Կառավարությունն ապրիլի 18-ի նիստին նախատեսում է գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ին տրամադրված արտոնության որոշման մեջ լրացում կատարել ու ավելացնել մաքսատուրքից ազատման սահմանաչափը։ Այս որոշումը ներառված է ՀՀ կառավարության նիստի օրակարգում։
2025-ի դեկտեմբերի 11-ին գործադիրը բավարարել էր գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Ալեքս տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը:
«Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հագուստի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում։ Ընկերությունը հիմնադրվել է 2014-ին։
Որոշման մեջ նշվում է, որ ներկայում անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 276 մլն դրամի հումք՝ առաջիկա արտադրական գործընթացի բնականոն ընթացքը չխաթարելու համար։
«Իրականացվող լրացումների արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 1,6 մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 123,4 մլն դրամ»,- նշված է որոշման մեջ։
Ըստ կառավարության հիմնավորման՝ «արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք՝ նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար»:
«Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի բաժնետերերն են Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, և դուստրը՝ Աստղիկ Ալեքսանյանը, վերջինս ընկերության իրական շահառուն է և շուրջ 90 տոկոս բաժնեմասերի հիմնական տերը։ Ընկերության կապիտալը 2023-ի վերջի դրությամբ կազմել է ավելի քան 308 մլն դրամ։
Սամվել Ալեքսանյանն օրերս մի խումբ գործարարների կազմում հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Գևորգ Թոսունյան











