֆֆիի կողքին էին:
Շաբաթ օրը «Ժառանգության» առաջնորդը հանդիպեց «Սարդարապատ» շարժման ղեկավարների հետ: Այդ օրվա գլխավոր լուրը, սակայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և մյուս գործիչների հետ ջերմ հանդիպումն էր: Հանդիպումն ուշագրավ էր նրանով, որ ավելի վաղ՝ խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո, «Ժառանգությունը» քննադատում էր ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի համագործակցությունը և հրաժարվում գործակցության որևէ ձևաչափից: «Ժառանգությունը» հրաժարվեց նաև մասնակցել ընտրությունների վերահսկման միասնական շտաբի աշխատանքներին…
Ներկայում պատասխան պահանջող հարցերից գլխավորն այն է, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը չի գնում նաև Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ: Մանավանդ, որ Տեր-Պետրոսյանը ՀՀՇ համագումարից հետո հայտարարեց, որ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին միանալու հետ կապված նա ասաց. «ժողովուրդը գործ արել է, պահանջատերը կամ իրավատերը դեռևս միայն խոսում է: Երբ գործ կանի, այն ժամանակ կգնահատվի, և եթե համարենք, որ պետք է միանանք, կմիանանք»: Տեր-Պետրոսյանը թերևս «գործ անել» ասելով ակնկալում էր, որ Րաֆֆին կհայցի իր աջակցությունը…
Կհանդիպի՞ արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը Տեր-Պետրոսյանին, թե՞ ոչ. սա գնալով երկրորդական հարց է դառնում, որովհետև քաղաքական մոբիլիզացիան պետք էր արագ ապահովել՝ համապատասխան խողովակներով հաղորդակցություն հաստատելով կոնկրետ ուժերի հետ: Ճիշտ է, երկու գործիչները մեղմ ասած համակրանքով չեն վերաբերվում իրար, սակայն հաղթանակի ձգտող քաղաքական գործիչը պետք է այդ բարդույթներից վեր կանգնի:
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի երեկ հրավիրած հերթական հանրահավաքը սակավամարդ էր: Եղանակը, իհարկե, վատն էր, բայց այն չի կարող պատճառաբանություն լինել: Խնդիրն ավելի խորքային է. որքան էլ սրտառուչ ելույթներ ու հայտարարություններ հնչեն հարթակից, միևնույն է, հասարակությունը սկսում է ավելի քիչ հավատալ շարժման հաջողությանը: Հասարակությունը արագ քաղաքական համախմբում էր սպասում, և դա առաջին հերթին պետք է գար Րաֆֆի Հովհաննիսյանից:
Կարեն Հարությունյան
Civilnet










