TRIPP-ի շինարարության փուլում երրորդ գործընկերների կարիք ենք ունենալու: Այս մասին ապրիլի 10-ին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Իհարկե, պայմանագիրը երկկողմ է լինելու. և՛ համաձայնությունը, և՛ նախագիծը, մեծ հաշվով, ամբողջապես երկկողմ է, նկատի ունեմ Հայաստանը և Միացյալ Նահանգները, բայց նաև և՛ շինարարության փուլում ենք գործընկերների կարիք ունենալու, և՛, ըստ էության, ամենայն հավանականությամբ նաև այդ համակարգերի կառավարման փուլում»,- ասել է նախարարը։
Միրզոյանը վստահեցրել է, որ չնայած աշխարհում և տարածաշրջանում ընթացող ոչ այնքան բարենպաստ գործընթացներին՝ Հայաստանի և Ամերիկայի միջև երկկողմ աշխատանքները TRIPP-ի իրագործման ուղղությամբ շարունակվում են։
«Ես առիթ ունեցել եմ ասելու, որ հիմա դեռ փաստաթղթային փուլն է աշխատանքների և, ըստ էության, միջպետական, ուրեմն, պայմանագրի համաձայնեցման փուլում ենք գտնվում: Մենք մտքերը և դիրքորոշումները առանձին հարցերի շուրջ անընդհատ ենք փոխանակում ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ»,- ասել է նախարարը:
Միրզոյանի խոսքով՝ TRIPP նախագիծը բազմաթիվ երկրների շահերի հետ է համընկնում՝ սկսած Չինաստանից, վերջացրած Պորտուգալիայով։
«Որքան էլ որ երկկողմ նախագիծ է, բխում է և համապատասխանում է բազմաթիվ երկրների շահերից՝ սկսած Չինաստանից, վերջացրած Պորտուգալիայով էլ չասած մեր անմիջական հարևանների: TRIPP-ն այլ մոլորակի վրա չէ. TRIPP-ի մի ծայրը պետք է կպնի Ադրբեջանի Հանրապետությանը կամ սկիզբ առնի, մյուս ծայրը ավարտվի Նախիջևանով՝ էլի Ադրբեջանի Հանրապետությունով: Բայց տրամաբանական շարունակությունը Երասխով հայկական երկաթուղիների մյուս ցանցն է, Կարս-Գյումրի երկաթուղային հանգույցն է և Թուրքիա՝ Թուրքիայի երկաթուղային ցանցը. Կենտրոնական Ասիայի երկրները հատկապես շատ շահագրգռված են: Մեկ օր առաջ մենք այստեղ հանդիպում էինք նաև Ղազախստանի արտաքին գործերի նախարարի հետ, ով Հայաստանում էր նաև Ղազախստանի տրանսպորտի նախարարի ուղեկցությամբ: Հետևաբար, քննարկումները կան. Մերձավոր Արևելյան երկրներն են շահագրգիռ, նաև հետաքրքրված այս թեմաներով: Առայժմ որևէ կոնկրետ բան չկա, որը ես կարող եմ կիսել նաև հանրության հետ»,- ասել է նախարարը:












