Գլխավոր Լրահոս

ՌԴ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են խոցված AZAL ինքնաթիռի փոխհատուցման շուրջ

ՌԴ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են խոցված AZAL ինքնաթիռի փոխհատուցման շուրջ

Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունները հայտարարել են 2024 թվականին ռուսական ՀՕՊ համակարգերի կողմից խոցված ադրբեջանական մարդատար ինքնաթիռի միջադեպի հետևանքների և փոխհատուցման վճարման հարցերի «պատշաճ կարգավորման» մասին: Խնդրի շուրջ տարաձայնությունները երկկողմ հարաբերություններում ճգնաժամի պատճառ էին դարձել:

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը եկել են համաձայնության՝ հիմնվելով 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Այն նախատեսում է միջադեպի հետևանքների պատշաճ կարգավորում, այդ թվում՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաու քաղաքի մերձակայքում կործանված՝ AZAL ավիաընկերությանը պատկանող Embraer 190 ինքնաթիռի գործով փոխհատուցումների վճարում: 

Ռուսական կողմն ընդունել է, որ ինքնաթիռի կործանումը ՌԴ օդային տարածքում ՀՕՊ համակարգի «ոչ կանխամտածված գործողության» արդյունք էր:

Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ ընդգծվում է, որ այս քայլերը վկայում են դաշնակցային փոխգործակցության շրջանակներում փոխշահավետ համագործակցությունը հետագայում ևս զարգացնելու երկկողմ ձգտման մասին: Գերատեսչությունը վստահություն է հայտնել, որ փոխադարձ հարգանքի, վստահության և շահերի հաշվառման վրա հիմնված ռուս-ադրբեջանական կապերի զարգացումը կնպաստի «բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը ի նպաստ երկու պետությունների ժողովուրդների»։ 

Պաշտոնական Մոսկվան նաև վերստին իր «խորին ցավակցությունն» է հայտնել օդանավի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին ու մերձավորներին:

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի թռչող AZAL ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը ՌԴ օդային տարածքում վնասվել էր ռուսական հակաօդային պաշտպանության հրթիռների բեկորներից, որից հետո վթարային վայրէջքի փորձ կատարելիս կործանվել ղազախական Ակտաու քաղաքի մերձակայքում։ Ավիաաղետի հետևանքով ինքնաթիռում գտնվող 67 ուղևորներից զոհվել էր 38-ը, ևս 29-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։

Միջադեպը հանգեցրեց սուր ճգնաժամի Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում։ Ռուսական կողմը սկզբնական շրջանում հերքում էր իր մեղքը, մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիևն ուղղակիորեն մեղադրեց Ռուսաստանին՝ պահանջելով պատշաճ հետաքննություն, մեղավորների պատժում և փոխհատուցում։ Երկկողմ հարաբերությունների վատթարացման ֆոնին Ադրբեջանը փակեց Բաքվում գործող «Ռուսական տունը», ինչպես նաև կալանավորեց Sputnik Ադրբեջան-ի մի շարք աշխատակիցների՝ լրտեսության մեղադրանքներով։ 

Դրան զուգահեռ Ռուսաստանում սկսվեցին ճնշումներ էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ։ Ամիսներ անց գրանցվեց արյունալի միջադեպ: 2025 թ. հունիսի 27-ին Եկատերինբուրգում ՌԴ իրավապահների գործողության ընթացքում զոհվեցին ծագումով ադրբեջանցի երկու եղբայրներ, որոնք, ըստ ՌԴ իրավապահների, մեղադրվում էին «2000-ականների սկզբին կատարված սպանությունների համար»։ Բաքուն մեղադրեց Մոսկվային այդ երկու ադրբեջանցիների սպանության մեջ, որն էլ ավելի սրեց ինքնաթիռի խոցման հետևանքով առան այն էլ լարված հարաբերությունները: 

Ուշագրավ է, սակայն, որ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ տարածած պաշտոնական այս հայտարարության մեջ խոսվում է միայն ինքնաթիռի վթարի փոխհատուցման մասին և հիշատակում չկա դիվանագիտական առճակատման ֆոնին երկու երկրներում իրականացված աղմկահարույց ձերբակալությունների ու այդ անձանց հետագա ճակատագրի վերաբերյալ։

Կազմակերպություն

Իրադարձություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում