Առաջիկա հինգ տարիներին դրամը Հայաստանում լողալու է արժեզրկման ուղղությամբ։ Կառավարությունը մինչև 2018թ. տարեկան ակնկալում է դրամի միջինը 5% արժեզրկում։ Սպասումները գրեթե նույնական են Արժույթի միջազգային հիմնադրամում։
Որ առաջիկա հինգ տարիներին դրամը շարունակելու է արժեզրկվել, հստակ է գործադիրի՝ «Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի (2012-2025 թթ. համար)» նախագծից։ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի ղեկավարած միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից պատրաստված այս փաստաթղթում ներկայացված է Հայաստանի ՀՆԱ-ն ազգային արժույթով և ամերիկյան դոլարով մինչև 2025թ.։
Այս տարվա համար կանխատեսված դրամական անվանական ՀՆԱ-ն դոլարով փոխակերպելու համար աշխատանքային խումբը հիմնվել է Դ418,5/$1 միջին փոխարժեքի վրա։ Սա հուշում է, որ կառավարությունում ընթացիկ տարում սպասում են դրամի 4% արժեզրկում։ Ընդ որում՝ կանխատեսվում է, որ 2014թ. միջին փոխարժեքը կկազմի ?439,5/$1, 2015թ.՝ ?461,5/$1, 2017թ.՝ ?499/$1։ Հետագա տարիների համար փոխարժեքային կանխատեսումներ չկան, հաշվարկներում պահպանվում է ?499/$1 մակարդակը։
Հայաստանի ազգային արժույթի արժեզրկում են սպասում նաև Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ)։ ԱՄՀ առաքելության «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրի 4-րդ՝ հերթական ամփոփիչ ստուգման (ԱՄՀ առաքելությունը Երևանում էր 2012թ. սեպտեմբերի 5-18-ը) փետրվարյան զեկույցում առկա են մինչև 2015թ. ազգային արժույթով և արտարժույթով անվանական ՀՆԱ-ի կանխատեսումներ։ ԱՄՀ մասնագետները ՀՆԱ-ն արտարժույթով փոխարկելու համար 2013թ. հաշվարկներում օգտագործել են Դ432/$1 փոխարժեքը, 2014թ. համար վերցվել է Դ456/$1, 2015թ. համար՝ Դ480,5/$1 մակարդակը։
Թեև ԱՄՀ-ի և կառավարության մասնագետների կողմից օգտագործված միջին փոխարժեքները որոշակիորեն շեղվում են, դրամի շարունակական արժեզրկման սպասումներն ակնհայտ են։
Թե՛ ԱՄՀ-ի, թե՛ միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից օգտագործված փոխարժեքները հիմնավորված են, երկուսն էլ ներկայացնում են այլ մակրոտնտեսական ցուցանիշներ, մասնավորապես՝ արտահանման և ներմուծման, մասնավոր տրանսֆերտների ծավալները, ճյուղային զարգացումները։ Փոխարժեքային շեղումների հիմքում ընկած է մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների կանխատեսումների տարբերությունը։
«Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի (2012-2025 թթ. համար)» նախագծում օգտագործված միջին փոխարժեքը գալիք տարիների համար կարող է շեղվել՝ պայմանավորված համաշխարհային տնտեսության իրավիճակով, ինչպես նաև ներքին տնտեսությունում ճյուղային կառուցվածքային հնարավոր փոփոխություններով։ Կառավարության միջգերատեսչական աշխատանքային խմբում կանխատեսում են, որ ապրանքների և ծառայությունների արտահանման առաջանցիկ աճի և ներմուծման չափավոր զսպման քաղաքականության արդյունքում առևտրային հաշվեկշռի պակասուրդի մեծությունը 2011թ. ՀՆԱ 23,5%-ից 2017թ. կնվազի մինչև 12,3%, իսկ 2021թ.՝ մինչև 6,9%։ Հասկանալի է, որ ազգային արժույթի վարքագծի ռիսկերը երկկողմանի են, և տնտեսության աճի ավելի արագ տեմպերի դեպքում ազգային արժույթը կարող է անգամ արժևորվել, աճի դանդաղման դեպքում արժեզրկումը կարող է արագանալ։
Civilnet











