Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն Հայաստան կուղարկի նոր առաքելություն՝ երկու տարով

ԵՄ-ն Հայաստան կուղարկի նոր առաքելություն՝ երկու տարով

Լուսինե Վարդանյան, Բրյուսել

Եվրամիության նոր առաքելությունը Հայաստանում չի ունենա նույն բնույթը, ինչ ընտրություններին ընդառաջ Հայաստան ուղարկվող հիբրիդային արագ արձագանքման թիմը. այսպես է մեկնաբանում ՍիվիլՆեթի բրյուսելյան աղբյուրը Հայաստանում ԵՄ նոր առաքելություն տեղակայելու մասին տեղեկությունը։ Արդյոք Հայաստանը դիմե՞լ է այս առաքելության համար՝ ՍիվիլՆեթի աղբյուրը չի մեկնաբանում, բայց նշում է, որ Եվրամիությունն առանց դիմումի առաքելություններ չի ուղարկում։ Ակնկալվում է, որ ԵՄ նոր խումբը Հայաստանում տեղակայվելու է երկու տարով, ունենալու է 20-30 միջազգային աշխատակից և գործելու է «Եվրամիության գործընկերության առաքելություն» անվանման ներքո։ 

Ապրիլի 15-ին «Ազատություն» ռադիոկայանը հրապարակել էր տեղեկություն, որ Եվրամիությունը Հայաստան կուղարկի քաղաքացիական նոր առաքելություն։ Այս լուրի պաշտոնական հայտարարությունը, հավանաբար, կլինի ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովին, բայց հաջորդ շաբաթ՝ ԵՄ արտգործնախարարների նիստում, քննարկումներ կլինեն։

2022-ի սեպտեմբերին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո ԵՄ-ն որոշում ընդունեց դիտորդներ ուղարկել Հայաստան՝ տեղակայելու Ադրբեջանի սահմանի երկայնքով։ ԵՄ դիտորդները Հայաստան ժամանեցին 2023-ի փետրվարին։ Նախապես նրանց թիվը 100-ն էր, հետագայում այն կրկնապատկվեց։

2025-ի հունվարին ընդունված որոշմամբ եվրոպացի դիտորդների առաքելությունը երկարաձգվեց ևս երկու տարով՝ մինչև 2027-ի փետրվարի 19-ը։ 

Քաղաքացիական առաքելության հիմնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ հայկական կողմում իրավիճակի դիտարկումն ու հաշվետվությունների պատրաստումն է։ Առաքելությունն իր գործառույթներն իրականացնում է Ջերմուկի, Գորիսի, Կապանի, Մարտունու և Իջևանի օպերատիվ բազաների միջոցով։ Առաքելությունը բազմիցս քննադատվել է Ադրբեջանի կողմից՝ որակվելով որպես «լրտեսական»։ 

Բրյուսելից ասում են, որ նոր առաքելությունը բացառապես հիբրիդային բնույթի վտանգների չեզոքացմանն է ծառայելու։ Ազատություն ռադիոկայանն անդրդադարձել էր նաև այս կետին՝ նշելով, որ փաստաթղթերից մեկը հանձնարարում է Արտաքին հարաբերությունների ծառայությանը «շարունակել քննարկումներն Ադրբեջանի հետ՝ ԵՄ աջակցության նպատակը բացատրելու, խաղաղության գործընթացի վրա հնարավոր բացասական ազդեցությունից խուսափելու համար»։

Մեկ ամիս առաջ՝ մարտի 16-ին, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարեց ընտրություններից առաջ Հայաստան հիբրիդային արագ արձագանքման թիմ ուղարկելու մասին։ Նշվում էր, որ առաքելությունը Հայաստանում 10-15 օր կանցկացնի: Խումբը պիտի օգնի, որպեսզի Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Անվտանգության խորհրդի գրասենյակը «կիբերհարձակումների ու օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների իրավիճակներում այդ ճգնաժամերը կառավարելու պլան և կարգավորումներ մշակեն»։ Ժամանակավոր այս խմբի ժամանման մասին հրապարակային տիրույթում որևէ տեղեկություն չկա։

Ակնկալվում է, որ ԵՄ նոր խումբը Հայաստանում տեղակայվելու է երկու տարով, ունենալու է 20-30 միջազգային աշխատակից և գործելու է «Եվրամիության գործընկերության առաքելություն» անվանման ներքո։ Նշվում է, որ այն բաց է լինելու նաև երրորդ երկրների համար, եթե և երբ Բրյուսելը նրանց հետ համաձայնության հասնի այդ ուղղությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում